Ֆրանսիայի Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
Ի թիվս այլ դրույթների՝ բանաձևը.
— պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
— կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք,
— առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում,
— վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ
— առաջարկում է կառավարությանը՝ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։
Ըստ Ֆրանսիայի Սենատի անդամ Պատրիկ Քանների՝ նախագիծը հնարավորություն կտա վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատմանը և սատարելու հայ ժողովրդին, որը տառապում է հարևան ազգայնականների պատճառով:
«Մենք պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն՝ առանց նախապայմանների: Պահանջում ենք, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լաչինի միջանցքից՝ առանց նախապայմանների: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պետք է հարգվի, միջազգային համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն: Ադրբեջանը փորձում է առաջ տանել իր ծավալապաշտական նկրտումները: Ֆրանսիան պետք է դերակատարում ունենա այս խնդրի լուծման մեջ», – նշել է Սենատորը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և նրա դաշնակիցները չեն կարողանում ապահովել տարածաշրջանում խաղաղությունը:
Պատգամավոր Պիեր Ուզուլիասն էլ ընգծել է, թե Ադրբեջանը Հայաստանում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում։
«Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմանները առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի և գազի դիմաց», – ասել է Ուզուլիասը։
թարմացում — Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը։ «Բանաձևը սադրիչ բնույթ ունի և վնասում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը <․․․> Սենատի բանաձևում իրականությունից հեռու, կեղծ և շինծու իրողություններ են մատնանշված։ Փաստաթուղթը չունի իրավական որևէ ուժ և մեկ անգամ ևս ի ցույց է դնում խաղաղ գործընթացում առաջընթացին նպաստելու իր մտադրության մասին հայտարարող Ֆրանսիայի միակողմանի և կողմնակալ քաղաքական դիրքորոշումը», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է նաև Սենատի բանաձևի այն հատվածին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովմանը․ «Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի ներքին հարցն են և ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրության դրույթներին համապատասխան»։