Home / Բանակ / Անհետ կորածի հարազատները փակել են Լուսագյուղ տանող ճանապարհը

Անհետ կորածի հարազատները փակել են Լուսագյուղ տանող ճանապարհը

20։30 (թարմացում) _ Սուրեն Պապիկյանը անհետ կորած զինվորի հարազատներին այդպես էլ չի ընդունել․ ծնողները հասել են ՊՆ, պարզվել է՝ «նախարարը տեղում չէ»։ Նրանց դիմավորել է միջին օղակի մի պաշտոնյա, ասել նույնը, ինչ ասում են արդեն մոտ մեկ ամիս՝ «զբաղվում ենք», «բանակցում ենք» և այլն։ Որոշ ժամանակ անց գյուղացիները բացել են ճանապարհը։

14։30 (թարմացում)  — Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատրաստ է ընդունել անհետ կորած Վահե Թորոսյանի հարազատներից երեքին․ տեղեկությունը ՊՆ-ից փոխանցել են զինվորի հորը՝ Արամ Թորոսյանին։ Մինչև Վահեի ծնողները վերադառնան հանդիպումից, Լուսագյուղի բնակիչները փակ են պահելու ճանապարհը՝ ասացին ակցիայի մասնակիցները։

13։37 — Անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ծնողները, հարազատներն ու համագյուղացիները այսօր առավոտվանից փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը․ նրանք պահանջում են գտնել և տարհանել իրենց երեխային։

19-ամյա Վահեն ծառայել է Կապանում, սեպտեմբերի 12-ին՝ ադրբեջանական հարձակումից մեկ օր առաջ, տարվել է Ներքին Հանդի դիրքեր։ Վերջին անգամ կապի է դուրս եկել սեպտեմբերի 15-ին՝ հրադադարի հաջորդ օրը։ Երեք տեղից վիրավոր է եղել, թաքնվել է հարակից ձորակներում։ Ըստ ՊՆ-ի, սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ընթացքում այդ տարածքը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ զինվորականների մուտքը Բաքուն արգելում է, որոնողական աշխատանքներ չեն տարվում․ «Բանակցում ենք»։

«Մինչև իմ երեխին ողջ չտան ինձ, ոչ մի զինակոչիկի ոչ մի թուղթ չի գալու: Էդ թղթերը կտրատելու եմ անձամբ, իմ ձեռքով կերցնեմ իրենց: Ամսի 14-ին զանգեց, ասեց՝ շատ լավ եմ, գալու եմ, քեզ գրկելու եմ, գալիս են մեր հետևից, 2 ժամից չաստում կլինեմ, կզանգեմ: Այդ երկու ժամը դարձավ մեկ ամիս», – ասում է Վահեի մայրը՝ Էսթեր Թորոսյանը։

Մարզպետարանից իմացել են, որ զինվորի հարազատները ակցիա են կազմակերպելու, զանգել են Վահեի հորը և կանչել։

«Լսել էին, որ այսօր ճանապարհ ենք փակելու, հորս մարզպետարան են կանչել: Հիմա հարց՝ ինչի՞ համար հենց այսօր են կանչել, ուր էին մինչև էսօր, այս մեկ ամսում իրենք չկային», – ասում է Վահեի ավագ եղբայր Խաչատուրը: 


Վահե Թորոսյանի մայրն ու տատիկները․ լուսանկարը՝ Ազատություն ռ/կ-ի

Հոր՝ Արամ Թորոսյանի խոսքով՝ պաշտոնյաները անընդհատ նույն բանն են ասում բոլորին՝ տեղյակ ենք, զբաղվում ենք, հետաքրքրվում ենք և այլն։

«Կա՞ որևէ ծնող, որին էս պատասխանը բավարարում է։ Եթե կա այդպիսի ծնող, հենց հիմա ճանապարհը կբացենք», – ասում է հայրը:

Զինծառայողի պապը հավելում է․ «Հստակ կոորդինատներով գիտենք՝ մեր երեխեն որտեղ է, ինչու չեն գնում բերեն: Մենք ունենք հետախույզներ, ունենք բանակ, ո՞ւր են։ Ճիշտն էն կլինի, որ ոչ մեկը չգնա ծառայության»։

Անհետ կորած զինծառայողի հարազատները հայտարարեցին, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի՝ մինչև գիշեր փակ են պահելու ճանապարհը։


Զինծառայողի հարազատները փակել են դեպի Լուսագյուղ տանող ճանապարհը․ լուսանկարը՝ Ազատություն ռ/կ-ի

Հիշեցնենք՝ Վահե Թորոսյանի ծնողներն ու հարազատները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին անում Պաշտպանության նախարարության շենքի մոտ․ նրանք երկու օր ժամանակ էին տվել գերատեսչությանը՝ հարցը լուծելու համար։ Մանրամասները՝ այստեղ։