Հայաստանյան խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվել և կհաշվառվեն․ նրանց ականջապիտակների QR-կոդերով, ըստ ոլորտի պատասխանատուների, հնարավոր կլինի ապահովել «կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիությունը»։
«Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն առանցքային գործոն է՝ կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղացիական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով: Կունենանք ստույգ տեղեկատվություն կենդանիների գլխաքանակի վերաբերյալ, կունենանք նաև կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմ։ Խոշոր եղջերավոր կենդանիների շարժը կվերահսկվի», – ծրագրի մեկնարկը տվող միջոցառմանը հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։
Համապետական այս ծրագրին ֆինանսապես աջակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD)․ հիմնադրամի ներկայացուցիչները վստահ են, որ այս ռեֆորմը «կենդանական ծագման մթերքների արտահանման և նոր շուկաների գրավման հնարավորություն կստեղծի»։
Ծրագիրը կտևի մինչև 2025 թվականի գարուն։ Ընթացիկ տարվա մեջ նախատեսվում է համարակալել և հաշվառել 800 հազար գլուխ խոշոր եղջերավորի:
Ծրագրի բյուջեն կառավարությունը հաստատել է դեռ նախորդ տարի․ գումարն արդեն հատկացվել է, այժմ «սպասում են՝ երբ են ականջապիտակները ներմուծվելու Հայաստան»։
Համարակալված կովերը (ինչպես նաւ մյուս խոշոր եղջերավորները) կարող են հետագայում ապահովագրվել և գրավադրվել։