Ուկրաինայի օկուպացված տարածքները մտնում են Ռուսաստանի կազմ․ համաձայնագրերը ստորագրվել են այսօր՝ Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցում էին նաև Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների նախագահները, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի օկուպացիոն վարչակազմերի ղեկավարները։ Բռնակցվող շրջաններից և ոչ մեկը ամբողջությամբ չի վերահսկվում ռուսական բանակի կողմից։
Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներն այսօր հանդես կգան Ուկրաինայի մասին արտահերթ ելույթներով։
«Խեղդել ճշմարտությունը» և «ստել Գեբելսի նման»
Ստորագրման արարողությունից առաջ Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինայի օկուպացված տարածքները «վերադառնում են տուն» և հիշեցրել Միացյալ Նահանգների՝ միջուկային զենք կիրառելու փորձի մասին։
Ռուսական հեռուստաալիքները նրա ելույթը հեռարձակել են ուղիղ եթերով։ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ընթացքում արտասվել է։
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները «կատարել են իրենց ընտրությունը», այդ ընտրությունը հիմնվում է «ժողովուրդների պատմական միասնության» վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա դիմել է «կիևյան ռեժիմին», թե՝ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ապրող մարդիկ «մեր քաղաքացիներն են դառնում հավե՛տ»։ Այս խոսքերը սրահում ներկա ռուսաստանցի չինովնիկները դիմավորել են ծափահարություններով։
«Կոչ ենք անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղան։ Ժողովուրդների ընտրությունը չե՛նք քննարկելու», – հավելել է Պուտինը։
Գրավյալ տարածքներում ռուսական բանակի կողմից կազմակերպված ֆիկտիվ «հանրաքվեները» Կիևն ու արևմտյան երկրները չեն ճանաչել։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է երկխոսության, բայց՝ ո՛չ թե Պուտինի, այլ Ռուսաստանի արդեն այլ նախագահի հետ։ Պուտինի ելույթից հետո նա դիմել է ՆԱՏՕ-ին։
Այնուհետև Ռուսաստանի նախագահը խոսել է ԽՍՀՄ փլուզման, ցուրտ ու սոված 90-ականների և արևմտյան դիկտատի մասին։ Կիրառվել է «նեոգաղութային համակարգ» արտահայտությունը։ Մեջբերում․ «Արևմուտքը պատրաստ է ամեն բանի՝ պահպանելու համար նեոգաղութային համակարգը, տուրքերի հավաքագրումը և հեգեմոնի ռենտան»։
Ռուսաստանի նախագահը հիշել է ստրկավաճառությունը, հնդկացիների ցեղասպանությունը Ամերիկայում, նաև՝ Հնդկաստանի ունեզրկումը և օպիումի մատակարարումները դեպի Չինաստան։ Ռուսական պատմությանը նա չի անդրադարձել։ Փոխարենը շեշտել է՝ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել և «ստեղծել նախադեպը»։ Մի քանի օր առաջ նա, ի դեպ, սպառնում էր ատոմային ռումբ կիրառել։
Պուտինը խոսել է նաև անգլոսաքսերի իշխանության, եվրոպական գործիչների հնազանդության, ռուսական նավթատարի պայթեցման, «պատժամիջոցային բլիզկրիգի» մասին։ «Նրանք խեղդել են ճշմարտությունը ֆեյքերի ծովում, ստում են՝ ինչպես Գեբելսը<․․․> Նրանք սկսել են մերժել կրոնի և ընտանիքի նորմերը։ Արդյո՞ք մենք ուզում ենք, որ մամայի և պապայի փոխարեն ծնող համար մեկ և ծնող համար երկուս լինի <․․․> Ազատության ճնշումը սատանիզմի հատկանիշներ է ձեռք բերում»։
Վերջում Պուտինը մեջբերել է «փիլիսոփա Իվան Իլյինին»․ «Եթե ես Ռուսաստանը իմ հայրենիքն եմ համարում, դա նշանակում է, որ ես ռուսերեն սիրում եմ, դիտում և մտածում, ռուսերեն երգում և խոսում»։
Ուկրաինայի քաղաքների ոչնչացմանն ու հազարավոր մարդկանց սպանությանը անդրադարձ չի արվել։
Ռուս-ուկրաինական պատերազմ՝ արդեն պաշտոնապես
Ռուսաստանին բռնակցվող մարզերից և ոչ մեկը ամբողջությամբ չի վերահսկվում ռուսական բանակի կողմից։ Թե ինչ սահմաններով են դրանք մտնելու Ռուսաստանի կազմ՝ պարզ չէ։
Գրավյալ տարածքների բռնակցման գործընթացը մեկնարկել է ուկրաինական հակահարձակման հաջողություններից և Խարկովի մարզը ազատագրելուց հետո։ Ուկրաինական բանակը մոտեցել է Դոնեցկի մարզի Լիման քաղաքին, խոսվում է ռուսական խմբավորումների շրջափակման վտանգի մասին։
Ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանում պահեստազորի «մասնակի» զորահավաք է։ Օկուպացված շրջանների բռնակցումից հետո (այսուհետ՝ օրինական կերպով) պատերազմի գոտի կարող են տեղափոխվել նաև պարտադիր ժամկետային զինծառայողները․ նրանք նախօրոք տեղափոխվել են դեպի սահման։
Չճանաչված դե յուրե, չվերահսկվող դե ֆակտո
Չնայած ուկրաինական նոր տարածքների անեքսիան հիշեցնում է Ղրիմի բռնակցման գործընթացը (2014 թ․), քաղաքական կոնտեքստը այլևս նույնը չէ։
«[Նոր տարածքների բռնակցումը պաշտոնապես ձևակերպելուց հետո] Ռուսաստանի Դաշնությունը դառնալու է դելեգիտիմիզացված սահմաններով պետություն, որը ներառում է հատվածներ, որոնք ոչ միայն ճանաչված չեն այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից դե յուրե, այլև չեն վերահսկվում կենտրոնական ադմինիստրացիայի կողմից դե ֆակտո», – BBC-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Եկատերինա Շուլմանը։
Սպասվում է, որ առաջիկայում համաձայնագրերը, որոնք Վլադիմիր Պուտինը կնքել է ուկրաինական տարածքների՝ Ռուսաստանի կողմից նշանակված օկուպացիոն իշխանությունների հետ, փոխանցվելու են Ռուսաստանի խորհրդարանին։ Վերջինս պետք է վավերացնի թե՛ դրանք, թե՛ նոր «սուբյեկտների» ընդունման մասին օրինագծերը։ Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա եկող շաբաթ։
Արևմուտքը հայտարարել է, որ նոր տարածքների բռնակցումը չի ճանաչելու։ Կիևը ընդգծել է՝ տարածքների ազատագրմանն ուղղված գործողությունները շարունակվելու են։
Պատերազմը՝ փիլիսոփայություն, ոչ թե ողբերգություն
Կիևի նկատմամբ վերահսկողությունը կարևոր խորհրդանիշ է կայսերական հայացքներ ունեցող բոլոր ռուսների համար՝ չինովնիկներից մինչև սովորական ժողովուրդ, The Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնին՝ Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր գործիչը։
«Այն ամենը, ինչ ձեռք է բերում Ուկրաինան, համարվում է խլված Ռուսաստանից»։
Ռուսաստանի այժմյան իշխանությունների համար պատերազմը ոչ թե ողբերգություն է, այլ փիլիսոփայություն, խնդիրները լուծելու հիմնական միջոց, շեշտել է Նավալնին։
«Ռուսաստանին խորհրդարանական հանրապետություն է պետք։ Այս դեղահաբի մեջ ես առաջարկում եմ տեսնել ամենակարևորը․ մեկ մարդու ձեռքերում կենտրոնացած իշխանության ռադիկալ կրճատում, կառավարություն, որ ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, անկախ դատական համակարգ և տեղական իշխանությունների լիազորությունների էական ընդլայնում։ Մի բան, որ երբևիցե չի եղել Ռուսաստանում և որի կարիքը մենք ունենք», – գրել է ընդդիմադիր գործիչը։