Home / Բանակ / Մոբիլիզացիա․ զոռով կռվի տանելը Ռուսաստանում հեշտացավ

Մոբիլիզացիա․ զոռով կռվի տանելը Ռուսաստանում հեշտացավ

Ռուսաստանում զորահավաք է հայտարարվել: Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախօրեին հապճեպորեն ընդունվել են Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի կողմից, շուտով կհաստատվեն և ուժի մեջ կմտնեն․ այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիային» մասնակցելուց հրաժարվելն այսուհետ կքրեականացվի։

Ուկրաինայի՝ ռուսական բանակի կողմից օկուպացված շրջաններում առաջիկայում «հանրաքվեներ» են անցկացվելու․ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյայի մարզերի բռնակցումից հետո ռազմական գործողություններին, այժմ՝ արդեն օրինական, կներգրավվեն նաև պարտադիր ժամկետային զինծառայողները։

Վերջին երկու օրերին ընդունված որոշումները սկզբունքորեն փոխում են պատերազմում Ռուսաստանի ներգրավվածության ձևը։ Վլադիմիր Պուտինը, զուգահեռաբար, սպառնում է միջուկային զենքով։

Սեպտեմբերի 20-ին Պետդումայի պատգամավորները հրատապ կարգով, երկրորդ և երրորդ ընթերցմամբ, միաձայն ընդունել են Ռուսաստանի քրեական օրենսգրքում փոփոխությունների մի փաթեթ, որով, օրինակ, դասալքության համար մինչև 10 տարի, իսկ պատերազմում մասնակցելուց հրաժարվելու համար՝ մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում։ Փոփոխություններից է նաև «հոժարակամ գերի հանձնվելը»․ թե ինչ է սա նշանակում՝ պարզ չէ, հանցանքի բովանդակությունը չի սահմանվում։ Հավանաբար, օրենսդրական այս նորամուծությունը հղվում է 1960 թվականի խորհրդային քրեական օրենսգրքի՝ «Վախկոտության կամ փոքրոգիության բերումով հոժարակամ գերի հանձնվելուն»։ Այս հոդվածով անցնող ռազմագերիներն կարող են դատվել 3-ից 9 տարվա ազատազրկման։

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերանայում են «զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների» համար նախատեսված պատիժները․ խոսքը այն հանցագործությունների մասին է, որոնք կատարվել են «զորակոչի ընթացքում, պատերազմական ժամանակներում և ռազմական դրության շրջանում»։ Այս նորմերն այսուհետ կարող են կիրառվել անգամ առանց պատերազմ կամ ռազմական դրություն հայտարարելու՝ արդեն նաև «հատուկ օպերացիաների» շրջանակում։

Պայմանագրայիններ և պահեստազորայիններ

«[Օրենսդրական նորամուծությունները] տարածվում են զինծառայողների վրա՝ ինչպես պայմանագրային, այնպես էլ պարտադիր ժամկետային, և այն քաղաքացիների [պահեստազորայինների] վրա, որոնք ներգրավվել են հավաքներում։

Առանցքային է, ըստ իս, ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվությունը։ Վերջին 6 ամիսների ընթացքում հսկայական քանակի հրաժարվողներ են եղել, որոնք կամ չեն ցանկացել մասնակցել ռազմական օպերացիային, կամ արդեն տեղում հրաժարվել են և վերադարձել տուն։

Արդեն նոր տերմին է առաջացել՝ «пятисотые»․ այսպես են անվանում զինվորներին, որոնք չեն գնում պատերազմի։ Իմ կարծիքով, այս օրենքն ընդունվել է նախևառաջ նրանց դեմ պայքարելու համար», – «Մեդուզա»-ի հետ զրույցում ասել է Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվելու իրավունքի համար պայքարող ռուսաստանցի իրավապաշտպանների կոալիցիայի իրավաբանը։

Մինչ այս հրամանատարները պարզապես սպառնում էին զինվորականներին, որոնք հրաժարվում էին մասնակցել հատուկ օպերացիային։ Ասում էին, որ դասալքության համար կդատեն և այլն։ Այդ դեպքերով քրեական գործեր, սակայն, չեն հարուցվել։ Այսուհետ կհարուցվեն, ասում է իրավաբանը․

«[Ծառայությունից] հրաժարվելու մասին դիմումներ ենք ստացել ամեն օր՝ և հարազատներից, և զինծառայողներից։ Հրաժարվողների համար [Լուգանսկում] հատուկ ճամբար էին ստեղծել, որը հետագայում լիկվիդացվել էր։ Այժմ հաղորդումներ ենք ստանում, որ հրաժարվողներին կրկին փակում են Լուգանսկի ճամբարում։ Ռուս-ուկրաինական սահմանին անընդհատ խնդիրներ էին առաջանում, որովհետև [Ռուսաստանի] ռազմական ոստիկանությունը փորձում էր արգելել հրաժարվողների ելքը անցակետերով։ Մարդիկ լքում էին Դոնեցկը տաքսիներով, որոնց վարորդները ծանոթ են անցակետերը շրջանցող ճանապարհներին։ [Երբեմն] հաջողվում էր հասնել ելքի թույլտվության, որովհետև նրանք, ովքեր պաշտոնապես հրաժարվում էին ռազմական օպերացիային մասնակցելուց, այնուամենայնիվ ունեինք իրավական հիմքեր, որոնք թույլ էին տալիս փոխել տեղակայման վայրը։ Հրաժարումների ալիքն իրոք մասշտաբային էր»։

Պահեստազորայիններին արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվում։

Հավանական է, որ առաջիկայում նրանք զրկվեն նաև Ռուսաստանը լքելու հնարավորությունից։ Պուտինի հրամանագիրը ուղղակիորեն չի արգելում պահեստազորայիններին լքել երկիրը, սահմանափակումները գործում են այն պահից, երբ զորակոչի ենթակա անձը ստացել է ծանուցագիր։

Ժամկետայիններ

Վլադիմիր Պուտինի առավոտյան տեսաուղերձից հետո հրապարակվել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հարցազրույցը։

Նախարարը հավաստիացնում էր՝ «մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կզորակոչենք 300 հազար պահեստազորայինների․ նրանց, ովքեր ծառայած են, ունեն հաշվառված ռազմական մասնագիտացում և մարտական փորձ։ Ժամկետայիններին և ուսանողներին չենք զորակոչի»։ Շոյգուն պարծենում էր՝ Ռուսաստանը «հսկայական ռեսուրս» ունի՝ ավելի քան 25 միլիոն պոտենցիալ զինծառայող, և զորակոչը կտարածվի այս ռեսուրսի մոտ մեկ տոկոսի վրա միայն։

Չնայած նախարարը խոստանում է, որ ժամկետայինները չեն զորակոչվի, Զինվորների մայրերի կոմիտեների միությունը հաղորդում է, որ նրանց արդեն իսկ տեղափոխում են ռուս-ուկրաինական սահման։

Զորակոչին զուգահեռ՝ Ռուսաստանը զարկ է տալիս նաև Ուկրաինայի գրավյալ տարածքների բնակցմանը։ Ուկրաինայի օկուպացված տարածքներում արդեն գալիք շաբաթ օրվանից «հանրաքվեներ» են լինելու․ տեղի ռուսական վարչակազմերը դրանց մասին հաղորդել են նախօրեին, քարոզարշավ չկա, ոչ ոք նույնիսկ չի փորձում օրինականության տպավորություն ստեղծել։ Չնայած Կիևն ու Արևմուտքը արդեն իսկ հայտարարել են, որ որևէ պարագայում այդ «հանրաքվեների» արդյունքները չեն ընդունի, ակնհայտ է, որ արդեն գալիք շաբաթ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ «հանրապետությունները», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերի՝ ռուսական բանակի կողմից գրավված տարածքները պաշտոնապես կբռնակցվեն։ Այսինքն՝ կդառնան Ռուսաստանի Դաշնության մաս։

Իսկ դա նշանակում է, որ այնտեղ, այսինք՝ ռազմական գործողությունների գոտում, այլևս օրենքի ուժող կարող են տեղակայվել նաև պարտադիր ժամկետային զինծառայողներ։

Զորակոչիկներ

Օրենսդրական այս նորամուծությունները ֆորմալ առումով չեն տարածվում այն մարդկանց վրա, որոնք դեռևս չունեն զինծառայողի կարգավիճակ, ասում է ռուսաստանցի իրավապաշտպանների կոալիցիայի փաստաբանը․

«Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում նաև նրանց, ովքեր չեն ներկայացել զինկոմիսարիատ։ Սա սխալ տեղեկություն է։ [Նոր օրենքները] տարածվում են բացառապես նրանց վրա, ովքեր զինվորական կոչում ունեն և ուղարկվել են զինծառայության՝ որպես պահեստազորային կամ որպես պարտադիր ժամկետային»։

Զինծառայությունից խուսափելը, իհարկե, քրեական պատասխանատվություն է ենթարկում, բայց դա նորամուծություն չէ։ Ռուսական օրենսդրության համաձայն, սա համարվում է թեթև հանցագործություն, եթե չկան ծանրացուցիչ հանգամանքներ՝ ազատազրկում կարող է չնախատեսվել։

Բայց, հաշվի առնելով, որ օրենսդրական այս փոփոխությունները նոր ծանրացուցիչ հանգամանքներ են ներմուծում, իսկ երկրում այսուհետ մոբիլիզացիա է հայտարարված, զինծառայություններից խուսափողներին ևս կարող են պատժել։ Վտանգը, որ նրանք այսուհետ քրեական պատասխանատվության և ազատազրկման կենթարկվեն, իրոք մեծ է։

Միևնույն ժամանակ, ըստ իրավաբանի, մարդիկ ունեն իրենց համոզմունքներից ելնելով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն պահանջելու սահմանադրական իրավունք։ Այդ իրավունքը դեռևս չի չեղարկվել։