Շիրակի մարզի Սարատակ համայնքի 5-րդ փողոցը հիմնանորոգելու համար կառավարությունը գումար է հատկացրել, փաստաթղթեր ու նախագիծ է կազմվել, բայց աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով տարբեր համայնքներում կատարված սուբվենցիոն ծրագրերին՝ խնդրեց տեղեկանք կազմողներին նշել վերանորոգված փողոցների համարները, որովհետև նախկինում դեպք է եղել՝ պատահաբար այլ փողոց են վերանորոգել։
«Խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից շփոթվել և հիմնանորոգվել են հենց այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում։ Եվ ՊՎԾ-ն այդ թեմայով ուսումնասիրություն է արել», – մեկնաբանեց Փաշինյանը։
Ռոմանոս Պետրոսյանը ասաց, որ նշված դեպքով եղել են ծառայողական քննություններ:
«Պարզեցինք, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին առաջարկություն ներկայացվեց ՊՎԾ-ից՝ իրականացնելու ծառայողական քննություն եւ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի դեպքում դրանք փոխանցել իրավապահ մարմիններին:
Շիրակի մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ ծառայողական քննության արդյունքում վերհանված առերևույթ իրավախախտումների փաստերով կասեցվել է ծառայողական քննությունը, և փաստերը փոխանցվել են գլխավոր դատախազություն: ՏԿԵ նախարարության մասով դեռևս սպասում ենք պարզաբանման», – ընգծեց Պետրոսյանը։