Ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և վերադարձել զորամասի մշտական տեղակայման վայր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ գումարտակի հրամանատարին և 9 սպաներին մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու համար: