Վրաստանյան Պանկիսի կիրճի չեչենները միավորվում են կամավորական խմբերի մեջ՝ Ռուսաստանում զորահավաքից փախչող Չեչնիայի և Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետությունների բնակիչներին օգնելու համար։ Кавказ Реалии գործակալության թղթակիցը զրուցել է մարդկանց հետ, ում հաջողվել է հատել Ռուսաստան-Վրաստան սահմանը, ինչպես նաև մարդկանց հետ, ովքեր օգնել են վերջիններիս։
Ռուսաստանից հեռացողներին օգնություն անհրաժեշտ եղավ հատկապես սեպտեմբերի վերջին, երբ վրացական իշխանությունները առանց պատճառաբանության մասսայաբար արգելում էին կովկասյան շրջանների բնակիչներին անցնել սահմանը։
Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ կովկասցիների նկատմամբ խտրականության դեմ բողոքի ակցիայից հետո մարդկանց սկսեցին Վրաստան թողնել: Նրանց, ովքեր Թուրքիա են գնում` Վրաստան տրանզիտով, գիշերելու տեղ, գումար և կապեր են պետք։ Պանկիսցիները ձևավորել են խմբեր և չատեր սոցցանցերում, որոնք տարածել են Վերին Լարս գյուղի մոտ՝ անցակետում, սահմանը հատելու թույլտվության սպասող ծանոթների միջոցով։
Կամավոր Օսման Գորգիշվիլիի խոսքերով, ակտիվիստները փաստացի ամենասկզբից են կազմակերպել հումանիտար օգնության հավաքն ու առաքումը, սակայն սահմանի մոտ խնդիրներ են առաջացել։
«Մենք միջոցներ հավաքեցինք և կապի դուրս եկանք այն մարդկանք հետ, ովքեր հարկադրված էին մնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև չեզոք գոտում։ Իմացանք ինչի կարիք ունեն՝ ինչ ուտելիքի, դեղորայքի։ Գնեցինք այն ինչ անհրաժեշտ էր ու տարանք սահմանի մոտ։ Սահմանապահները կամավորներին չթողեցին գնալ այնտեղ։ Մենք գնացել ենք սահմանի անցակետ՝ հասկանալու, ինչու կովակասի բնակիչներին ներս չեն թողնում, բայց պատասխան չենք ստացել։ Մեզ չեն թույլատրել հումանիտար օգնությունը փոխանցել, խաբում էին, որ իրավիճակը լավ է և նրանց համար բավականաչափ ջուր և ուտելիք կա»,- պատմում է Գորգիշվիլին։
Նրա խոսքերով, ակտիվիստները ստիպված էին դեպի Վերին Լարսի կողմ գնացող սահմանը հատող սովորական վարորդներին խնդրել, որ իրենց հետ վերցնեն ուտելիքով և դեղորայքով տուփերը և փոխանցեն չեզոք գոտում մնացողներին։
Նրանց, ովքեր հայտնվում էին Վրաստանում, օգնություն էին ցուցաբերում ըստ անհրաժեշտության։ Կամավորներն ասում են, որ օգնության համար դիմողներից ոչ ոք անպատասխան չի մնացել։ Օրինակ, կամավորականներից մեկը պատմում է, որ երբ իրենց բնակավայրը շտապ կերպով լքած 10 չեչենների խումբը հատել էր սահմանը և գրել, որ տրանսպորտի ու գիշերակացի տեղի կարիք ունեն, կամավորները նրանց համար վարձակալել էին մինիվեն և բնակարան Թբիլիսիում։ Եկածների մի մասը պլանավորում են մնալ Վրաստանում՝ հիմնականում Բաթումիում և Թբիլիսիում։ Մի մասին տարել են Պանկիսի կիրճ, քանի որ ապրելու տեղ չունեին։
Չեչեններն ու ինգուշները սահմանն անցնելու շանս չունեն
Кавказ Реалии-ն զրուցել է նաև ռուսական զոահավաքից փախչող մի չեչենի հետ, որին հաջողվել էր ժամանակավորապես հայտնվել Թբիլիսիում։ Նա երկու օր անցկացրել էր սահմանին և պատմել է, թե ինչպիսին էր իրավիճակը մինչ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերը՝ հերթերը օրեր էին տևում, քնում էին սառը հատակին (ստվարաթուղթ էին փռում ու պառկում վրան), շատերը ուտելիք չունեին, հերթերի հրմշտոցի մեջ մարդիկ վատանում էին, ընկնում էին, ոտքն էին ոլորում և ոչ ոք բժշկական օգնություն չէր ցուցաբերում, անցակետում վերցնում էին անձնագրերն ու ժամերով չէին վերադարձնում և այլն: Իրենց հետ կային մարդիկ, որ արդեն մի շաբաթ սպասում էին: Շատերը ծախսել էին բոլոր միջոցները մինչև անցակետին հասնելը ոստիկաններին կաշառելու վրա, որ մի քիչ ավելի առաջ գնան հերթի մեջ:
«Երբ բոլորի մոտ ուտելիքը վերջացավ, իսկ սահմանին այն ձեռք բերելու տեղ չկար, ինչ-որ մեկը իրավիճակը նկարագրող տեսանյութ ձայնագրեց չեչեներեն մեկնաբանություններով: Դրանից հետո Վրաստանի կողմից օգնություն ուղարկեցին: Ուտելիքից բացի երեխաների համար տակդիրներ ու դեղորայք կար»:
Չեչենը պատմում է, որ սահմանից շատերին հետ էին ուղարկում։ Վերին Լարսի մոտ նրան հայտնել էին, որ չեչենները և ինգուշները գործնականում շանս չունեն սահմանն անցնելու թույլտվություն ստանալ։
Կամավորները շարունակում են մոնիթորինգը
Բերգման անունով վրացական կամավորների մեկ այլ խմբի անդամը պատմում է, որ իրենց մեծամասամբ չեչեններն են դիմում, սակայն նա մեկ այլ ակտիվիստների խումբ գիտի, որը զբաղվում է Ռուսաստանից փախչող ադիգներին օգնելով։
«Պանիկիսի բնակիչները հայտարարել են, որ պատրաստ են ազգությունից անկախ իրենց տանն ընդունել բոլորին, ում գիշերակացի տեղ է պետք։ Մի ռուս աղջիկ կար, ում նույնպես չէին թողնում սահմանն անցնել և չեզոք գոտում էր մնում, հետո նրան ներս թողեցին ու նա հետ վերադարձավ, որ մեր ազգակիցներին սնունդ ու դեղորայք փոխանցի կամավորների կողմից», – հիշում է Բերգմանը։
Նրա խոսքերով, օգնություն է եկել նաև Եվրոպայում հիմնված «Վայֆոնդ» չեչենական իրավապաշտպան կազմակերպությունից, որը ռուս-վրացական սահմանում մնացած ազգակիցներին աջակցություն ցույց տալու համար միջոցների հատուկ հավաք էր կազմակերպել։
Վերջին անգամ ակտիվիստները սահման են մեկնել սեպտեմբերի 30-ին։ Օգնության չատում բոլոր մարդկանց արդեն ներս էին թողել։ Մարդիկ, այնուամենայնիվ, դեռ օգնության կարիք ունեին՝ տրանսպորտի հարցում, որ կտաներ մինչև Թբիլիսի, և խորհուրդների, թե ուր գնալ Վրաստանից։
Վրացական հատուկ ծառայությունները սահմանն անցնելու թույլտվություն ստանալու կարգի մասին պաշտոնական մեկնաբանություն չեն տալիս, ինչը տարբեր զրույցների առիթ է դառնում։
«Ինչ-որ մեկը համացանցում սադրող մեկնաբանություն էր հրապարակել, իբր մահմեդականներին Վրաստան չեն թողնում։ Դա ճիշտ չէ։ Թբիլիսիում հանգիստ զբոսնում են նիկաբներով բազմաթիվ կանայք, մահմեդական երկրներից եկածների մեծ հոսք կա։ Պանկիսի կիրճում նույնպես մուսուլմաններն ազատ են ապրում և իրենց կրոնն են դավանում։ Հնարավոր է, վրացական իշխանությունները փորձում էին եկողների հոսքից առանձնացնել և հեռացնել կադիրովականներին։ Լավ կլիներ, եթե Վրաստանն իրոք հեռացներ նման մարդկանց։ Բայց նրանք տարիներ շարունակ այստեղ են գալիս առանց խոչընդոտի։ Հնարավոր չէ բոլորին ստի դետեկտորի վրա նստեցնել», – ասել է Բերգմանը։
Ռուսաստան չենք վերադառնալու
Իր պատմությունն է պատմել նաև Ինգուշեթիայի բնակիչ Ալիմը։ Նա առաջիններից էր, որ Վերին Լարսի և վրացական անցակետի միջև տիրող իրավիճակի մասին տեսանյութեր էր տարածել։ Ալիմն այնտեղ անցկացրել է հինգ օր։ Հիմա նա անվտանգ վայրում է՝ իր եղբոր և 18-ամյա որդու հետ։ Ինգուշի խոսքերով, նա պատրաստվում է Վրաստանից Եվրոպա տեղափոխվել և այնտեղից իր ուժերի չափով օգնել Ուկրաինային։
Ալիմն ու նրա եղբայրը որոշել են, որ ոչ մի դեպքում չեն գնալու ռուսական բանակի կազմում Ուկրաինայի դեմ կռվելու։
«Կարծում եմ, զորահավաքի մյուս ալիքին իմ հետևից էլ կգան։ Դրա համար, երբ վրացի սահմանապահներից մերժումներ էինք ստանում, հաստատ գիտեինք, որ Ռուսաստան միևնույն է չենք վերադառնալու», – պատմել է Ալիմը։
Ալիմն իր եղբոր ու որդու հետ 12 ժամ սպասում էր մինչ իր հերթը հասնի։ Գիշերվա մեկին նրանց կարճ հարցաքննեցին ուղևորության նպատակի մասին և գրավոր կերպով մերժեցին Վրաստան մուտք գործել։ Որպես հիմնավորում փաստաթղթում նշված էր «այլ պատճառներ, կապված երկրի օրենսդրության հետ»։
Ալիմը գիշերեց սահմանի պահակակետի հատակին, իսկ որդին և եղբայրը՝ մեքենայում։ Հազարից ավել մարդու համար ընդամենը մի զուգարան էր։ Ավելի ուշ Ալիմը կապի մեջ է մտել Վրաստանի, Թուրքիայի և Եվրոպայի բլոգերների հետ, սոցցանցերում չեչեն-կիստինների խմբեր է գտել։ Երրորդ գիշերը նա՝ հյուսիսային կովկասի մի քանի հարյուր բնակիչների հետ միասին, հաղորդագրություններ էր ձայնագրում և ուղարկում Վրաստան ու ուրիշ երկրներ։
«Երբ սկսեցին ներս թողնել, մտածում էի, որ մինչև Թբիլիսի չեմ հասնի՝ չեմ դիմանա հոգնածությանը։ Օգնեց կամավորներից մեկը՝ նստեց մեքենայիս ղեկին ու հասցրեց մեզ։ Երեք օր ապրել ենք տեղացի մի ծեր չեչեն կնոջ տանը։ Մենք երեքովս խոհանոցում էինք ու ևս երկու Ռոստովի զորահավաքից փախած դասալիք՝ կողքի սենյակում»։
Չեչնիայում դասալիքների են փնտրում․ այս ցուցակում են հայտնվել այն մարդիկ, ովքեր վերջերս դիմել են արտերկիր մեկնելու անձնագիր ստանալու և գրանցման հասցեն փոխելու համար, ինչպես նաև զորահավաքի դեմ ցույցի մասնակիցների հարազատները։ Այս բնակիչներին առաջնահերթ տանում են պատերազմելու՝ հաճախ խոսքը գնում է ոչ զորակոչային տարիքի անձանց մասին։