Home / Բանակ / Սահման, ապառազմականացում և այլն․ Փաշինյանը՝ ամեն ինչի մասին

Սահման, ապառազմականացում և այլն․ Փաշինյանը՝ ամեն ինչի մասին

Նոյեմբերի 11-ին՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Հայաստանի վարչապետը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և ապառազմականացման առաջարկների, խաղաղության պայմանագրի տարբերակների, հայ-թուրքական հարաբերությունների և ռուս խաղապահների ներկայացրած երաշխիքների մասին։ 

Հարցազրույցի առանցքային հատվածները՝ ստորև․

սահման

Հարցին, թե ինչո՞ւ Պրահայի քառակողմ հայտարարությունում հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են և պետք է ազատեն այն, Փաշինյանն պատասխանել է․

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը։ Այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Եթե ճանաչում է [այդ սահմանը], ուրեմն՝ պետք է դուրս գա այդ տարածքներից, հատկապես, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»:

Վարչապետի խոսքով՝ հենց այս համատեքստում է տեղի ունեցել ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը․ եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, դիտորդական առաքելությունը չէր տեղակայվի:

ապառազմականացում

Հայաստանը, ըստ Փաշինյանի, սահմանն ապառազմականացնելու առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին:

«Մենք արել ենք նույն առաջարկը, ինչ արել ենք 2020 թվականին: Այս անգամ՝ ավելի մանրամասն։ Եթե մենք ընդունում ենք 1991 թվականի սահմանագիծը, իսկ հիմա, ինչպես արձանագրվել է Պրահայում և Սոչիում, մենք ընդունում ենք այն, ուրեմն պետք է փոխադարձաբար զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն՝ այդ գծից այն կողմ Հայաստանը զորք պետք է չունենա, այդ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է ամբողջությամբ այդ 3 կմ գոտուց դուրս բերվեն, այդ հատվածի պահպանությունը պետք է հանձնվի սահմանապահ զորքերին՝  Հայաստանի և Ադրբեջանի կողմից»:

մոնիթորինգ

«Սահմանին պետք է միջազգային մոնիթորինգ իրականացվի: Եթե զորքերը հետ են քաշվում՝ նաև մեր կողմից, պաշտպանական գիծը ըստ էության խախտվում է: Եթե մենք չենք ստեղծում երաշխիքներ, որ, ենթադրենք, այսօր բոլորս հետ քաշվեցինք, վաղը չէ մյուս օրը բառիս բուն իմաստով Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ մենք մեր առանց այն էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի», – ընդգծել է վարչապետը։

Երևանն առաջարկել է, որ մոնիթորինգն իրականացնի Ռուսաստանը։ Դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար: Հայաստանը, ըստ Փաշինյանի, համաձայն է, որ այն իրականացնի Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ ԵՄ-ն։ Մոնիթորինգը, այնուամենայնիվ, պետք է լինի միջազգային:

խաղաղության պայմանագիր

Հարցին՝ հավանական է համարո՞ւմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ, Փաշինյանը պատասխանել է․

«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան: Օրինակ՝ կա տարբերակ ստորագրել համաձայնագիր, որը հարաբերությունների ընդհանուր շրջանակն է գծագրում և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ շարժվել այս տարբերակով, հնարավոր է՝ կարողանանք»:

դելիմիտացիա

Բացառված չէ, որ նման պայմաններում, երբ Հայաստանի տարածքները փաստացի օկուպացված են, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ: Ուստի՝ խաղաղության պայմանագրի առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի:

«Դրա համար մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի: Հիմա մենք մի քայլն արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրի բովանդակությանը: Պետք է նաև հաջորդ քայլերն անենք»:

Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությունը որոշ առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Հույս ունեն, որ Ադրբեջանը կքննարկի դրանք և կառուցողական պատասխան կտա։

Թուրքիա

Չնայած հայտարարվում է, որ հայ-թուրքական հնարավոր կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, թուրքական կողմը շարունակաբար խոսում է Ադրբեջանի մասին։

«Շատ կարևոր է արձանագրել, որ [Թուրքիայի նախագահի հետ] հեռախոսազրույցի, և հանդիպման ընթացքում մեր ասածները անհամատեղելի չէին։ Սա չի նշանակում, որ բանակցային սեղանի շուրջ կա՛մ մենք, կա՛մ Թուրքիան հրաժարվել ենք մեր որևէ դիրքորոշումից։

Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, ապա այդ խոսույթները կարող են համադրվել, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում», – նշել է Փաշինյանը։

խաղաղապահներ

Հայաստանը պատրաստ է ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգումը, ընդգծել է Փաշինյանը․

«Նշվում է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար: Տեսականորեն, եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա կամ որոշի դուրս բերել իր ուժերն այդտեղից, նա պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի։ ․․․Եթե այդ սպառնալիքը, որի համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, Ռուսաստանի հրաժարվելու դեպքում միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար»:

Հարցին՝ դեռ շրջանառության մե՞ջ է արդյոք խաղաղության պայմանագրի «ռուսական տարբերակը», Փաշինյանը պատասխանել է․ «Մենք ասել ենք՝ այդ տարբերակը մեզ համար ընդունելի է: Այդ թեման հրապարակային է դարձել ՌԴ նախագահի «Վալդայ» ակումբում արած հայտարարությունից հետո: Ուստի՝ ձեր հարցը վերահասցեագրում եմ Ռուսաստանին, թող իրենք հրապարակային պատասխանեն»:

Բաքու-Ստեփանակերտ

Եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չթողնվեր, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց կարգավորված կլիներ՝ հայտարարել է Հայաստանի վարչապետը․ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, պետք է տեղի ունենա բանակցություն»:

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և տեղի հայության իրավունքների պաշտպանության հարցում հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը․

«Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ: Սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է: Մենք բոլոր բանակցություններում այդ դիրքորոշումը պաշտպանում ենք»: