Home / Առողջապահություն / Ծնողները համաձայն չեն, որ աճյունների նույնականացումն ավարտվել է

Ծնողները համաձայն չեն, որ աճյունների նույնականացումն ավարտվել է

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է, այս պահին հետազոտման մեջ չկա որևէ փորձանմուշ՝ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կան, սակայն, նույնականացված մարմիններ, մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն․ ծնողները, ըստ նախարարի, հրաժարվել են ընդունել դատաբժշկական կենտրոնում իրականացված հետազոտության արդյունքները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի վաղ ահազանգել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունները որոշ դեպքերում չեն տրամադրվում։ Իրավապաշտպաններին այս հարցով մի քանի ընտանիքներ են դիմել։ Ըստ կառույցի, սա ծնողների մոտ որոշակի կասկածներ է հարուցում․ ինչու են իրավապահները հրաժարվում տվյալներ տրամադրելուց՝ պարզ չէ։

Ավելի վաղ զոհվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող կոմիտեն հայտնել էր, որ արտերկիր է ուղարկվել 100 վնասված փորձանմուշ, որոնցից 95-ը նույնականացվել են, 5-ը՝ ոչ։

Ըստ Քննչական կոմիտեի վերջին տվյալների, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 199 զինծառայող և 21 խաղաղ բնակիչ, ընդհանուր առմամբ՝ 220 հոգի։ Պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3 հազար 809 զինծառայող և քաղաքացիական անձ։