Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
թարմացում․ Քննչական կոմիտեի նախնական տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը։
մեղադրանքներ
Նախօրեին՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության օրը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ գիշերն ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի ուղղությամբ։ Թիրախում են եղել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերը։ Առավոտյան իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Թե կոնկրետ ո՞ր հատվածում է խախտվել հրադադարի ռեժիմը՝ ՊՆ-ից չեն նշել։
Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի զինված ուժերը Գեղարքունիքի և Տավուշի հատվածներից գնդակոծել են Քելբաջարի և Թովուզի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իսկ Ղարաբաղի ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Մարտունու շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ղարաբաղի Պաշտպանության բանակը սա հերթական ապատեղեկատվությունն էր որակել։ ԼՂ արտգործնախարար Դավիթ Բաբայանը սա սադրանք էր համարել․ «Ի՞նչ անենք, տեռոր է տեղեկատվական»։
Սահմանի արևելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների մասին Երևանը հայտնել էր նաև նոյեմբերի 7-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդել էր, թե հայկական զինված ուժերն են գնդակոծել Քելբաջարի շրջանում ադրբեջանական զինուժի դիրքերը։
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո է՛լ փոխադարձ մեղադրանքները պարբերական բնույթ են կրում։ Հայկական կողմը արդեն երկրորդ վիրավորի մասին է հաղորդում․ սահմանին հայ զինծառայող էր վիրավորվել նաև սեպտեմբերի 21-ին։