Փետրվարի 14-ից անհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են նույն օրը՝ ժամը 18:30-ին, Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը ակումբի կիսաքանդ շենքի մուտքի հատվածում և բակում հայտնաբերել է իգական սեռի՝ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր: Դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, թե, ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները ինքնահրկիզվել են։ Իսկ ոստիկանության լրատվական վարչությունը հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։