Հայ, ադրբեջանցի և վրացի ակտիվիստներն ու լրագրողները Բեռլինում հումորային սերիալ են նկարում, որը հեգնում է հարավկովկասյան երեք երկրներում միմյանց մասին տարածված ազգայնական պատկերացումները։
«Dolma diaries» («Տոլմայի օրագիր») սերիալի առաջին՝ պիլոտային էպիզոդը թողերկվել է հոկտեմբերի 11-ին։
Երկխոսությունների մեծ մասը անգլերեն են․ հասանելի են հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն ենթագրեր
Հեղինակների խոսքով՝ վեբ-սերիալի նկարահանումները նախատեսված էին 2019 թվականին, սցենարը գրվել է 2017-2018-ի ընթացքում։ Առաջին փորձը չի հաջողվել, արտադրությունը տեղափոխվել է 2020թ․ և կրկին հետաձգվել՝ արդեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառով։ Թողարկված էպիզոդը նկարահանվել է 2021-ի ամռանը․ մինչ այդ սցենարը վերամշակվել է՝ «փոփոխված հանգամանքներում մարդկանց վիրավորելուց խուսափելու համար»։
Նախագիծը ֆինանսավորում է գերմանական Friedrich-Ebert-Stiftung-ը (Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ)՝ Candid Foundation (Քենդիդ հիմնադրամ) և Go Group Media-ի (Գո գրուպ մեդիա, որին պատկանում է նաև տարածաշրջանային Jam-news պարբերականը) հետ համագործակցությամբ։ Ռեժիսորներ՝ Արտյոմ Պետրոսյան, Գեորգի Ջավախաձե, Դիտո Ծինծաձե, Ֆազիլ Ալիև, Օլիվեր Մյուսեր։ Դերերում՝ Բեկա Բուչուկուրի, Համլետ Համբարձումյան, Անար Ռզաև, Անահիտ Կրիշչյան, Շահին Ռզաև, Սալոմե Սալուկվաձե, Թոմաս Ֆրիթշ, Կարոլինա Թիլե։