Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով Ռուսաստանում ձերբակալված 8 մարդկանցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ ФСБ-ի վարկածի համաձայն՝ պայթյունը կազմակերպվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի կողմից, պայթուցիկները տեղափոխվել են Օդեսայից՝ Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել։ Ռուսաստանի նախագահը սա միանգամից «ահաբեկչություն» է որակել և մեղադրել Ուկրաինային։ Հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 9-ին, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավարը զեկուցել է՝ «պարզել ենք բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա – Վրաստան – Հայաստան – Հյուսիսային Օսիա – Կրասնոդար․․․ Փոխադրողները նույնականացված են»։ Կիևը հարձակման պատասխանատվությունը պաշտոնապես չի ստանձնել։
Արդեն այսօր ФСБ-ն հաղորդել է 8 մարդու ձերբակալման մասին․ պայթյունի գործը քննվում է «ահաբեկչության» հոդվածով։ Ձերբակալվածներից 5-ը Ռուսաստանի, 3-ը՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ են։ Ռուսական հատուկ ծառայությունները պնդում են, թե բացահայտել են պայթյունի հետ առնչություն ունեցող առնվազն 12-ի անձանց։
Մոսկվայի վարկածի համաձայն, պայթուցիկը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով։ Օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից բեռն ուղարկվել է բուլղարական Ռուսե (պայմանագիրը, ըստ ФСБ-ի, կնքվել է ուկրաինական «Tранслогистик УА» և բուլղարական Baltex Capital S.A. ընկերությունների միջև): Բուլղարիաց բեռը հասել է վրացական Փոթի, այնուհետև՝ Հայաստան։
Ռուսական վարկածի համաձայն, «փոխադրման մեջ մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիր Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմենկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով բրոքերը, Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը»։
«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը երևանյան «Տրանսալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է՝ համաձայն ԵԱՏՄ կանոնների, փաստաթղթերը փոփոխվել են։ Այժմ ուղարկող է դարձել «ԳՈւ ԱՌ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացող՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Ռուսաստան, Մոսկվա)։ Վրաստանում գրանված՝ DAF բեռնատարով բեռը հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը՝ Վերին Լարս անցակետով, երկու օր անց՝ հասել Արմավիր», – ասված է ռուսական հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրում։
Ռուսաստանում փաստաթղթերը, ըստ այս վարկածի, կրկին փոփոխվել են․ ուղարկող է դարձել «ТЭК-34» ՍՊԸ-ն (Ռուսաստան, Ուլյանովսկ), ստացող է դարձել գոյություն չունեցող ղրիմյան մի ընկերություն։ Ըստ ФСБ-ի՝ այս գործողությունները իրականացվել են Ուկրաինայի քաղաքացի Զլոբա Վլադիմիրի (1987թ․) և Ռուսաստանի 5 քաղաքացիների կողմից՝ Ռ․ Սոլոմկոյի աջակցությամբ։ Պայթած բեռնատարը պատկանում էր Ռուսաստանի քաղաքացի Մախիր Յուսուբովին (ծնված 1971թ․):
Կիևը չի մեկնաբանել, Երևանը խոստանում է քննել
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթյունի գործով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկությունները և ԶԼՄ-ների հրապարակումները:
Հրապարակումը, ըստ Հայաստանի դատախազության, պարունակում է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ, ուստի այն հասցեագրվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
«Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ», – հավելել է կառույցը:
Պաշտոնական Կիևը այս տեղեկությունները դեռևս չի մեկնաբանել։
Կերչի կամուրջը կառուցվել է Ղրիմի անեքսիայից հետո, բացվել է 2018 թվականին։ Կամուրջը Կրասնոդարի երկրամասը կապում է բռնակցվից Ղրիմին։ Հոկտեմբերի 8-ի պայթյունից հետո, ըստ ռուսական կողմի, կամրջի վրա երկաթուղային գնացքի 8 բաքեր էին հրդեհվել, փլուզվել էր կամրջի ավտոմոբիլային գծերից մեկի 2 բացվածքները։ Մոսկվան հաղորդել էր 4 զոհերի մասին։ Կամրջով երթևեկությունը արդեն գրեթե վերականգնվել է։
Պայթյունից երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, ռուսական բանակը անցել է Ուկրաինական խոշոր քաղաքների հոծախումբ հրթիռակոծման։ Կիևը հաղորդել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ վիրավորների և զոհերի մասին և հաստատել՝ ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը վնասվել կամ ոչնչացվել է։ Հրթիռակոծությունները շարունակվում են։