ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հուլիսի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։
Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն առնչվող հարցեր, հաղորդել է ՀՀ կառավարությունը:
ԱՄՆ պետքարտուղարը Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու այս հարցերի լուծումներին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող: Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, վերահաստատել է խաղաղության օրակարգին գնալու պատրաստակամությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգծին:
Բլինքենը Թվիթերում գրել է, որ լավ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության մասին»:
Բլինքենը ողջունել է Երևանի «դրական քայլերը» ընդառաջ Անկարային և Բաքվին․․․
Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ևս և կոչ է արել զարգացնել հետագա առաջընթացը տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ:
Փաշինյանն ու Բլինքենը անդրադարձել են հայ-թուրքական կարգավորման գործընթացին ևս: Բլինքենը, ողջունելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, նշել է, որ ԱՄՆ պատրաստակամ է աջակցել երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Ամերիկյան Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը վարչապետի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը» և առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը: Բլինքենը խրախուսել է երկխոսությունը կողմերի միջև և ողջունել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում:
Պետքարտուղարը, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, նաև վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին և ընդգծել, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից՝ «ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարատև համապարփակ խաղաղություն»:
Ադրբեջանի նախագահի հետ զրույցում, ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, ԱՄՆ պետքարտուղարի նաև հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»: