Google֊ը Chrome OS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար նոր մեխանիզմ է մշակում՝ օգտատիրոջ մեջքի հետևից էկրանին նայող մարդկանցից պաշտպանության համար։ Տեխնոլոգիան արձանագրում է, որ էկրանին նայող այլ մարդ կա և տեղեկացնում է այդ մասին սարքի տիրոջը։ Համապատասխան կարգավորումները միացնելու դեպքում ծրագիրն ինքնուրույն նվազեցնում է էկրանի պայծառությունը՝ դրա բովանդակությունն ավելի դժվարընթեռնելի դարձնելու նպատակով, հաղորդում է 9to5Google֊ը։
Նոր մեխանիզմի համահեղինակները նշում են, որ ներկայումս տվյալների անհասանելիությանն ու պաշտպանվածությանն ուղղված ջանքերը հիմնականում թվային տիրույթում են, մինչդեռ տեղեկատվության մի ստվար հատված ուղղակիորեն տեսանելի է սարքի հենց էկրանին, այսինքն, տեսանելի է տարածքում գտնվող այլ անձանց համար։ Էկրանին նայող մարդկանցից պաշտպանվելու համար տարբեր մեխանիզմներ արդեն գործում են։ Օրինակ, կան հատուկ բևեռացման ֆիլտրեր, որոնք փոքրացնում են սարքի էկրանի տեսանելիության անկյունը։ Այդ ֆիլտրների կիրառման դեպքում էկրանի բովանդակությունը ընթեռնելի է միայն որոշակի անկյան տակ։ Որոշ նմանատիպ ծրագրեր էլ պարզապես սահմանում են էկրանի այնպիսի լուսավորություն, որը պարագայում էկրանը տեսանելի է միայն որոշակի հեռավորությունից։
Google֊ը ներկայումս փորձում է ստեղծել նոր մեխանիզմ, որը ոչ միայն պասիվ կերպով կնվազեցնի էկրանի տեսանելիությունը օտարների համար, այլև զգուշացնող ծանուցում կուղարկի սարքի տիրոջը։ Սարքի այսպիսի գործառույթը կապահովվի հատուկ տեսախցիկի և ապարատային մոդուլի միջոցով։ Մեքենայական ուսուցման միջոցով այժմ հատուկ ալգորիթմներ են վարժեցվում՝ կադրում այլ անձանց ներկայությունը ֆիքսելու համար։
Ֆունկցիայի նկարագրության համաձայն, օգտատիրոջ մեջքի հետևում այլ մարդու ֆիքսելու դեպքում համակարգիչը տեղեկացնում է այդ մասին։ Համապատասխան կարգավորումների ակտիվացման դեպքում ծրագիրը կարող է ծանուցում ուղարկել, փակել էկրանին հայտնվող հաղորդագրությունների բովանդակությունը, նվազեցնել պայծառությունը և այլն։
Բացի համակարգիչների համար նախատեսված Chrome OS և հեռախոսային Android օպերացիոն համակարգերը, Google֊ն այս պահին մշակում է Fuchsia ունիվերսալ ՕՀ֊ն, որը հետագայում կարող է փոխարինել նախորդ երկուսին։ Մայիսին ընկերությունն առաջին անգամ հայտարարել էր նոր համակարգի կիրառության մասին։ Այն, սակայն, դեռևս հասանելի չէ համակարգիչների և սմարթֆոնների համար։ Փորձնական հետազոտությունները կատարվում են Nest Hub սմարթ էկրանների վրա։