Արարատի մարզի Ավշար գյուղում երկու ամիս է, ինչ խմելու ջուր չկա Գևորգ Չաուշ թաղամասում։ Ջուրը հոսում է միայն գյուղի գերեզմանոցի պուլպուլակից, որտեղից բնակիչները կրում են այն դույլերով։ Հիմա, երբ պետական մարմինները Արարատի մարզի շոգը գնահատել են «հրդեհավտանգ», գյուղացիները պահանջում են արագ լուծել ջրի հարցը։
«Ո՞վ է պատասխան տալու, եթե ինչ-որ մեկը ծարավից մահանա, ուշքը գնա։ Պատասխան տվողը չկա», – Ավշարի բնակիչ Գագիկը պատմում է, որ Արարատի քաղաքապետարանը և «Վեոլիա ջուրը» իրար վրա են գցում պատասխանատվությունը։
Ավշարի բնակիչները բարձր ճնշումով ջուր են ունեցել մինչև մայիս։ Հանկարծակի անջատումը բացատրում են այլ օգտագործողների գերծախսով։ Համայնքում ջուր շատ է սպառում Ավշարի գինու գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, Զոդի ոսկու գործարանը, հատկապես վերջինը, որը ոսկին ցիանիդից լվանալու համար օգտագործում է ամենաբարձր որակի՝ Գառնիի ջուրը։
Խմելու ջուրը նաև անհատ բնկաիչներն են օգտագործում են ոչ նպատակային․ շատերը դրանով ջրում են իրենց այգիները, քանի որ արտիզյան ջրի հորատումներն արգելվել են ապօրինի լինելու պատճառով և ոռոգման ջուր հիմա չկա։
Արարատի համայնքապետ, ՔՊ-ական Ասլան Ավետիսյանը «երբեք հարցազրույց չի տվել ու չի տա», բայց չձայնագրելու նախապայմանով հայտնել է Epress.am-ին, որ «Վեոլիա ջուրը» շատ քիչ ջուր է տալիս համայնքին ու բոլորին չի հերիքում։ Արարատի համայնքը չունի ջրի տեսուչներ և չի կարող ջրի գողերին բռնել։
«Վեոլիա ջուրն» էլ հերքում է, որ քչացրել է ջրամատակարարումը։ Ըստ սպասարկող ընկերության՝ համայնքում բախշման հետ իրենք գործ չունեն, իսկ Արարատին տալիս են այնքան ջուր, ինչքան որոշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։