Ուլյանովսկի ռազմաուսումնական կենտրոնում Չուվաշիայի հանրապետությունից ռուսական զորահավաքի ավելի քան 100 մասնակիցներ բողոքի ակցիա են իրականացրել, հայտարարելով, որ խոստացված գումարը նրանց չեն փոխանցել։
Զորակոչվածները հրամանատարության և իշխանությունների նկատմամբ իրենց բողոքը արտահայտել են տեսանյութում, որը հրապարակվել է Gulagu.net-ի և «Сердитая Чувашия» տելեգրամյան ալիքում։ Տեսանյութում նրանք հրաժարվում են Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուց և հայտարարում, որ հասնելու են արդարության, մինչև չվճարեն իրենց խոստացված գումարները։
«Մեր հանրապետությունը հրաժարվում է մեզ վճարել 195 հազար ռուբլի (մոտ 1,3 միլիոն դրամ) կազմող գումարը, որ խոստացել է մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Այդ դեպքում, հանուն ինչի՞ մենք պետք է գնանք պատերազմելու այս հանրապետության համար՝ մեր ընտանիքներն առանց աջակցության թողնելով», – ասում են ակցիայի մասնակիցները։
Ռազմաուսումնական կենտրոնի ղեկավարությունը, իր հերթին, պարզաբանում է, որ ոչ ոքի գումար չի խոստացել։ Եղել է այդպիսի մի օրինագիծ՝ առաջարկված ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավորների կողմից, որն անցել է Պետդումայի միայն առաջին ընթերցումը և հանվել է օրակարգից։ Ի պատասխան՝ զորակոչվածները առաջարկել են, որ պատգամավորները իրենք գնան պատերազմելու։
Ավելի ուշ «Сердитая Чувашия» ալիքում և զորակոչվածների չատում տեղեկատվություն հայտնվեց գիշերը ռազմաուսումնական կենտրոնում սկսված ապստամբության մասին։ Այնտեղ մտցվել են ОМОН (հատուկ ջոկատայիններ) և Ռուսգվարդիայի ուժերը։ Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ ապստամբության մասնակիցներին «հանգստացրել են», հայտնի չէ՝ ինչպես։
Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանում զորահավաքի մասնակիցները բողոքում են հրամանատարության կամ իրենց հատկացվող միջոցների հետ կապված խնդիրներից։ Համացանցում միայն վերջին ամսվա ընթացքում տասնյակ նման տեսանյութեր են հայտնվել։
Զորահավաքի սկզբից ի վեր երկրի տարբեր շրջաններից տեղեկություններ են հայտնվում, որ զորակոչիկները ստիպված են իրենք հավաքել պատերազմելու համար անհրաժեշտ պարագաները։ Բավականաչափ հանդերձանք չկա և նրանց խնդրում են ինքնուրույն գնել սեփական պաշտպանության միջոցներն ու դեղատուփերը։ The Insider լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զորակոչված ռուսաստանցիների կանայք չատերում քննարկում են, որ ամուսնուն պատերազմի ուղարկելը մոտ 150 հազար ռուբլի արժի (մոտ 970 հազար դրամ)։
Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ զորակոչվածների համար հագուստ կարելու մեջ իշխանությունները ներգրավել են դպրոցականներին ու ուսանողներին՝ Վլադիմիրսկի, Ռոստովի, Սամարայի մարզերից, Բուրյաթիայի և Բաշկորտոստանի հանրապետություններից և այլն։