«Էրեբունի» ԲԿ-ի վիրաբույժ Արա Վարդանյանը հրաժարավել է վիրահատել ՄԻԱՎ-ով ապրող պացիենտին։ Դեպքի մասին ահազանգել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը․ պացիենտից ներողություն առ այսօր չի խնդրել ո՛չ վիրաբույժը, ո՛չ էլ առողջապահական հաստատությունը։
Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության սոցաշխատողը պատմել է, որ շահառուն՝ տարեց տղամարդ, ստամոքսի խնդիր ունի, պոլիկլինիկայի ուղեգրով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն։
«Իր կարգավիճակի մասին ի սկզբանե չի ասել, քանի որ դեռ չգիտեր՝ վիրահատության կարիք կլինի, թե ոչ։ Հետազոտել են, բժիշկ Արա Վարդանյանը եկել է եզրակացության, որ պետք է վիրահատվի։ Վիրահատության նախորդ օրը պացիենտը բժշկին ասել է, որ ՄԻԱՎ ունի։
Վարդանյանը, ըստ շահառուի, բժշկական անձնակազմի մոտ (երրորդ անձանց ներկայությամբ) սկսել է մեղադրել նրան, անգամ գոռալով հետը խոսել, ասել է՝ «ինչի շուտ չես պատմել, բա էն բուժքույրերը, որ քեզնից արյուն են վերցրել, բա որ բժշկական անձնակազմը վարակվեր և այլն»։ Վիրահատուրթյունից հրաժարվել է», – պատմել է կազմակերպության սոցաշխատողը։
Պացիենտին դուրս են գրել՝ առանց բացատրություն, «թուղթ» տալու․
«Նա միայնակ տարեց մարդ է, հարազատներ կամ բարեկամներ Երևանում չունի։ Մարզից եկել էր վիրահատվելու՝ պատրաստված, որ պետք է մնա հիվանդանոցում, բայց իրան հետ են ուղարկել։
ԲԿ-ի հետ խոսեցինք, որ թողնեն գոնե գիշերը մնա։ Թողեցին, բայց հաջորդ իսկ առավոտը ուղարկեցին տուն։ Չեն էլ ասել՝ հետո կարա դիմի, թե չէ, կվիրահատեն, թե չեն վիրահատի։ Բանավոր հրաժարվել են ծառայություն մատուցելուց»։
Տղամարդը, ըստ սոցաշխատողի, հաշմանդամության երրորդ կարգ ունի, վիրահատության ծախսերի մի մասը ինքը պետք է հոգար, մի մասը՝ հատուցվեին պետպատվերով։ Բժշկի մերժման պատճառով վիրահատությունը անորոշ ժամանակով հետաձգվել է։
Դեպքից հետո իրավապաշտպանները կապվել են նաև բժիշկ Արա Վարդանյանի հետ․
«Բժշկին հարցնում եմ՝ էս մարդուն ի՞նչ հիմքով եք հրաժարվել վիրահատել, արդյո՞ք իրա կարգավիճակը կապ ունի։ Ու բժիշկը ինձ ուղիղ պատասխանում է՝ հա, հենց իրա ՄԻԱՎ-ն էլ կապ ունի։ Խնդրում եմ գրավոր ներկայացնել, որ հրաժարվում է վիրահատությունից ՄԻԱՎ-ի հիմքով։ Ասում է՝ ես ոչ մի թուղթ էլ չունեմ ներկայացնելու, ուզում է թող բողոքի։
Մի 50 րոպե խոսում ենք։ Երբ իմանում է, որ շահառուն մտադիր է դիմել նախարարություն, իրա խոսելու ձևը սկսում է փոխել, թե՝ խնդիր չկա, կվիրահատեմ, ինքն է մեղավոր, որ շուտ չի ասել, թող հիվանդության պատմությունը բերի, ցավդ տանեմ, խոստանում եմ, կանեմ էտ վիրահատությունը, կպրծնի կգնա», – պատմում է ԻԱԻՄ-ի սոցաշխատողը։
Մինչ այդ բժիշկը պացիենտից հիվանդության պատմություն չի խնդրել, մերժել է բոլորովին այլ հիմքերով՝ ընդգծում է իրավապաշտպանը։ Ըստ նրա, Վարդանյանը նաև իր հետ խոսակցության ընթացքում է կրկնել, թե անհանգստանում է արյուն վերցնող բուժքույրների համար, խոսել է նաև գործիքները փոխելու, հիվանդին մյուս պացիենտներից առանձնացնելու անհրաժեշտության մասին։
«ՄԻԱՎ-ը շատ անկայուն վիրուս է՝ համեմատած, օրինակ, նույն հեպատիտի հետ։ Բժիշկները ցանկացած պացիենտի պետք է վերաբերվեն որպես պոտենցիալ վարակակիրի։ Այսինքն՝ նրանք պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները ցանկացած բուժառուի դեպքում՝ անկախ նրանից, նա ասում է, թե չի ասում իր ՄԻԱՎ-ի, հեպատիտի կամ այլ վարակի մասին։ Ի վերջո՝ մարդը կարող է նույնիսկ չիմանալ, որ վարակակիր է։ [Գործիքները ախտահանելու, ներարկիչները փոխելու, անվտանգության կանոնները պահպանելու] պատասխանատվությունը միշտ բուժանձնակազմի վրա է, չնայած իրենք փորձում են այն բարդել ՄԻԱՎ-ով ապրող մարդու կամ այլ պացիենտի վրա», – ընդգծում է իրավապաշտպանը։
Բժշկի անհանգստությունը «արյուն վերցնող բուժքույրերի» կամ «գործիքները փոխելու» հետ կապված այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է թվում։
Չնայած Վարդանյանը իրավապաշտպանների հետ խոսելուց հետո փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել «անել այդ վիրահատությունը», պացիենտը նրա մոտ նորից գնալ չի պատրաստվում․ «Այդ վերաբերմունքից հետո դժվար է վստահություն ունենալ, որ քեզ նորմալ կընդունեն, նորմալ կվիրահատեն»։
Իրավապաշտպանը ընդգծում է՝ նման խնդիրներ միայն Երեբունի ԲԿ-ում չեն լինում․ «Առողջապահական հաստատություններում հաճախ ենք նման վերաբերմունքի բախվում՝ գաղտնիությունն են խախտում, խտրականացնում են, իրար մեջ քննարկում են, կոպիտ, մեղադրողական, արհամարական են խոսում»։
Չնայած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 14-րդ և 28-րդ հոդվածներով անխտրական և հարգալից վերբերմունքը, բժշկական գաղտնիքը ամրագրված են որպես պացիենտի իրավունք և բժշկի պարտականություն, բժիշկներին կամ բուժհաստատություններին իրավաբանական պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմներ, ըստ իրավապաշտպանների, Հայաստանում չկան։
«Նման դեպքերում, երբ բժիշկը հրաժարվում է ծառայություն մատուցել, մենք խնդրում ենք, որ գրավոր ներկայացնի մերժման հիմքերը։ Որովհետև բժիշկը չի կարող թղթի վրա ուղղակի գրել «ես հրաժարվում եմ ՄԻԱՎ-ի հիմքով»։ Փորձը ցույց է տալիս, որ չի էլ գրում։
Հիմնականում դիմում ենք Առողջապահության նախարարություն։ Նախարարությունը արագ արձագանքում է։ Դեպքեր են եղել, երբ նկատողություն են արել բժշկին։ Բայց հաշվի առնելով, որ այսքան շատ են նման դեպքերը, պարզ չէ՝ այդ նկատողությունը ինչ-որ բան փոխում է, թե չէ։ Չեմ կարող միանշանակ ասել, որ այս մեխանիզմը հստակ գործում է», – նշում է իրավապաշտպանը։