Երևանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Գործը դատարանում քննվում էր գրեթե 3 տարի՝ 2019 թ․ օգոստոսից։
2019 թ․ մարտի 4-ին Ամիրյան փողոցում «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանին, ով այդ շրջանում սիրում էր կանգնել ԵՊՀ-ի դիմաց և բարձրախոսով հայհոյել երիտասարդներին։ Մալյանին օգնության էին հասել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները․ աղբամանում նա չէր հայտնվել։
Մալյանի բողոքի հիման վրա ի սկզբանե քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով։ Հետագայում նրանց մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու համար:
Ըստ նախաձեռնության անդամների՝ ոստիկանապետի նախկին խորհրդականին առևանգելու միտում իրենք չեն ունեցել, այլ իրականացրել են ակցիա։ Մալյանը տևական ժամանակ սոցցանցերով հայհոյում, վիրավորում էր ուսանողական նախաձեռնության ակտիվիստներին, ինչին ի պատասխան իրավապահ կառույցների անգործության ֆոնին «Ռեստարտ»-ի վերոնշյալ անդամները Մալյանին փորձել էին հուշել իր տեղը։ Ակցիայի կարգախոսն էր՝ «Աղբի տեղն աղբամանում է»։
Մեղադրող դատախազն ավելի վաղ միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբանը դեմ էր անգամ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։
Քրեական գործի պատճառով «Ռեստարտի» տղաների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը․ այս գործի պատճառով նրանցից ոմանք զրկվել էին արտերկրում ուսումը շարունակելու համար մինչ այդ հաստատված կրթաթոշակից։