Home / Բանակ / Երկու տարի՝ առանց պատերազմի և խաղաղության

Երկու տարի՝ առանց պատերազմի և խաղաղության

Պատմության և աշխարհագրության ոչ մի հետք, որում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, այստեղ էլ չկա։ Լաչինով Ստեփանակերտ տանող ճանապարհը, որն անցնում էր հայկական վերջին` Տեղ գյուղով, փակ է, ռուսական անցակետի հետևից երևում է բուռն շինարարությունը Բաքվի վերահսկողությանն անցած սահմանային Զաբուխում։ Նոր ճանապարհը, որը, շրջանցելով Լաչինը, այժմ Լաչինի միջանցք է ծառայում, ադրբեջանցիները կառուցել են այս կողմերում չտեսնված որակով, ասես իրենց համար։ Ճանապարհամերձ վահանների մոտ, որոնք երեսուն տարի շարունակ ծանուցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու մասին, այսօր սաղավարտով մարդիկ են՝ կանգնած սպիտակ-կապույտ-կարմիր եռագույնի ֆոնին, վրան՝ տարածքի անվանումը՝ «Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։

Թշնամական դրոշի և եղբայրական սվինների ներքո

Երբ երկու տարի էր անցել ոչ թե պարտված, այլ հաղթանակած պատերազմից, ղարաբաղյան ղեկավարները հարցնում էին․ «Դուք իրոք պատկերացնում եք, որ այստեղ երբևէ նորից ադրբեջանական դրոշ կամ զինանիշ կարող է լինե՞լ»։ Հարցը հռետորական էր, զրուցակիցներս չէին թաքցնում չարախնդությունը։ Համարյա երեսուն տարի է անցել, հիմա Մարտակերտի բնակիչը, որը ծնվել է, երբ այս հարցը հնչել էր և արդեն զրկվել իմաստից, բացատրում է․

— Եթե ռուսները գնան, իսկ մեզ թողնեն Ադրբեջանին, ոչ ոք այստեղ չի մնա։

— Իսկ եթե ինչ-որ ձև պայմանավորվե՞ն։ Օրինակ, որ 88-ից առաջվա, սովետական ժամանակների, ԼՂԻՄ-ի պես լինի։

— Դե․․․ Երևի ուրիշ բան․․․ Կարծում եք՝ կպայմանավորվե՞ն։

Զրուցակիցս ժպտում է, չի սպասում պատասխանի, որը ոչ ոք չունի, ուղղակի գիտի, որ 88-ից հետո ոչ մի բանի շուրջ չի ստացվել պայմանավորվել․․․

Պատերազմից երկու տարի անց ընդունված է համեմատել այն, ինչ կա, նրա հետ, ինչ եղել է։ Բայց այս երկու տարիների գլխավոր ճշմարտությունն այն է, որ համեմատելու բան չի մնացել։ Խանձված հող է՝ ոչ միային հողի վրա, այլև պատկերացումներում, թե ինչ է լինել այս հողի հետ հետագայում․ արդյո՞ք ստիպված ենք լինելու գնալ և ինչպե՞ս է հնարավոր մնալ, թեկուզ ադրբեջանական դրոշի ներքո։ Եվ Ղարաբաղի անկախության համար հանրահավաքին մասնակցում է գրեթե ողջ Ղարաբաղը, չնայած արդեն պարզ է՝ էլ ի՞նչ անկախություն։ Միայն խաղաղապահներ, որոնք նույնպես, եթե բան պատահի, չեն փրկի։

Մեծ ճանապարհի սկիզբը

Զինադադարի երկամյա տարելիցի նախաշեմին տեղի ունեցած՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման մամլո հաղորդագրությունը ավելի աղոտ էր, քան Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հայտարարությունը մոսկովյան հանդիպումից հետո։ Քանի որ ղարաբաղյան սյուժեում լավատեսության առիթներ գրեթե չեն լինում, կա գայթակղություն այս լակոնիկության մեջ հուսադրող բան տեսնելու․ եթե անբան ասելիք չկա, ուրեմն աշխատանք է ընթանում։ Բացի այդ, կոմյունիկեի մեջ ուշագրավ մի ձևակերպում կար․ «Կողմերը վերահաստատել են Պրահայում հոկտեմբերի 6-ին և Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հանդիպումներում ստանձնած հանձնառությունները»։ Սոչիում, արժի հիշեցնել, կողմերը, իրենց հերթին, վերահաստատել էին 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացման վերաբերյալ պայմանավորվածությունը, որը գիծ քաշեց ԽՍՀՄ պատմության մեջ՝ համապատասխանաբար հաստատելով այդ պատմությունից ժառանգված սահմանները։ Եվ նույնիսկ Մարիա Զախարովան առաջին անգամ, եթե խոսել ագն-ական լեզվով, ոչինչ չասեց կարգավորման գործընթացին խառնվելու Արևմուտքի ցինիկ փորձերի մասին, հակառակը՝ գնահատեց նրա ջանքերը հասանելի ողջ հարգանքով։

Կարգավորման գաղափարները այնքան շատ չեն, որ հերիքեն խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակների համար։ Եթե անգամ հնարավոր լիներ խոսել Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև մրցակցության մասին, առավելագույնը՝ թե ո՞ւմ գրիչով է ստորագրվելու պայմանագիրը, և ինչ հրաշալին կլիներ աշխարհը, եթե ամեն բան հանգեր հենց այս մրցակցությանը։

Ղարաբաղը գուցե վերջին տեղն է երկրագնդի վրա, որտեղ Մոսկվան և Արևմուտքը կիսելու բան չունեն։ Եթե լինեին գոնե մի քիչ լուրջ հակասություններ, դրանք, միգուցե, նույնիսկ օգուտ բերեին․ ի վերջո, միայն դա կարող էր աշխուժացնել այդքան շուտ պառաված ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ավաղ՝ չկան, և համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, համերաշխորեն, ձեռք ձեռքի տված զբաղված էին միայն ստատուս քվոյի պահպանությամբ, և իրենց մեղքով չէ, որ անգամ դա չհաջողվեց։ Նույնիսկ հիմա գլոբալ կատակլիզմներից ոչ մեկը ի զորու չէ փոխել իրերի այս դրությունը․ վարկածները, թե Արևմուտքը դուրս է մղում Ռուսաստանին կարգավորման գործընթացից, ակնհայտորեն դրամատիզացված են։

Արևմուտքի համար (տարբերությունները եվրոպացիների և ամերիկացիների մոտեցումներում այնքան աննշան են, որ հազիվ թե խանգարեն նրանց այս կոնտեքստում հավաքական Արևմուտք համարել) կարգավորմանը մասնակցելը մասամբ ռեպուտացիոն բնույթի միջոցառում է, բայց կարևորը, հավանաբար, դա չէ։ Այն, ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ, ինչ-որ իմաստով բացահայտեց ղարաբաղյան հակամարտությունը աշխարհին, որը մինչ այդ բոլորովին անտարբեր էր։ Պատերազմը հակամարտության մեջ ներքաշեց նոր ուժերի, որոնք՝ նույն Թուրքիան և Իրանը, մինչ այդ էլ ներքաշված էին, բայց այլևս չէին կարող մնալ նախկին պրոստրացիայի մեջ։ Ուստի՝ այդքան էլ ճիշտ չէ խոսել Ռուսաստանի արտամղման մասին․ Ռուսաստանը որտեղ կար, այնտեղ էլ մնում է։ Բայց կարգավորման աշխարհաքաղաքական ընդլայնման հաշվին նոր որմնախորշեր են բացվել, որոնք դեռ երեկ անհետաքրքիր էին և հետևաբար՝ ազատ, իսկ այսօր չեն կարող չլցվել։ Բոլորն էլ հասկանում են, որ հայ-ադրբեջանական կարգավորումը, գուցե, միջանկյալ ֆինալ է Բաքվի ու Երևանի համար։ Մնացած բոլոր շահագրգիռ կողմերի համար այն հավանական սկիզբն է բոլորովին նոր, մեծ ճանապարհի, որը կանցնի աշխարհի համար բացված այս տարածքով։

Ուստի՝ Ղարաբաղը և ղարաբաղցիները աշխարհի համար, իհարկե, կարևոր են։ Բայց ինչպես ասում էր Ռոնալդ Ռեյգանը պատերազմի և խաղաղության մասին՝ կան ավելի կարևոր բաներ։

Ոչ Ղարաբաղ է, ոչ Արցախ, ուղղակի՝ է

Սա հատկապես իրավացի է Մոսկվայի պարագայում։ Ղարաբաղյան հակամարտությունը, առհասարակ՝ Երևանի և Բաքվի միջև դիմակայությունը Մոսկվայի համար միշտ գործիքային բնույթ է կրել։ Հետխորհրդային ողջ շրջանում Կրեմլի առաջնային նպատակը Բաքվի կամ Երևանի նկատմամբ վերահսկողությունը չի եղել բնավ։ Նույնիսկ եթե այդպես լիներ, միևնույնն է՝ շատ ավելի հարմար էր դրան հասնել ոչ թե բաժանելու և տիրելու՝ բավական հոգսաշատ և անեկամտաբեր միջոցառման, այլ կոմունիկացիոն խաչմերուկում կառավարման վերահսկիչ փաթեթը ստանալու միջոցով։ Այդ խաչմերուկում են հանդիպում միաժամանակ չորս երկրներ, որոնցից երկուսը տարածաշրջանային առաջատար խաղացողներ են։ Դրա կառավարումը՝ նույնիսկ, ինչպես ի վերջո ստացվեց, Թուրքիայի հետ փայատիրությամբ, այնքան շահավետ է, որ ՀԱՊԿ-ի պես քաշլից կոնստրուկցիաները, որոնք մինչ այս ծառայում էին որպես քողարկում՝ «Կայսրության վերածնունդ» աշխատանքային անվանմամբ, որոշ անհարմարությունների աղբյուր դարձան։ Բարձր վստահություն ցուցաբերելով Բելառուսի նախագահի նկատմամբ, որը Նիկոլ Փաշինյանին հասցրեց մարտական եղբայրության նպատակների և խնդիրների մասին այս տհաճ ճշմարտությունը, Մոսկվան վերջնականապես թոթափեց ղարաբաղյան կարգավորման նախկին ոճի մոխիրը։

Նրա համար մեկ նպատակն այս գործում հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Ճնշման և առևտրի գործիքը, ինչպես արդեն ասվեց՝ Ղարաբաղը և դրա կարգավիճակը։

Բաքվի դիսպոզիցիան չնայած նման է, բայց և ուրիշ է։ Հաղորդակցությունները ևս առաջնային են, այդ թվում՝ որպես հաղթանակի պտուղ։ Բայց հաջողության ոչ պակաս կարևոր նշան պետք է դառնա ադրբեջանը դրոշը Ղարաբաղի գլխին, որը արդեն Ղարաբաղ էլ չի, այլ՝ ադրբեջանական շրջան։ Հաղթաթուղթը հերթական հարձակման սպառնալիքն է։ Լինի դա Հայաստանի հետ չսահմանազատված սահմանին թե ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում, որը չի էլ վերահսկվում նրանց կողմից, ինչպես եղավ այս տարվա ամռանը։

Հայաստանի խաղաթղթերն ավելի փոքր են, պահանջները՝ ավելի համեստ։ Ինչպես ֆրանսիական Դիրեկտորիայի անդամ Էմանուել Սիյեսինը, որը հարցին՝ ինչ էր անում խռովալից ժամանակներում, պատասխանում էր․ «Ողջ էի մնում»։ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ՝ ողջ մնալու նպատակով, թեստային ռեժիմում կոչ արեց հայրենակիցներին իջեցնել Ղարաբաղի հարցում սպասելիքների նշաձողը։ Ու չնայած ընդդիմության հանդեսներն այն ժամանակ ոչ ոքի չտպավորեցին, հայաստանյան իշխանությունն առանց այդ էլ իրեն անվստահ զգալու բազում հիմքեր ունի։ Բացի այդ, ընդդիմադիր ակտիվության հաջորդ նոպան ամենակումուլյատիվ կերպով կարող է համընկնել Մոսկվայի հերթական ճնշման հետ։ Ուստի՝ երբ Մոսկվան առաջարկեց մի կողմ դնել Ղարաբաղի հանձնումը, Երևանը ընտրելու բան չուներ։

Մյուս կողմից, Հայաստանին, ընդ որում՝ տառացիորեն աշխարհագրական իմաստով, փորձարկում են «Զանգեզուրյան միջանցքով»։ Բաքուն դրա համար Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ է պահանջում, այսինքն՝ ռուսական վերահսկողություն առանց սահմանա-մաքսային ձևականությունների։ Այս պահանջը հաղթողի կեղծավորության և կապրիզի ակնհայտ խառնուրդ է․ ճանապարհները սկզբունքորեն հավասարազոր չեն։ Եթե դեպի Նախիջևան և Թուրքիա մայրուղին հնարավոր մասն է ապագայի մեծ լոգիստիկ հաբի՝ նվազագույնը տարածաշրջանային նշանակության, ապա Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ՝ բարակող անոթ Հայաստանի և Ղարաբաղի միջև։

Բաքվի հետ բանավեճում Երևանը փորձում է իր կողմը քաշել Իրանին․ հրապարակային հայտարարությունների մակարդակում Թեհրանը լիակատար ըմբռնում է դրսևորում՝ ահեղաբար զգուշացնելով սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին և ոչ երկիմաստ ռազմական մանյովրեր կազմակերպելով Ադրբեջանի հետ սահմանին։ Միաժամանակ Իրանը Բաքվի հետ բարեկամաբար բանակցում է իր տարածքով Զանգեզուրյանին այլընտրանքային տրանսպորտային համակարգ կառուցելու շուրջ։ Փորձագետները, ճիշտ է, այս կապակցությամբ համակված են տնտեսական սկեպսիսով, բայց, ի վերջո, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էլ էր ժամանակին այլընտրանք համարվում՝ Հայաստանի տարածքով անցնող շատ ավելի արդյունավետ երթուղուն։ Եթե իրանական նախագիծը, այնուամենայնիվ, հաջողության հասնի, Հայաստանը կատաստրոֆիկ կերպով ստիպված կլինի մոռանալ նաև Լաչինի միջանցքի մասին։

Վարդանյանն է գալիս

Այսպիսին են կողմերի դիրքորոշումները։ Կա նաև եռակողմ հայտարարությունը, որն այս տարի նշում էր իր երկրորդ տարեդարձը․․․ Ոչ ոք մեղավոր չէ, որ այս հայտարարությունը, որի սերմյագե էությունը զինադադարն էր, բեռնված էր խաղաղության պայմանագրին բնորոշ բովանդակությամբ։ Ուստի՝ տարընթերցումների տեղիք են տալիս ոչ միայն դրա առանձին դրույթները, այլև ժանրն ինքնին։

Բաքուն հաղթական կերպով այն տեսնում է որպես փաստաթուղթ, որը դրդում է մեծագործությունների և հաստատում հաղթողի իր իրավունքը։ Երևանի համար կարևոր է աղետալի պատերազմի դադարի արձանագրումը, այսինքն՝ այն նույն ստատուս-քվոն, որը, որքան էլ ողբերգական լինի, միևնույնն է ցանկացած դինամիկայից լավ է։ Այս տարաձայնության մեջ է հետպատերազմական կարգավորման հակասությունների ողջ լեյտմոտիվը․ բոլոր մասնակիցները իրենց շանսն են փնտրում։

Մոսկվան առաջարկում է Երևանին ժամանակ ձգել Ղարաբաղի հարցում, փոխարենը՝ պահանջում մեղմացնել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում իր դիրքորոշումը, որը հետագայում հնարավոր կլինի վաճառել Բաքվին՝ Ղարաբաղի հարցում փոխզիջման դիմաց։

Մեծ հաշվով, Երևանի համար ճանապարհը նույնքան երկրորդական է, որքան մնացած բոլորի համար՝ Ղարաբաղը։ Խոսակցությունները, թե ցանկացած օտարերկրյա վերահսկողություն հայկական տարածքի մի մասի օտարում է նշանակում, այդքան էլ համոզիչ չեն․ այս անախորժությունը լուծելու հարցը ոչ այնքան քաղաքական է, որքան տեխնիկական։ Այսինքն՝ առավել քան հավանական է, որ այն, ինչ թաքնված է «միջանցքի» մասին դրույթի հետևում, պահանջների մի փաթեթ է․ ճանապարհը դրա մի մասն է միայն։ Էլ ի՞նչ կա։ Օրինակ՝ Հայաստանի տարածքում նախկին ադրբեջանական անկլավների հարցը։ Եթե դրանք վերադարձվեն Ադրբեջանին, զգալի հայկական տարածքներ կարող են հայտնվել շրջափակման մեջ՝ ավելի լուրջ, քան «միջանցքի» պարագայում։

Մի խոսքով՝ որ թելից էլ քաշես, նոր հանգույց է ստացվում։ Երևանին մնում է ժամանակ ձգել, բայց այստեղ էլ շատ տարվել չի կարելի․ հաղթողի գլխավոր խաղաքարտը Բաքվի ձեռքում է, ինչի մասին Ալիևը, թափահարելով բռունցքը, հիշեցնում է՝ հերթական կարմիր ժապավենը կտրելիս և հաղթանակի հերթական տարելիցը նշելիս։ Ճիշտ է՝ ստիպված լինելով զսպվածություն ցուցարբերել և հաշվի առնել և՛ Մոսկվային, և՛ Անակարային, և նրանց հատուկ հարաբերությունները, որոնք չեն ենթադրում բրուտալ շարունակություն՝ հղի վտանգով, որ նրանք կարող են հայտնվել որևէ ռազմաճակատի տարբեր կողմերում։

Ստացվում է, որ եթե ինչ-որ բանից պետք է սկսել, բոլորի համար, այս կամ այն չափով, այդ ինչ-որ բանը Ղարաբաղն է։ Այն Ղարաբաղը, որը բոլորի համար, ղարաբաղցիներից բացի, երկրորդական է և գործիքային։ Ղարաբաղի համար որևէ մոդել այս կառուցվածքում չկա, և դա հասկանում են բոլորը։ Ուստի՝ կարելի փորձել գոնե ինչ-որ պալիատիվ գտնել։ Գուցե դա է պատճառը, որ Ստեփանակերտ է գործուղվում Ռուբեն Վարդանյանը, և եթե այս վարկածը ճիշտ է՝ սրա համար Մոսկվան պետք է Բաքվի համապատասխան համաձայնությունը ստանար։ Այդ ժամանակ, գուցե, հասկանալի է, թե ղարաբաղյան առաջնորդների հետ ինչ բանակցությունների մասին էր խոսում Իլհամ Ալիևը Պրահայում։ Բանաձևը, որն առաջարկվեց հենց Վարդանյանի կողմից՝ «կողք կողքի, բայց ոչ միասին», պետք է նշանավորի Ստեփանակերտի գլխին ադրբեջանական դրոշի պահանջվող մոդելը՝ պայմաններում, երբ հայկական բոլոր ենթակառուցվածքները՝ գազը, լույսը, ինտերնետը և այլն, փոխարինված են ադրբեջանականով։

Կառուցվածքը խախուտ տեսք ունի՝ ինչպես բոլոր համեմատությունները, այդ թվում՝ ուշ խորհրդային ԼՂԻՄ-ի հետ։ Ղարաբաղի բնակիչների թեկուզ մի մասի դուրս գալը կարող է աղետ դառնալ նաև Փաշինյանի համար։ Եվ ղարաբաղցիները՝ հույսը դնելով ոչ թե Երևանի, այլ միայն Մոսկվայի և հրաշքի վրա, ամբողջական կազմով հավաքվում են հանրահավաքի, որ Ադրբեջանին ասեն իրենց՝ երեսուն տարվա ընթացքում մոռացված և հուսահատ «ոչ»-ը։ Բայց եթե հանկարծ ստիպված լինեն կայացնել ամենակարևոր որոշումը, վճռական կլինի շատ բան, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ այն խոսքերը, որոնք հնչում էին այդ հանրահավաքին։

Վադիմ Դուբնով
ռուսերեն բնագիրը՝ «Էխո Կավկազա»-ում