Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
Ելույթի առանցքային հատվածները ստորև․
խաղաղության պայմանագիր
Հայաստանը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակային մոդելին, որով կարձանագրվի համաձայնությունների շրջանակը` առանց շատ մեծ կոնկրետությունների: Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի մյուս տարբերակը դետալացված մոտեցումն է, այնուամենայնիվ «եթե փորձենք շատ դետալացված հարցեր լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ»։
Անդրադառնալով խնդրին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ սահմանագծման և սահմանազատման գործընթացներն ավարտված պետք է լինեն, վարչապետը նշել է, թե ըմբռնում կա, որ դա, գուցե, իրատեսական չէ։
Փաշինյանն առաջարկում է վերցնել 1990 թվականի քարտեզները, իրականացնել զորքերի հայելային հետաքաշում, ստեղծել մոնիտորինգի մեխանիզմ, ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը ու հանգիստ պայմաններում գնալ սահմանազատման։
բանակցությունների զարգացումները
Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները, հիշեցրել է Փաշինյանը։
«Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ», – ասել է նա։
Վարչապետը ընդգծել է՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։
«Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշմանը։ Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն մեր այս դիրքորոշումը նույնպես կպաշտպանի։ Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, մեր մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք: Հույս ունեմ, որ Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք», – նշել է Փաշինյանը:
«Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը՝ ինչ է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակի, ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»։
ռուսական առաջարկներ ու ընդդիմություն
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով իշխանության արձանագրումները, դիրքորոշումները կոնկրետ չեն, խուսափողական են՝ Փաշինյանը նշել է, որ, եթե այդ գնահատականն ինքը կարող էր հասկանալ ընդամենը 1-1,5 ամիս առաջ, այսօր չի կարող դա ընդունել և ընկալել:
«Խոսակցությունը նրա մասին էր, թե Հայաստանի կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ի առաջարկների վերաբերյալ: Այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգել: Այն ժամանակ, երբ այդ հարցադրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, կառավարությունը իհարկե շատ արագ արձագանքեց, բայց և ընդդիմության դաշտում, և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021-ի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով», – ասել է Փաշինյանը:
Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ Հայաստանը պետք է մերժի ՌԴ-ի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն, ասել է վարչապետը։