Home / Մշակույթ / Ի՞նչ է NFT-ն․ բացատրում է Գուրգենը

Ի՞նչ է NFT-ն․ բացատրում է Գուրգենը

NFT վերջին շրջանում ամենաշրջանառվող բառերից մեկն է։ Մնում է հասկանալ՝ ինչ է այն ու ինչպես է աշխատում։ 

NFT-ն հապավում է՝ non-fungible token, որը թարգմանաբար նշանակում է ոչ փոխարկելի միավոր։ «Ոչ փոխարկելի», այսինքն՝ եզակի և այլ բանով անփոխարինելի։ Բիթքոյինը, օրինակ, փոխարկելի է․ մի բիթքոյինը մյուսով փոխարկելիս կունենաք նույն բիթքոյինը, իսկ մի NFT-ն մյուսով փոխարկելիս կունենաք տարբեր NFT-ներ․ օրինակ, մեկը կունենա կապիկի նկարով NFT, մյուսը՝ բադիկի։

Ցանկացած թվային բան կարող է դառնալ NFT (օրինակ՝ զուգարանի թղթի պատկերը, աղբարկղի GIF-ը, Twitter-ի գրառումը և այլն)։ 

Ոչ փոխարկելի թոքենը թվային օբյեկտի կրիպտոգրաֆիկ հավաստագիրն է, որը հնարավոր է փոխանցել (գնել, վաճառել, վերավաճառել և այլն) մոտավորապես նույն մեխանիզմով, որով տեղի է ունենում կրիպտոարժույթի փոխանակությունը։

NFT-ների շուրջ ոգևորությունը, բնակաբար, կապված է նոր տեխնոլոգիաների միջոցով թվային արվեստ վաճառելու հետ։ Պարադոքսը նրանում է, որ NFT-ները կարելի է ներբեռնել․ դրանք հասանելի են բոլորին՝ անվճար։ Բա էլ ինչի՞ համար են գումար վճարում․ օրինակ, ինչի՞ համար են մոտ 3 միլիոն դոլարով գնում Twitter-ի հիմնադրի գրառումը, եթե այն հասանելի է բոլորին․ ցանկացած մարդ կարող է այն սքրինշոթ անել, պատճենել, ներբեռնել․․․

«Երբ ինչ-որ մեկը NFT է գնում, նա գնում է հեղինակային իրավունքները։ Բայց նույնիսկ այդ հեղինակային իրավունքները ոչ մի պետության օրենքներով չեն ամրագրվում, միայն տվյալ բլոկչեյնի մեջ է գրվում, որ NFT-ն պատկանում է այսինչ օգտատիրոջը», – Epress.am-ի հետ զրույցում բացատրում է կրիպտոաշխարհով հետաքրքրված Գուրգեն Դավթյանը։ 

Իսկ ի՞նչ է բլոկչեյնը։ Բլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է։ Օրինակ, կրիպտոարժույթների բլոկչեյնը համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների պահպանման վայրն է։ Բիթքոինի դեպքում բլոկչեյնը պարունակում է տվյալներ՝ կատարվող գործարքների, փոխանցումների, գումարը ուղարկողի, ստացողի մասին։ 

NFT-ներ նայելու, ստեղծելու, գնելու ու վերավաճառելու ամենահայտնի հարթակներն են OpenSea-ն, Rarible-ը, Nifty Gateway-ը։ Դրանք ընդամենը միջնորդ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ NFT-ներ կան աշխարհում, բայց դրանք կառուցված են որոշակի ցանցի վրա։ 

NFT-ն ի սկզբանե հիմնված է եղել Էթերիումի (Ethereum) ցանցի բլոկչեյնի վրա։ Հիմա էլ NFT-ների մեծ մասը պահպանվում է հենց Էթերիումի վրա, որը շատերին ծանոթ է որպես բիթքոյինից հետո ամենահայտնի կրիպտոարժույթը։ Բայց այն միայն կրիպտոարժույթ չէ։ 

«Բիթքոյինը երբ ստեղծվում էր, ստեղծվում էր որպես ուղղակի կրիպտոարժույթ։ Իսկ Ethereum-ը ստեղծվել է որպես հարթակ, որտեղ ինչ ուզես՝ կարող ես սարքել։ Հարթակի մի մասը կրիպտոարժույթն է, որը կոչվում է Eth։ Բայց Ethereum-ը՝ կրիպտոարժույթից բացի, ունի մի գաղափար, որը կոչվում է Smart Contracts, թարգմանաբար՝ խելացի գործարքներ։ Այդ հարթակում օրինակ երկու հոգի իրար հետ պայմանավորվում են, որ եթե վաղը դոլարի կուրսը անցնի 500-ը, մեկը մյուսին պիտի 2 Eth տա: Այդ պայմանավորվածությունը նրանք կնքում են Ethereum հարթակում ու, երբ վաղը դոլարի կուրսը անցնում ա 500-ը, գումարն ավտոմատ փոխանցվում ա մյուսին։ «Խելացի Գործարքների» այս նույն կոնցեպտի հիման վրա ստեղծվել է NFT-ն, NFT-ի աճուրդը և այլն», – պատմում է Գուրգենը։ 

NFT-ով հետաքրքրվողները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ստեղծողներ և գնորդներ։ 

NFT-ի ստեղծումը, այսինքն՝ տեղադրումը հարթակում, անվճար չէ․ որքան ավելի է ծանրաբեռնվում Ethereum ցանցը, որքան շատ հաշվողական ջանք է պահանջվում աշխատանքը կատարելու համար, այնքան բարձրանում է NFT-ի ստեղծման արժեքը: 

Ethereum-ում NFT ստեղծելու համար ներկայումս հարկավոր է վճարել մոտ 70 դոլար։ Սա, իհարկե, երաշխիք չէ, որ 70 դոլարով ստեղծված NFT-ն առհասարակ կվաճառվի։ NFT-ները վաճառում են հիմնականում աճուրդով։ Ստեղծողը սահմանում է մեկնարկային գինը․ NFT-ն ստանում է այն օգտատերը, ով ամենաբարձր գինն է առաջարկում։

Ո՞րն է թվային բան գնելու ու ունենալու արժեքը։ Սլովենացի փիլիսոփա, մշակութաբան Սլավոյ Ժիժեկը կարծում է, որ NFT-ները գրեթե ոչ մի սպառողական արժեք չունեն․ դրանք որոշակի սոցիալական հեղինակություն են բերում սեփականատիրոջը և տալիս ապագայում ավելի բարձր գնով վերավաճառելու հնարավորություն։

Գուրգենը օրինակ է բերում․ «Gucci-ն մի հատ ծրագիր ունի, որով կարելի է գնել Gucci-ի շորերի էլեկտրոնային տարբերակը։ Օրինակ, Gucci-ի բոթասները 800 դոլար արժեն, դրանց էլեկտրոնայինը կարող ես գնել 80 դոլարով։ Հեռախոսդ պահում ես, նկարում ես քեզ ու նկարի մեջ ծրագիրը կոշիկներդ փոխարինում է Gucci-ի կոշիկներով։ Պատկերացրու՝ ես բլոգեր եմ։ Ամեն նկարի մեջ պետք է տարբեր շորերով լինեմ, այսինքն՝ պարտադիր չի, որ ես էդ շորը ֆիզիկապես ունենամ, ինձ դրանք նկարների համար են պետք։ Կարամ էդ ծրագրի շնորհիվ բոլոր նկարներումս լինեմ Gucci-ի շորերով։

Բայց նաև մարդիկ կան, որ ուղղակի ինչ-որ բանի երկրպագու են, անպայման ուզում են ունենալ դրանից։ NFT-ն էլ ի՛ր երկրպագուներն ունի»։

Շատերը մտածում են, որ բաց են թողնում հարստանալու հնարավորությունը՝ հենց այս պահին NFT-ներ չգնելով։ Այնպես, ինչպես բաց թողեցին բիթքոյինի տարածման սկզբնական շրջանում։ 

Արժի՞ արդյոք NFT առնել: NFT գնելը ռիսկային է․ դրա ապագան անորոշ է, դեռ բավարար վիճակագրություն չկա՝ աշխատանքը գնահատելու համար: NFT-ի արժեքն ամբողջությամբ հիմնված է ինչ-որ մեկի առաջարկած գնի վրա։ Հետևաբար, գինը սահմանվում է միայն պահանջարկով, այլ ոչ թե հիմնարար, տեխնիկական կամ տնտեսական ցուցանիշներով, որոնք սովորաբար ազդում են, օրինակ, բաժնետոմսերի գների վրա և հիմք հանդիսանում բաժնետոմսերի պահանջարկի համար: 

«Ես կարող եմ ասել՝ ինչ NFT կառնեի։ Օրինակ, Little big-ի ձվերը, որովհետև առնելուց առաջ չգիտես՝ ինչ է դուրս գալու մեջից։ Առնելուցդ 7 օր հետո ինչ-որ բան է դուրս գալիս էդ NFT-ից, օրինակ՝ կոկորդիլոս։ 

NFT-ի հեռանկարը հեչ պարզ չի։ Պետությունները նախ պետք է համակերպվեն կրիպտոարժույթների հետ։ Հետո, երբ հերթը հասնի NFT-ին, միգուցե նաև NFT-ի հեղինակային իրավունքները օրենքով ընդունվեն», – ասում է Գուրգենը։

Հայաստանում արդեն իսկ ստարտափներ են ստեղծվում՝ հատուկ NFT-ներ սարքելու համար։ Հայկական Musk Factor ստարտափը, օրինակ, «NFT Revolution» անունով իր NFT-ն վերջերս վաճառել է մոտ 216 հազար դոլարով։ 

Նկարում պատկերված է աշխարհում ամենահայտնի NFT-ներից մեկը՝ Bored Ape-ը, թարգմանաբար՝ «Ձանձրացած կապիկ»։ Նկարագրությունում ասվում է․ «Արդյո՞ք NFT-ները արվեստի ապագան են։ Ո՞վ իմանա։ Միևնույն ժամանակ, Musk Factor Տիեզերքում Դա Վինչիի մեծագույն «Մոնա Լիզա»-ն փոխարինվել է տխրահռչակ Bored Ape NFT-ով»: