Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, նախկին ոստիկան Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Հակոբյանը նոյեմբերի 11-ին ձերբակալվել է կոմիտեի քննիչի կողմից, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՔO 314.3-րդ հոդվածի 2-րդ և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Որ քրգործ է հարուցվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր դեռ օրեր առաջ։
Կոմիտեն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել։ Նշվում է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22 միլիոն 7 հազար 259 դրամը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: