Պարեկները ՄԻԱՎ ունեցող տղամարդու պայուսակում հակառետրովիրուսային դեղեր են հայտնաբերել, չեն հավատացել, որ դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ի բուժման համար, և թմրանյութեր պահելու կասկածանքով բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Բաժնում նրան ծաղրել են, նվաստացրել, ՄԻԱՎ-ի մասին պատմել են բոլոր ծառայակիցներին (ընթացքում ՄԻԱՎ-ը խառնել են ՁԻԱՀ-ի հետ), առանց թույլտվության պատասխանել են նրա հեռախոսազանգերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակը բացահայտել նաև ընտանիքի անդամներին։
Գիշերը ժամը 12-ն անց կես, տուն վերադառնալու ճանապարհին, ինձ կանգնեցրեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ասացին, թե թմրանյութ են փնտրում, բացեցին պայուսակս և գտան ՄԻԱՎ-ի բուժման համար նախատեսված ՀՌՎ դեղեր՝ պատմել է տղամարդը։
«Չիմանալով, թե ինչի համար են նախատեսված այդ դեղերը, ոստիկանները սկսեցին մեղադրել ինձ թմրանյութեր պահելու մեջ: Փորձեցի բացատրել, չլսելով իմ բացատրությունները՝ տարան Ոստիկանության բաժին։ Ինձ հարցաքննում էին տարբեր աշխատակիցներ: Հարցին՝ ի՞նչ դեղեր են դրանք, պատասխանեցի, որ B20-ի համար նախատեսված դեղեր են: Քննիչը հրահանգեց մյուս աշխատակիցներին նայել ինտերնետում՝ ինչ է նշանակում B20: Տեսան, որ նշանակում է՝ մարդն ունի ՄԻԱՎ, սկսեցին ծաղրել, գոռալ, թե բաժնում ՍՊԻԴ-ով հիվանդ կա, իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակը առանց իմ համաձայնության բացահայտեցին ամբողջ բաժնում, տեղեկատվությունը հասավ մինչև բաժանմունքի ոստիկանության պետին», – տղամարդու խոսքերը մեջբերել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը։
Երիտասարդը խնդրել է, որ դեղերն ուղարկեն փորձաքննության։ Առաջարկել է զանգահարել բուժող բժշկին։ Զանգահարել են։ Բժիշկը զգուշացրել է՝ առանց պացիենտի համաձայնության ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանը, իրավունք չունի բացահայտել նրա կարգավիճակը, դա օրենքի խախտում է, և առաջարկել է պաշտոնական հարցում անել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Այս ողջ ընթացքում տղամարդու անձնական հեռախոսը ոստիկանները մոտ է եղել։ Ուշ գիշերը նրան զանգահարել է եղբայրը, որ հասկանա՝ ո՞ւր է, ինչո՞ւ տուն չի եկել։
«Իմ ընտանիքի անդամները չգիտեին, որ ես ապրում եմ ՄԻԱՎ-ով: Չէի ուզում ավելորդ սթրեսի ենթարկել նրանց: Ոստիկանության աշխատակիցն առանց իմ համաձայնության պատասխանեց հեռախոսազանգին և եղբորս ասաց՝ գիտե՞ս, որ եղբայրդ ՍՊԻԴ ունի: Սա հերթական ծանր հարվածն էր ինձ համար», – ասել է երիտասարդը։
Լուսադեմին նրան ազատ են արձակել։ Դեղերը այդպես էլ չեն վերադարձրել․ «Տվեցին միայն անձնագիրս, դրամապանակս և բնակարանիս բանալիները»։ Հեռախոսը հետ են տվել մոտ 10 օր անց։
Խտրականության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման և բռնության մասին օրեր առաջ ահազանգել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը աջակցում է ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց։ Ինքը՝ տուժողը, հրաժարվել է գրավոր բողոք ներկայացնել իրավապահների դեմ:
Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապաշտպանները ահազանգում են պետական հաստատություններում խտրականության, վատ վերաբերմունքի մասին և հիշեցնում՝ ո՛չ ոք, ո՛չ ոստիկանը, ո՛չ բժիշկը, ո՛չ ուսուցիչը, ո՛չ գործատուն իրավունք չունեն տարբերակված մոտեցում ցուցաբերել, ՄԻԱՎ-ի հիմքով սահմանափակել մարդու իրավունքները, առանց նրա համաձայնության երրորդ անձանց պատմել ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։ Սա խտրականություն և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է համարվում, որը, ըստ օրենքի, նաև իրավական պատասխանատվություն է ենթադրում։
Տուժածները որպես կանոն խուսափում են բողոք ներկայացնելուց, որովհետև վախենում են, որ դա կհանգեցնի իրենց կարգավիճակի հետագա բացահայտմանը, քանի որ իրավական պաշտպանության մեխանիզմները թերի են գործում կամ առհասարակ չեն գործում։