«Նոր Հայաստան» և «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունների առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է այս տարվա հունիսի 20-ին․ դրան նախորդող երկու կիրակի օրերին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը զրպարտող և վիրավորական հաղորդումներ է պատրաստել վերջինիս դեմ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով հայց է ներկայացրել ընդդեմ հաղորդման վարող Վահե Ղազարյանի և տեսանյութի հեղինակ Նելլի Հարությունյանի։
Փաստաբանը նշել է, որ դա ժամանակագրական համընկնում չէ, այլ հեռուստաընկերությունը պատրաստում էր հանրությանն ղարաբաղյան պատերազմի վետերանի ձերբակալմանը։ Սեֆիլյանը դրամական փոխհատուցում չի պահանջնում, այլ ուզում է, որպեսզի իր հասցեին սուտ և վիրավորական տեղեկություններ հեռարձակելու համար վերոնշյալ անձինք ներողություն խնդրեն։
Հունիսի 12-ին հեռարձակված «Սուր անկյուն»֊ի ընթացքում ասվել է, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը վիրավոր զինվորին թողել է մարտի դաշտում։
«Զինվորներից մեկը զոհվում է, մեկ ուրիշը՝ ծանր վիրավորվում, ունենալով ընդամենը երկու ձի, երկար բարակ մտածում են, թե ում տեղափոխեն։ Վերջում որոշում է կայացվում, թե մեկով պետք է տեղափոխվի զոհվածը, մյուսով՝ Սեֆիլյանը։ Արնաշաղախ զինվորը, մոտ երեք օր սողալով, մի կերպ հասել է Մատաղիս։ Իրոք որ, հրամանատար էլ կա, հրամանատար էլ», ֊ ասում է հաղորդավարը և ավելացնում, որ «հետաքննության» երկրորդ մասը կհեռարձակվի հաջորդ կիրակի՝ հունիսի 19-ին։
Այս գործով երեկ դատական նիստի ժամանակ «Արմենիայի» ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանն ասել է, որ հաղորդման մեջ հենց Սեֆիլյանին ուղղված վիրավորանք չի եղել։ Սա, քաղբանտարկյալի ներկայացուցչի խոսքով, դեմագոգիա է։ Հայրապետյանն ընդգծել է, որ «Արմենիայի» պաշտպանը դատական նիստի ժամանակ փորձել է թաքցնել, որ իրենք ստացել են Սեֆիլյանի պատասխան տեսանյութը, որում տվյալ մարտին մասնակցած մարդիկ իրենց կարծիքն են հայտնում դեպքի մասին։ Այդ պատասխանից հետո, ըստ փաստաբանի, «Սուր Անկյունը» չի ցուցադրել պատրաստված մյուս վիրավորական տեսանյութերը, որոնք պետք է հեռարձակվեին հունիսի 19֊ին։
Հիշեցնենք, որ հայաստանյան իշխանությունների քննադատելու համար բազմիցս անազատության մեջ հայտնված Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին։ ՀՀ քննչական կոմիտեի սարքաց գործում ասվում է, որ Սեֆիլյանը «մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը»։ Ինքը՝ Սեֆիլյանը, ինչպես նաև «Նոր Հայաստան» շարժումը, մի շարք այլ նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում են որակում։