Հունիսի 24-ի գիշերը, 2023 թվականին, ոստիկանները ներխուժել էին այն ժամանակ դեռ գործող «Բան» ակումբ։ Այցը պատճառաբանվել էր աղմուկով և ավարտվել խուզարկությամբ, որի ընթացքում ակումբի ներքին սենյակում հայտնաբերել էին 1․5 գրամ մետամֆետամին և 5․8 գրամ մարիխուանա։
«Բանում» այդ գիշեր հարսանեկան աֆթերփարթի էր։ Հյուրերին՝ 37 հոգի, բերման էին ենթարկել Արաբկիրի ոստիկանություն։ Բաժնում մարդկանց ծեծել էին, նվաստացրել, հայհոյել, խեղդել և մերկացրել (խոշտանգումների առթիվ հետագայում առանձին քրեական գործ է հարուցվել, բայց անցած երկու տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց այդ գործով չկա): Ձերբակալվածներից — մեծ մասը՝ Ռուսաստանի քաղաքացիներ — ոչ ոք զանգի իրավունք չի ունեցել, թարգմանիչ չի հատկացվել, ցուցմունքները կորզվել են առանց փաստաբանների։ Առավոտյան ձերբակալվածներից երեքին տեղափոխել են ՁՊՎ, մյուսներին ազատ են արձակել։ Երեք օր անց մեղադրանք է առաջադրվել միայն Ելիզավետա Դանիլիչևային։
Ելիզավետան միակն է, ում մոտ ոստիկանները թմրանյութ են գտել՝ 0․48 գրամ մետամֆետամին, որն, ի դեպ, հայտնաբերվել է ոչ թե ակումբում շմոն անելուց, այլ ոստիկանական բաժանմունքում անձնական խուզարկության ժամանակ։ Սա ավելի շատ խոսում է մեղադրյալի շփոթվածության և անփորձության մասին․ նույնիսկ դատարանում հրապարակված տեսանյութերից է ակնհայտ, որ նախքան բաժնում հայտնվելը Դանիլիչևան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել իր գրպանում եղածից ազատվելու համար։
Առաջին իսկ ցուցմունքում նա խոստովանել է, որ թմրանյութը պահել է անձնական օգտագործման համար։ Բայց նրան մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար (ՔՕ 393․3․2 հոդված), որը ծանր հանցագործություն է համարվում։ Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչ հայտնաբերվել է ակումբի ներքին սենյակում, բարդվել է Դանիլիչևայի վրա, թեև այդ սենյակում ռեյդի պահին մոտ 5 մարդ է եղել, և Դանիլիչևայի կապը սեղանին դրված նյութերի հետ փաստերով չի հիմնավորվել։
Տարբերությունը սկզբունքային է․ նրա մոտ հայտնաբերված կես գրամը որակվում է որպես «խոշոր չափ», իսկ ակումբում հայտնաբերված ընդհանուր քանակը՝ որպես «առանձնապես խոշոր չափ»։ Ելիզավետան ամենասկզբից էլ խոստովանել է, որ թմրանյութ է պահել անձնական օգտագործման համար, բայց շահադիտական նկատառումներով իրացումը նա համարում է մտացածին և հիմնազուրկ մեղադրանք։ Գործով տուժածներ չկան, վկաների ցուցմունքներն էլ հաստատում են պաշտպանական կողմի վարկածը։
Մեղադրյալը և վկաներից մի քանիսը մատնանշել են թմրանյութերն ակումբ բերած և խնջույքի մասնակիցներին հյուրասիրած տղամարդուն։ Նրան հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օպերատիվ գործողություններ չեն իրականացվել։ Մեղադրական եզրակացությունը հիմնվում է մոտավորապես նրա վրա, որ Ելիզավետան եղել է ակումբի ներքին սենյակում և որոշ քանակի թմրանյութ ունեցել է իր մոտ։ Ձերբակալությունից հետո նրանից կորզվել են խառը ցուցմունքներ՝ այդ թվում բռնություններով (ապտակ, հայհոյանքներ և այլն)։
Ելիզավետայի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը։ Նա միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով փոխել հոդվածը։ Եթե նրան իրացում չմեղսագրեին, առավելագույն պատիժը կլիներ 3 տարի (ամենայն հավանականությամբ՝ պայմանական), նվազագույնը՝ տուգանք։ Փաստաբանի միջնորդությունը դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է։
Ելիզավետան արդեն մեկ տարի չորս ամիս անցկացրել է բանտում կամ տնային կալանքի տակ։ 2025-ի հուլիսի 23-ին ընդհանուր իրավասության քրեական դատարանը վճիռ է կայացրել՝ դատապարտելով նրան 6 տարվա ազատազրկման և համակցելով պատժին փաստացի անազատության մեջ անցկացրած ժամկետը։ Եթե վերադաս դատարանը վճիռը թողնի անփոփոխ, Ելիզավետան կազատազրկվի ևս 4 տարի 8 ամիս ժամկետով։ Վերաքննիչ դիմելու համար նա մոտ մեկ ամիս ունի, մինչև նոր վճռի հրապարակումը կանցկացնի վարչական հսկողության տակ։