Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 29-ին տեսաուղերձով դիմել է Կովկասի, Սիբիրի և Ռուսաստանի մյուս բնիկ ժողովուրդներին՝ կոչ անելով պայքարել զորահավաքի դեմ և պաշտպանել սեփական ազատությունը:
Ելույթի առանցքային հատվածները՝ ստորև․
Ուկրաինայում զոհվել է արդեն 58,5 հազար ռուսաստանցի: Ձեզ չեն ասում այդ թիվը: Ձեզ ստում են՝ իբր մոտ 6 հազար հոգի է զոհվել։ 58,5 հազար։ Սա է ճշմարտությունը: Նրանք բոլորը զոհվել են այն պատճառով, որ այս պատերազմը ցանկացել է մի մարդ: Ընդամենը մեկը: Որին ծառայում են շատերը:
Կովկասի ժողովուրդնե՜ր։ Ռուսաստանի տարածքում գտնվող ժողովուրդնե՜ր։ Դուք ոչ մի պատճառ չունեք լինելու այդ շատերից մեկը, որոնք դեռևս ծառայում են այդ մեկին, որն ուզում է այս պատերազմը: Դուք պարտավոր չեք զոհվել Ուկրաինայում: Ձեր որդիները չպետք է զոհվեն Ուկրաինայում։ Դուք նման պարտք ու պարտականություն չունեք։ Ո՛չ ձեր հայրերի առաջ, ո՛չ ձեր երեխաների, ո՛չ ձեր ապագայի, ո՛չ էլ ձեր երկրի ապագայի: Ու դուք դա գիտեք:
Մենք տեսնում ենք, որ դուք դիմադրում եք հանցավոր զորահվաքին, որով ռուսական իշխանությունը փորձում է ծածկել իր ձախողումները: Իր կադրային բանակի և հանցավոր հրամանների ձախողումները: Ձեզ ստում են, որ իբր այդպիսի ձախողումներ չկան:
Թե՞ հավատացել եք, որ ընդամենը 300 հազար մարդ կտանեն: Այդ մեկ մարդը, ով սկսել է այս պատերազմը, կանգ չի առնի զորահավաքի առաջին ալիքի վրա, կլինեն նորերը: Նա կփորձի ուրիշ կյանքեր էլ խլել:
Տեսեք` բանը ինչի է հասել: Մենք ստիպված ենք տեղեկատվական աշխատանքներ սկսել ու այժմ զորակոչվող ռուսաստանցի զինծառայողներին հասցնել այն միտքը, որ գոնե իրենց անուն ազգանունով դաջվածք անեն, որ մենք իմանանք ինչպես գտնել հարազատներին, երբ նրանց սպանեն ու մոտներն անգամ զինվորական ժետոն չլինի: Ռուսական իշխանությունը մարդկանց ուղարկում է այս պատերազմին առանց զինվորական ժետոնների, հաճախ` առանց փաստաթղթերի: Նրանք դա հատուկ են անում, որ ավելի հեշտ լինի ստել այն մասին, թե իրականում քանի մարդ է այստեղ զոհվում:
Հանցավոր զորահավաքի առաջին շաբաթվա մեջ Ռուսաստանից արդեն ավելի շատ տղամարդ է փախչել, քան ռուսական իշխանությունները պաշտոնապես պատրաստվում էին ուղարկել պատերազմի: Եվ ինչպե՞ս է դրան արձագանքում Կրեմլը: Ուղարկում է զինվորականներին Ռուսաստանի սահման` ընդդեմ Ռուսաստանի քաղաքացիների: Դա խայտառակություն է: Եվ խաբեությունը ինչ-որ կեղծ հանրահավաքներով, ինչ-որ ճանաչումներով ու բռնազավթումներով, Ռուսաստանի համար վերջանալու է է՛լ ավելի մեծ խայտառակությամբ:
Ոչ ոք չպետք է մասնակցի խայտառակ պատերազմին: Դաղստանցիները չպետք է զոհվեն Ուկրաինայում, ինչպես և չեչենները, ինգուշները, օսերը, չերքեզները և ցանկացած այլ ժողովուրդ, որ հայտնվել է ռուսական դրոշի տակ: Ընդհանուր գրեթե 200 տարբեր ժողովուրդներ… Դուք գիտեք` ով է նրանց Ուկրաինա ուղարկում: Ով, որ ուղարկում է, նա էլ ուզում է նրանց «груз 200» դարձնել: