Ռուսաստանը խորացնում է իր առևտրատնտեսական հարաբերությունները՝ փոխարինելով արևմտյան երկրները այլ երկրներով։ Ըստ New York Times-ի զեկույցի՝ Ռուսաստանի առևտրի ծավալները Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ Ուկրաինայում պատերազմից հետո մեծացել են։ ՆԱՏՕ անդամ Թուրքիան, օրինակ, աշխարհում առաջատարն է դեպի Ռուսաստան արտահանման ծավալներով։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլ շատ երկրներ մի շարք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ֆինանսական արդյունաբերության, Կենտրոնական բանկի, ածուխ ու նավթ արտահանող ընկերությունների և առհասարակ արտահանումների վրա։ Ռուսաստանի արտահանումների ծավալը նվազում է պատժամիջոցների և առևտրի սահմանափակումների ֆոնին։
Այնուամենայնիվ, Ռուսաստանից Թուրքիա արտահանումների ծավալը պատերազմի սկզբից ի վեր աճել է 213%-ով: Անկարայի ու Մոսկվայի միջև առևտրի ծավալը կազմում է 6,2 միլիարդ դոլար։
Սլաքների չափը պայմանավորված է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի հետ ամսական արտահանման ծավալով: Տոկոսային փոփոխությունը ներխուժումից հետո միջին ամսական արտահանման ծավալն է՝ համեմատած 2017-2021 թվականների ամսական միջինի հետ:
Թուրքիան միշտ էլ կախվածություն է ունեցել Ռուսաստանից պարենամթերքի ու գազի մատակարարման հարցում։ 2021 թվականին Թուրքիա ներմուծվող ամբողջ ցորենի գրեթե 65%-ը և գազի 50%-ը մատակարարել է Ռուսաստանը։
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Ակկույու» ատոմակայանը․ միայն այս կայանի արժեքը 22 միլիարդ դոլար է։ Ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է սկսել 2023 թվականին, իսկ բոլոր բլոկները՝ մինչև 2026 թվականի վերջ։ Այն տարեկան 35 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրելու։
ՆԱՏՕ անդամ և ԵՄ հավակնորդ Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, սակայն ի տարբերություն ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ շատ երկրների, չի կիրառել պատժամիջոցներ Մոսկվայի նկատմամբ և փորձում է որպես միջնորդ հանդես գալ հակամարտող կողմերի միջև։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Մոսկվայի և Անկարայի միջև տնտեսական կապերի ակտիվացումը մտավախություն է առաջացնում արևմտյան պետությունների մոտ, որոնք զգուշացնում են Անկարային հնարավոր պատժիչ պատասխանի մասին, եթե նա օգնի Մոսկվային խուսափել պատժամիջոցներից:
Թուրքիան գլխավորում է Ռուսաստան ներմուծումների աճ գրանցած երկրների ցանկը (113%), երկրորդ տեղում Չինաստանն է։
Սլաքների չափը պայմանավորված է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի հետ ամսական ներմուծման ծավալով: Տոկոսային փոփոխությունը ներխուժումից հետո միջին ամսական ներմուծման ծավալն է՝ համեմատած 2017-2021 թվականների ամսական միջինի հետ:
Բացի Թուրքիայից, Ուկրիանա ներխուժումից հետո Ռուսաստանի հետ իրենց առևտրատնտեսական հարաբերությունները խորացրել են նաև Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Բելգիան, Իսպանիան և Նիդեռլանդները:
Սլաքների չափը պայմանավորված է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի հետ ամսական առևտրի ծավալով: Տոկոսային փոփոխությունը ներխուժումից հետո միջին ամսական առևտրի ծավալն է՝ համեմատած 2017-2021 թվականների ամսական միջինի հետ:
Չնայած Արևմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ պարբերաբար կիրառվող պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է խորապես փոխկապակացված լինել համաշխարհային տնտեսության հետ։ Ռուսաստանի տնտեսությունը քայքայելու արևմտյան փորձերը մինչ այժմ սահմանափակ ազդեցություն են ունեցել:
Եվրամիությունը, որը մեծապես կախված է ռուսական էներգիայից, արդեն պայքարում է գնաճի դեմ։ Եվրոպան դադարել է ռուսական ածուխի ներմուծումը օգոստոսին, իսկ դեկտեմբերին արգելելու է Ռուսաստանից ծովով առաքվող նավթի ներմուծումները, փետրվարին՝ բոլոր նավթամթերքների ներմուծումը։ Ռուսաստանն, իր հերթին, արգելել է սեփական արտահանումների մի մասը, այդ թվում՝ գյուղատնտեսական և բժշկական ապրանքների։
Նավթի ու գազի արտահանումը Ռուսաստանի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է: Վերջին տարում նավթի և գազի բարձր գինը մեծացրել է նրա արտահանման արժեքը, ինչը օգնեց Մոսկվային փոխհատուցել պատժամիջոցների պատճառով կորցրած եկամուտները: «Գազպրոմը» այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային շահույթ է գրանցել, նույնիսկ այն դեպքում, երբ դեպի Եվրոպա առաքումները սկսել են անկում ապրել:
Նավթամթերքի նոր արգելքները, որոնք ուժի մեջ են մտնելու առաջիկա ամիսներին, կարող են մեծ եկամտի կորուստ լինել Ռուսաստանի համար: Բայց նավթը, որը դուրս է գալիս Ռուսաստանից օվկիանոսային ճանապարհով, հավանաբար կգտնի իր ճանապարհը դեպի նոր շուկաներ: Ուկրաինա ներխուժումից հետո Հնդկաստանը և Չինաստանը դարձել են ռուսական նավթի շատ ավելի մեծ գնորդներ:
Արևմուտքի հետ Ռուսաստանի երկարամյա տնտեսական կապերը քիչ-քիչ խզվում են՝ իրենց տեղը զիջելով նոր դաշինքներին: