Home / ուկրաինայից / Ուկրաինան կրկին ապաստարաններում է․ Կադիրովը գոհ է

Ուկրաինան կրկին ապաստարաններում է․ Կադիրովը գոհ է

Վաղ առավոտից ռուսական բանակը ռմբակոծում է Ուկրաինայի քաղաքները։ Առնվազն 83 հրթիռ է արձակվել մայրաքաղաք Կիևի, Ժիտոմիրի, Տերնոպոլի, Լվովի, Կրեմենչուգի, Կրիվոյ Ռոգի, Խարկովի, Կոնոտոպի, Օդեսայի, Ռովնոյի և Դնեպրի վրա։ Թիրախում էներգետիկ ենթակառուցվածքներն էին։

Սա ուկրաինական քաղաքների լայնածավալ և միաժամանակյա ռմբակոծման առաջին արշավն է՝ գարնանային «դադարից» ի վեր։ Կիևը հաղորդում է առնվազն 11 զոհերի և 89 վիրավորների մասին։ Վնասված 117 օբյեկտներից 35-ը բնակելի տներ են։ «Նպատակը իրագործվել է, բոլոր նախանշված օբյեկտները խոցված են», – հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Դատելով ուկրաինական մամուլում տարածվող հաղորդումներից՝ հրթիռակոծությունները շարունակվում են։ Կիևում քիչ առաջ օդային տագնապ է միացել։

«Պաշտպանության նախարարության առաջարկով և Գլխավոր շտաբի պլանի համաձայն հեռահար գերճշգրիտ զենքերով հոծախումբ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական ղեկավարման և կապի օբյեկտներին», – ՌԴ ԱԽ նիստին քիչ առաջ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նա սպառնացել է կոշտ պատասխան տալ Ուկրաինայի իշխանությունների կողմից Ռուսաստանի տարածքում կազմակերպված «ահաբեկչություններին»։ Թե ինչ նկատի ունի Պուտինը, երբ ասում է «Ռուսաստանի տարածք»՝ այդքան էլ որոշակի չէ։ Ուկրաինական շրջանների բռնակցումից հետո այդ ձևակերպումը, ըստ էության, այլևս կիրառելի է պատերազմական գործողությունների գրեթե ամբողջ աշխարհագրության, այսինքն՝ Ուկրաինայի գրավյալ տարածքների նկատմամբ։  

Չնայած Պուտինն իր ելույթում չի հիշատակել Ղրիմի (Կերչի) կամրջի պայթեցումը, ռուսական մամուլը այսօրվա կենտրոնացված ռմբակոծությունները ներկայացնում է որպես պատասխան հենց այդ գործողությանը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է՝ հրթիռակոծվել են քաղաքի կենտրոնական Շևչենկովսկի և Սոլոմենսկի շրջանները, և կոչ է արել մարդկանց թաքնվել ապաստաններում։ Մինչ այս Կիևը վերջին անգամ ռմբակոծվել է հունիսի վերջին։ Տեղական տելեգրամ-ալիքների տվյալներով, Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն 5 պայթյուն է լսվել։ Կիևի մարզում աշխատել է նաև ՀՕՊ-ը՝ առնվազն 6 հրթիռ խոցվել է։ Շրջանի ղեկավար Ալեքսանդր Կուլեբան բնակիչներին կոչ է արել ջրի պաշարներ հավաքել և լիցքավորել գաջեթները։

Ուկրաինայի ազգային ոստիկանության հաղորդմամբ, հրթիռակոծման հետևանքով Կիևում առնվազն 5 զոհ և 12 վիրավոր կա։ Ուկրաինայի ԱԳՆ խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովը, սակայն, հայտարարել է, որ առավոտյան 8։45-ի դրությամբ՝ Շևչենկովսկի շրջանում 8 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել։ Երկրով մեկ զոհերի ճշգրիտ թիվը դեռևս չի նշվում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռմբակոծված բոլոր քաղաքների բնակիչներին կոչ է արել մնալ ապաստաններում և թաքստոցներում։ Ավելի ուշ նա տեսաուղերձ է հրապարակել՝ նկարահանված նախագահի աշխատակազմին հարակից փողոցում։

Ռուսական հարվածների նշանակետերը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն էին, հայտարարել է Զելենսկին։ Կիևում և Խմելնիցկիում հրթիռները խոցել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, Լվովում, Խարկովում և Ժիտոմիրում՝ էներգետիկ ենթակառուցվածքները։ Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի, 8 մարզերում և մայրաքաղաք Կիևում վնասվել են 11 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։

Կիևի կենտրոնական փողոցները փակ են։ Մետրոն չի աշխատում, կայարանները ծառայում են որպես ապաստան։

Ռուսական ՏԱՍՍ-ը պնդում է, որ ի թիվս այլի՝ պայթյուններ են որոտացել նաև Կիևի Վլադիմիրսկի փողոցի վրա, որտեղ գտնվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։

Կիևի մարզում հրթիռը խոցել է Ջերմաէլեկտրակայանը։ Ռմբակոծությունից հետո Լվովը հոսանքազրկվել է։ Ամբողջ Խարկովը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ «Ուկրաինայի երկաթգծերը» հաղորդում է երկրի արևմուտքում կոնտակտային ցանցի վնասման մասին․ գնացքները կարող են ուշանալ։ Բոլոր դպրոցները (մինչև հոկտեմբերի 14-ը) անցել են հեռակա ուսուցման։

Կրասնոդարի երկրամասից բռնակցված Ղրիմ տանող կամրջի վրա հոկտեմբերի 8-ի առավոտյան պայթյունը էր տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինը սա «ահաբեկչություն» էր որակել և մեղադրել Ուկրաինային։ Մոսկվայի տվյալներով՝ պայթել էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ շարժվող բեռնատարը։ Այնուհետև հրդեհվել էին երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը։ Պաշտոնապես հաղորդվել է երեք զոհերի մասին։ Կամրջի ավտոմոբիլային գծերից մեկի երկու բացվածքներ փլուզվել են, երթևեկությունը, սակայն, արդեն մասամբ վերականգնվել է։

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Ռուսաստանը պայթյունին կարող է պատասխանել միայն «ահաբեկիչների ուղիղ ոչնչացմամբ»։

Ղրիմյան կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ եղան։ ՊՆ Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար նշանակեց գեներալ Սերգեյ Սուրովիկինին։ «Մեդուզայի» աղբյուրների տվյալներով, գեներալն ի սկզբանե հանդես է եկել որպես ուկրաինական ենթակառուցվածքների (այդ թվում՝ քաղաքացիական) հոծախումբ ռմբակոծման կողմնակից: Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները գրում էին, որ բանակում նորանշանակ հրամանատարը հայտնի է «Գեներալ Արմագեդոն» մականվամբ, որին իբր արժանացել է «ոչ ստանդարտ և դաժան գործելու ունակության համար».

Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ մեկնաբանելով ուկրաինական քաղաքների լայնամասշտաբ թիրախավորումը, առավոտյան հայտարարել է, թե «հատուկ ռազմական օպերացիայի» (ռուսական պրոպագանդան այսպես է անվանում Ուկրաինայում ընթացող պատերազմը) մոտեցումները փոխվել են։ Նա սա «լավ լուր» է որակել։

«Հատուկ օպերացիայի առաջին իսկ օրվանից ասում էի, որ եթե թշնամու ենթակառուցվածքների ոչնչացմանն ուղղված նմանօրինակ գործողություններ ձեռնարկվեին ամեն օր, արդեն մայիսին մենք ամեն ինչ կավարտեինք և կիևյան ռեժիմը ջախջախված կլիներ։ Հույս ունեմ, որ այժմ օպերացիայի տեմպերը չեն թուլացվի», – ռուսական դարձած Ղրիմի ղեկավարը։

Ուկրաինական քաղաքների հրթիռակոծումը գոհացրել է նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, որն ուկրաինական հակահարձակման հաջողությունների և ռուսական բանակի անհաջողությունների ֆոնին ավելի վաղ քննադատում էր ՌԴ ՊՆ-ին։ «Հարյուր տոկոսով գոհ եմ հատուկ ռազմական օպերացիայով», – այժմ գրում է Կադիրովը։