Ադրբեջանի նախագահը փորձում է պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին, բայց Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթը փաստում է տրամագծորեն հակառակը՝ Կառավարության այսօրվա նիտսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության համար»։
Մեջբերումներ Փաշինյանի ելույթից․
— Ալիևի հայտարարությունները հնչում էին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը․․․ Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտում է հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառոււմից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։
Ի հեճուկս Սոչիի (հոկտեմբերի 31) և Պրահայի (հոկտեմբերի 6) հայտարարությունների, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով։
Խրոնիկ խախտումներ
— Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն։
2020թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ․-ի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «Օպերացիա Փառուխ»։
Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Այս պնդումն ինքնին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։
Ղարաբաղի հայեր
— Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում։
Զուգահեռաբար Արդբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ, և հայտարարվում է, թե Ղարաբաղի հայերը իրենց քաղաքացիներն են, նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ-ի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով․․․
Ադրբեջանը խոչընդոտում է նաև ՄԱԿ-ի, փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մուտքը ԼՂ։
Ռուս խաղաղապահներ
— [Ղարաբաղը հայաթափելու] մտադրությունը արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում։
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապաները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները։
Լաչինի միջանցք, «Զանգեզուրի միջանցք»
— Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև, հակասում են եռակողմ հայտարարությանը։
Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել՝ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու համար։
Մինչդեռ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում։
Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք․․․ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կմ լայնությամբ տարածք։ 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա և խոսք է գնում տրանսպորտային հաղորդակցության մասին։
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ 9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի նոյեմբերի 10-ի՝ ԼՂ-ում խաղաղության ապահովման մասին թիվ 695 հրամանագրի երրորդ կետով, որտեղ ասվում է՝ «ՌԴ ԱԴԾ-ին․ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»։ Մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել։ Խոսքը պայմանավորվածությունների (և հայտարարությունից բացի որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել) կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է։
Ադրբեջանը ճանապարհ չի ուզում
— 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։
Հայաստանը մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է [Ադրբեջանի և Նախիջևանի միջև] նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծելու մասին․․․ Այդ որոշումը չի ընդունվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։
․․․Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք այդ հսկիչ անցակետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից։
Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, ՀՀ-ն նման պարտավորություն 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում, և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Համաձայնությունը չի կայանում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ։
Ալիևն է դրժել երկաթգծի բացման պայմանավորվածությունը
— Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել։ Ըստ այդմ, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան։
Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ ․․․Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը։ ․․․Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել, և ընդ որում՝ մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք։
Արձանագրումներ
— Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում։
— Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020թ․-ի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ։
— Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021թ․-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա։
— Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր տարածքներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում։
«նվիրված խաղաղության օրակարգին»
— Հայաստանը հավատարիմ է ձեռք բերված բոլոր պարտավորություններին, մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնեքելու համար։ Իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին։