Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախաշեմին Ղարաբաղի Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»:
Խորհրդարանի արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ Ղարաբաղի պատգամավորները հռչակել են՝ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում», և շեշտել՝ «Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի»։
Ղարաբաղի ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվել, որին մասնակցել են Արցախի ներկա և նախկին նախագահները: Հայտարարության ընդունումից հետո հանրահավաքին միացել են նաև պատգամավորները։
Խաղաղության պայմանագիր․ «ռուսական առաջարկ»
Ղարաբաղի խորհրդարանի այս հայտարարությունը ընդունվել է Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախաշեմին։
Մինչ այս Ղարաբաղի պաշտոնյաները հայտարարել են, թե Արցախի համար ընդունելի են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները։
Ինչ առաջարկների մասին է խոսքը՝ ստույգ հայտնի չէ։ Հանրայնացված «փաթեթ» չկա։
Ռուսական առաջարկները արձանագրում են, որ կա հակամարտություն, որը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ ապագայում, մինչդեռ արևմտյան փաստաթուղթը զրկում է Ղարաբաղին ինքնորոշման միջազգային իրավունքից և ներկայացնում արցախցիներին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում՝ ավելի վաղ ասել է Ղարաբաղի խորհրդարանի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Արդեն հոկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համարում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, որը, որքան ես գիտեմ, ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանությունը ամբողջ Ղարաբաղի վրա, եթե Հայաստանն այդպես է համարում՝ խնդրեմ․․․ Եթե Հայաստանի ժողովուրդը և իշխանությունը համարում են, որ Ղարաբաղն ունի իր առանձհատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր։ Բայց դա անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ»։
Հայաստանի վարչապետը արձագանքել է՝ Երևանը պատրա՛ստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ։
Հայաստանը, ըստ նրա, դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Ռուսաստանի ներկայացրած՝ հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական սկզբունքների և պարամետրերի շուրջ։ Նախօրեին՝ «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում,
Փաշինյանը վերահաստատել է՝ պատրաստ է հենց Սոչիում էլ այդ փաստաթուղթը ստորագրել․ «Հույս ունեմ՝ Ռուսաստանի Դաշնությունը իր առաջարկությունները կպաշտպանի»։
Չկա վաշինգտոնյան նախագիծ, կան ադրբեջանական առաջարկներ
«Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Ես սա ասում եմ պաշտոնապես։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում։ Աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ ապագա հանդիպմանը կլինի քննարկում։ Հայկական կողմը կներկայացնի իր մոտեցումները, և կլինի քննարկում», – հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը շեշտել է՝ կա նաև ռուսական նախագիծ, Հայաստանը համաձայնել է այդ առաջարկներին, ռուսական կողմը գիտի, որ դրանք ընդունելի են հայկական կողմի ու անընդունելի ադրբեջանական կողմի համար։
Ռուսական առաջարկները չի ընդունում Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ ռուսական առաջարկով ԼՂ-ի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները հետաձգվում են, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրում հատուկ կետով նշվում է դրա մասին։ Փաշինյանն այս մասին պատմել է նաև փորձագիտական համայնքի հետ փակ հանդիպման ընթացքում։
Տիգրան Գրիգորյանի համոզմամբ, ռուսական առաջարկները ավելի լավն են, բայց արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա համոզել Ադրբեջանին ընդունել դրանք։
«Ադրբեջանը երբեք դա չի ընդունելու, որովհետև հայտարարում է՝ հակամարտությունն ավարտված է և Հայաստանի հետ քննարկելու ոչինչ չունի:
Եթե ռուսական կողմը չի կարողանում Բաքվին համոզել, որպեսզի սեփական առաջարկն ընդունելի լինի, անհասկանալի է, թե ինչ պրետենզիաներ ունի Երևանի հանդեպ, որովհետև Ադրբեջանը, մեծ հաշվով, պատերազմի սպառնալիքով ստիպում է Հայաստանին, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի:
Գնդակը ռուսական դաշտում է», – «Ազատության» հետ զրույցում նշել է քաղաքագետը: