«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով: Այս մասին գրում է Գլխավոր դատախազությունը։
2017 թվականի Ֆինանսների նախարարությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:
Պարզվել է, նշված է Դատախազության հաղորդման մեջ, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ. 400 մլն. դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:
«Ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս։
Բացի այդ, հեռուստահաղորդումների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում, տեխնիկայի տրամադրում չնախատեսելու պայմաններում, ՓԲԸ-ն 2 դեպքում երրորդ անձանց հետ կնքել է տեխնիկայի վարձակալության ընդհանուր 30 մլն. 500 հազ. դրամի պայմանագրեր՝ կատարելով չհիմնավորված, հավելյալ ծախսեր:
Հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերը կնքվել են չնայած նրան, որ ՓԲԸ-ն ունեցել է ռեժիսորական, հեռուստաօպերատորական, արտատաղավարային նկարահանումների և լուսային ապահովման բաժիններ՝ համալրված 50-ից ավելի մասնագետներով և հարյուրավոր միավորներ տարբեր անվանումների հեռուստաարտադրության տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:
Մի շարք դեպքերում հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերի կողմեր են հանդիսացել ընկերություններ, որոնց հիմնադիրները եղել են (հետագայում մասնակցությունը դադարեցրել են) ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում կամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում պաշտոն զբաղեցնող անձինք:
Բացի այդ, 2015-2016թթ. թվով 4 շինարարական կազմակերպությունների հետ կնքվել են ընդհանուր շուրջ 471 մլն. 625 հազար դրամի պայմանագրեր, որոնցով կապալառու կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից կազմվել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր՝ կատարողական կամ ընդունման ակտեր, որոնցով ցույց են տրվել ընդհանուր 8 մլն. 800 հազ դրամի շինարարական աշխատանքներ, որոնք վճարվել են, սակայն իրականում չեն կատարվել», -մասնավորապես նշված է Դատախազության հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Նշենք, որ ամիսներ առաջ «Հանրայինը հանրությանը» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է Հանրային հեռուստառադիոընկերության և դրա խորհրդի գործունեությանը վերաբերող տեսանյութ, որում նախաձեռնության անդամները խոսում են անօրինական գործողությունների, օրենքի խախտումների և Հանրայինում տիրող բարքերի մասին։ Նախաձեռնությունը պահանջում է ղեկավար կազմի հրաժարականը։