Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են, բերման ենթարկված ցուցարարներին բաժանում են զինկոմիսարիատի ծանուցագրեր, արժեթղթերի շուկան անկում է ապրել 10%-ով, հարևան երկրների անցակետերում հսկայական հերթեր են, ինքնաթիռի տոմսերը մոտակա շաբաթների համար վերջացել են։ Արդյո՞ք Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքը կփոխի պատերազմի ընթացքը։
ОВД-Инфо իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զորահավաքի դեմ շուրջ 38 քաղաքներում սկսված ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 1315 քաղաքացի։ Մոսկվայում ձերբակալվածները կազմակերպությանը պատմել են, որ ոստիկանության մի քանի բաժանմունքներում իրենց հանձնել են զինկոմիսարիատի ծանուցագրեր։
«Հանրահավաքներում ձերբակալվածներին ծանուցագրեր հանձնելու պրակտիկան չի հակասում օրենքին», – ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
❗️ Задержанным на митинге в Москве вручают повестки
Их оставляют в ОВД Соколиная гора и Алтуфьево на ночь, чтобы утром отправить в военкомат. О такой же мере устрашения предупредили журналистов тюменские силовики.
Путин хочет дать оружие людям, которые его ненавидят. pic.twitter.com/f8ACj6f7wN
— SVTV NEWS (@svtv_news) September 21, 2022
Սանկտ-Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում ցուցարարները փորձել են վառել զինկոմիսարիատի, իսկ Տոլյատիում՝ քաղաքապետարանի շենքը։
Այսօր Բուրյաթիայում պատերազմի են կանչել 5 երեխաների հոր, ով երբեք չի ծառայել և չի եղել ռեզերվում։ Ծանուցագիր է եկել նաև մի տղամարդու, ով մահացել է երկու տարի առաջ և նույնպես չի ծառայել։
Հիշեցնենք՝ Պուտինը հայտարարել էր, որ զորակոչի ենթարկվելու են այն քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են պահեստազորում ու առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են, ունեն հատուկ զինվորական մասնագիտություն և համապատասխան փորձ։
«Ինչպե՞ս հիմա հավատալ այդ ցուցակներին, որ ամեն ոք մոբիլիզացիայի ենթակա չէ և դա մասնակի է», – գրում է զորակոչված տղամարդու քույրը։
Մեկ տարով պարտավորվում են բանակ գնալ նաև բոլոր նրանք, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում ստացել են ՌԴ քաղաքացիություն։ Խոսքը Կենտրոնական Ասիայի քաղաքացիների մասին է՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը։ Հրաժարվելու դեպքում, նրանք զրկվելու են քաղաքացիությունից։
Երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել նոր օրենքին, ըստ որի՝ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար նախատեսվում է մինչև երեք տարվա, իսկ եթե նման մերժումը հանգեցրել է «լուրջ հետևանքների»՝ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այնուամենայնիվ, ռուսաստանցիները մեծ արագությամբ լքում են երկիրը։
Ավտոմեքենաների հսկայական հերթեր են գոյացել Մոնղոլիայի, Ղազախստանի, Վրաստանի հետ անցակետերում։
Զորահավաքի հայտարարությունից րոպեներ անց արագ սպառվեցին սեպտեմբերի 21-ի բոլոր չվերթների ավիատոմսերը Մոսկվայից դեպի Երևան և Ստամբուլ։ Առաջիկա օրերի համար Մոսկվայից որոշ ուղղություններով տոմսեր արդեն չկան կամ կան, բայց շատ բարձր գներով։
Մոսկվա – Երևան չվերթների գինը կտրուկ բարձրացել է՝ տատանվելով 700.000 դրամից մինչև մեկ միլիոն դրամի միջև: Մոսկվա – Դուբայ ուղիղ չվերթի արժեքը բարձրացել է մինչև 3100 դոլար:
պետք է հագցնել, զինել, սովորեցնել
Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական զորքերի ամենամեծ խնդիրը կադրերի պակասն էր։ Փորձագետների կարծիքով՝ ռուսական բանակը թվային գերազանցություն ունի ռազմական տեխնիկայի, առաջնագծում և ռազմավարական ավիացիայի, ռազմածովային ուժերում, բայց որ ամենակարևորն է՝ ունի զինվորների պակաս։
Հայտարարված զորահավաքը ոչ միայն առաջնագծում զինվորների պակասի հրատապ խնդիրը լուծելու, այլև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար է, պարզաբանում է իսրայելցի ռազմական փորձագետ Դավիդ Գենդելմանը BBC-ի հետ զրույցում։ Այնուամենայնիվ, մոբիլիզացվածներին տարատեսակ իրերով ու ծառայություններով ապահովելը շատ բարդ է ու ծախսատար։
«Նրանց բոլորին պետք է հագցնել, զինել, սովորեցնել և այլն, իսկ նյութական ռեսուրսները, տեխնիկան, ուսումնական կենտրոնները, հրամանատարական անձնակազմը նույնիսկ ներկայիս բանակին է դժվարությամբ հերիքում», – ասում է փորձագետը։
Գենդելմանի կարծիքով, այժմ, մոբիլիզացիա հայտարարելու համար, անհրաժեշտ է կոտրել կոնֆլիկտի տարանջատված ընկալման հայեցակարգը և կառուցել նորը, որտեղ պատերազմն արդեն կվերաբերի շատ ավելի շատ ռուսների։
«Իհարկե, եթե անհրաժեշտություն լինի, ամեն բան կխաղարկվի քարոզչությամբ։ Օրինակ՝ Դոնեցկի ու Լուգասկի և այլ տարածքների Ռուսաստանին միացման դեպքում կարելի է ասել, որ «այն «հատուկ ռազմական օպերացիա» էր Ուկրաինայի վրա, իսկ այժմ այդ պատերազմը մեր հողի վրա է՝ հանուն ինքնիշխանության, տարածային ամբողջականության, Ռուսաստանի գոյության։ Պատերազմը եկել է մեր տուն, մեր դեմ է կանգնել ՆԱՏՕ-ն», – կարծում է փորձագետը։
առաջնագիծն այս պահին
Արդյո՞ք հայտարարված զորահավաքը կապ ունի ուկրաիանական բանակի վերջին հաջողությունների հետ։ Ուկրաինան սեպտեմբերի 6-ին հակահարձակում սկսեց Խարկովի մարզի հարավում ու արևելքում՝ ազատագրելով Բալակլեան, Կուպյանսկը և Իզյումը։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինական ուժերը Խարկովից դեպի հարավ և հարավ-արևելք 50 կիլոմետր առաջ են շարժվել։
Ռուսական ուժերի նահանջը Իզյումից ու Կուպյանսկից հանգեցրեց նրան, որ Խարկովից արևելք ընկած առաջնագծում գոյացել է 150 կիլոմետրանոց բացվածք։ Նահանջող խմբավորումները կորցրեցին հարյուրավոր զրահատեխնիկա ու հրետանի։ Արդյունքում Իզյումից դուրս եկած զորքերը, մասամբ կորցրեցին իրենց մարտունակությունը։ Ռուսական հրամանատարությանը, կարծես թե, չի հաջողվել գտնել ռեզերվներ՝ այդ բացը փակելու համար։
Արդյունքում՝ Օսկոլ և Սևերսկի Դոնեց գետերի երկայնքով տեղակայված ռուսական զորքերին չհաջողվեց հետաձգել ուկրաիանական առաջխաղացումը։ Ուկրաինայի Զինված ուժերը մի քանի հատվածներում հատել են երկու գետերը և հարձակողական գործողություններ են ծավալում Լուգանսկի շրջանի ուղղությամբ։