Այսօր առավոտյան Կիևի կենտրոնում առնվազն 5 պայթյուն է տեղի ունեցել։ Ռուսական ուժերը գրոհել են մայրաքաղաքը իրանական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, հայտնում են ուկրաինական իշխանությունները։
«Ռուսները կարծում են, որ սա իրենց կօգնի, բայց այս տեսակ գործողությունները նման են հոգեվարքի։ Մեզ պետք են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, որքան հնարավոր է շուտ։ Ավելի շատ զենքեր՝ երկինքը պաշտպանելու և թշնամուն ոչնչացնելու համար», – իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Explosions in Kyiv. The 🇺🇦 capital was attacked by kamikaze drones. The Russians think it will help them, but such actions are like agony.
We need more air defense systems ASAP. More weapons to defend the sky and destroy the enemy.#russiaisateroriststate pic.twitter.com/sg4QoEEZJH
— Andriy Yermak (@AndriyYermak) October 17, 2022
Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ, ինչի հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել և վնասվել են բնակելի շենքեր, հայտնում է Reuters-ը։
Շևչենկոյի շրջանում կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, գրում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ներկա պահին փրկվել է 18 մարդ, որից 3-ը հոսպիտալացվել են, փլատակների տակից դուրս է բերվել մեկ կնոջ դի, առնվազն ևս մեկ մարդ փլատակների տակ է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Կիևի և Ուկրաինայի այլ շրջանների վրա նոր հարձակումները։ Այնուամենայնիվ, նախօրեին, իր ամփոփագրում, այն կրկին հայտնել էր «ռազմական հրամանատարության օբյեկտների և Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա» հարվածներ հասցնելու մասին։
Անցած շաբաթվա սկզբին Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների, այդ թվում՝ Կիևի, էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Հետո հարվածների ինտենսիվությունը նվազեց, և հրթիռների փոխարեն Ռուսաստանը սկսեց օգտագործել Իրանից գնված «Shahed-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակն անվանում է «Герань-2»։
Սոցցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվում, թե ինչպես են մայրաքաղաքի բնակիչները փորձում զենքով խոցել անօդաչու թռչող սարքերը։
Ռուսական ուժերը այսօր և նախօրեին անօդաչուներով հարվածներ են հասցրել նաև Նիկոլաևի, Սումի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։