Ուկրաինական բանակը ազատագրել է Լիման քաղաքը՝ կարևոր տրանսպորտային հանգույց Դոնեցկի մարզում, որը օկուպացվել էր մայիսի վերջին։ Ռուսաստանի ՊՆ-ն, հաստատելով նորությունը, հայտարարել է, որ զորքերը «դուրս են բերվել ավելի շահավետ ճակատներ»։
Այժմ նախատեսվում է, որ ուկրաիանական զորքերը հարձակում են սկսելու Լուգանսկի մարզի տարբեր շրջաններում․ արևելքից՝ Կրեմեննայա, Ռուբեժնոյե, Սևերոդոնեցկ քաղաքաներում, հյուսիսից՝ Սվատավոյում։ Ռուսական հրամանատարությունը (Լուգանսկի մարզի կեսը չկորցնելու համար) ստիպված կլինի տեղափոխել այդ առաջնագիծ մեծ քանակի ռեզերվներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պլանավորում էր օգտագործել Դոնբասի հարավում և Զապորոժիեի մարզում։
Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի ու Զապորոժիեի օկուպացված տարածքների Ռուսաստանին բռնակցումից անմիջապես հետո։ Դաշինքի անդամ եվրոպական 9 երկրների ղեկավարներ աջակցել են Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալուն։
Ուկրաինական բանակի համար Լիմանի գրավումը բացում է ազատ տարածություն՝ հնարավորություն տալով բաց տեղանքով առաջ շարժվել Սվատովի ուղղությամբ՝ ռուսական ստորաբաժանումների կողմից Օսկոլ գետի երկայնքով հապճեպ կառուցված պաշտպանական գծերը կտրելու սպառնալիքով, փակել ռուսական Վալույկի քաղաքից Տրոյիցկոյե-Սվատովո գծի վրա ընկած ճանապարհը և լիկվիդացնել նոր հենակետերը, որոնք ռուսական զորքերը կառուցում են այդ ճանապարհի երկայնքով։
Ուկրաինական ուժերը կարող են նաև ուղղվել դեպի արևելք և հարվածել Կրեմեննոյի ուղղությամբ՝ հյուսիս-արևմուտքից Սևերոդոնեցկ հասնելու հեռանկարով։ Կարևոր է նաև այն, որ Ուկրաինային հաջողվել է գրավել Բելոգորովկան և արևմուտքից հասնել Սևերոդոնեցկ-Լիսիչանսկ բնակավայրերի մատույցներին։
Լիմանի գրավումից հետո տելեգրամյան ալիքները սկսեցին հաղորդել Կրեմեննայի շրջանում մարտերի մասին, որը գտնվում է Սևերոդոնեցկ-Ռուբեժնոյե-Լիսիչանսկ «եռանկյունու» ճանապարհին։ Ուկրաինական զորքերի հարձակման այս տեսակ զարգացման մասին գրել է Լուգանսկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը:
Ուկրաինական ուժերն այսօր արդեն վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Տորսկոյե և Խերսոնի մարզի Միրոլյուբովկա գյուղերը։ Տորսկոյեի գրավումը մեծ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բնակավայրը գտնվում է Կրեմեննայից 22 կիլոմետր հեռավորության վրա։
Լիմանում կրած պարտությունը նաև վկայում է այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Ուկրաինայի հարավում օկուպացրած տարածքները ավելի կարևոր են, քան Լուգանսկի մարզի պաշտպանությունը՝ գրում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW):
«Ռուսական ուժերը շարունակել են ամրապնդել դիրքերը Խերսոնի և Զապորոժիեի մարզերում՝ չնայած Խարկով-Իզյում ճակատի փլուզմանը և նույնիսկ Լիմանի շրջակայքի ռուսական դիրքերի փլուզման ժամանակ», – մեկնաբանում է ինստիտուտը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին ուկրաինական բանակը հակահարձակում սկսեց Խարկովի մարզի հարավում ու արևելքում։ Ռուսական ուժերը օրեր անց լքեցին Բալակլեան, Կուպյանսկը՝ տարածաշրջանում ՌԴ պաշտպանության նախարարության հիմնական թիկունքային բազան և Իզյումը, որտեղ տեղակայված էր ՌԴ ռազմական շտաբը։
Կսեղմի՞ կոճակը
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև շատ այլ ռուս պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու քարոզիչներ, պարբերաբար սպառնում են Արևմուտքին միջուկային զենքով: Կհամարձակվի՞ Պուտինը միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Եթե կարճ՝ հավանականությունը փոքր է, բայց այն չի կարելի բացառել։
Ռուս զինվորականները, միջուկային զինանոցը դիտարկում են որպես գլխավոր հաղթաթուղթ, որը կարելի է հակադրել Արևմուտքի բարձր տեխնոլոգիական զենքին։ Ատոմային ռումբի կիրառման ամենակարևոր գործոնը համարվում է հոգեբանական ազդեցությունը հակառակորդի վրա, մասնավորապես՝ ցուցադրել վճռականություն և բարձրացնել էսկալացիայի աստիճանը այնքան, մինչև հիպոթետիկ ագրեսիան չդադարեցվի և չկնքվի խաղաղություն՝ Ռուսաստանին բավարարող պայմաններով։
Այս դեպքում զենքի ուղղակի օգտագործումը ռազմական նպատակներին հասնելու համար մղվում է հետին պլան։ Կոնֆլիկտի յուրաքանչյուր փուլում միջուկային զենքը կամ դրա կիրառման սպառնալիքներն իրենց դերն են խաղում:
Գրեթե բոլոր փորձագետները համաձայն են երկու հիմնական դրույթների հետ․
— առաջին հերթին, թեև միջուկային զենքի կիրառման ռիսկ կա և Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զգալիորեն աճել է, այն դեռևս այդքան էլ բարձր չէ։ Այն չի կարելի համեմատել, օրինակ, նրա հետ, թե ինչ էր սպառնում աշխարհին Կարիբյան ճգնաժամի ժամանակ։
— երկրորդ՝ եթե Ռուսաստանի իշխանությունները որոշեն օգտագործել ոչ ռազմավարական միջուկային զենք, մենք դրա մասին շատ հավանական է, որ նախապես կիմանանք։ Քանի դեռ մենք դրա մասին չենք լսել, նշանակում է, որ նախապատրաստական աշխատանքները չեն սկսվել։
«ՌԴ-ի պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպան ոլորտում» ամենակարևոր բաց փաստաթուղթն է այս թեմայի վերաբերյալ։ «Հիմունքները» սահմանում են այն պայմանները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին օգտագործել միջուկային զենք։
— Առաջինը պատասխան միջուկային հարվածն է (ի պատասխան՝ Ռուսաստանի և (կամ) դաշնակիցների տարածքը գրոհող բալիստիկ հրթիռների, այդ տարածքներում միջուկային զենքի օգտագործման և ցանկացած ոչ միջուկային հարվածի, որը կարող է խոչընդոտել Ռուսաստանի միջուկային ուժերի պատասխանին):
— Երկրորդը միջուկային պատասխանն է ոչ միջուկային պատերազմին՝ սահմանված արդեն հայտնի ձևակերպմամբ․ «ՌԴ-ի դեմ ագրեսիան՝ հասարակ զենքի կիրառմամբ, երբ վտանգի տակ է պետության գոյությունը»։
Ցանկացած դեպքում, որոշում կայացնողը Ռուսաստանի նախագահն է։