Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ Նոր Հաճնում «ինդուստրիալ ծավալների ջրագողություն է տեղի ունենում»։ Սա, ըստ նրա, Երևան մտնող ջրի նվազման պատճառներից է, քանի որ Կոտայքի մարզի Նոր Հաճնով է անցնում մայրաքաղաքը սնուցող ջրատարը։ Քաղաքապետը իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել այս հարցին։
Նոր Հաճն քաղաքի ջրմուղը սա լկտի սուտ է համարում՝ հերթական դեպքը, երբ պետական մարմիններն ու դատարանները Նոր Հաճնի հետ կոնֆլիկտում պաշտպանում են «Վեոլիա ջուր» ֆրանսիական ընկերությանը։
Կոնֆլիկտի նախապատմությունը Epress.am-ին ներկայացրել է «Հաճն Ջուր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կարեն Ադամյանը։
2017 թվականին, երբ «Վեոլիա ջուրը» ստացավ հանրապետությունում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնելու լիցենզիան, համայքային ջրմուղներին առաջարկվել է նոր պայմանագիր կնքել։ Նոր Հաճնի ՀՈԱԿ-ը կարդացել է այդ պայմանագիրը և մերժել այն՝ իրականացնելու անհնարիության հիմքով։
Ֆրանսիական ընկերությունը թանկացնում էր սակագինը՝ համայնքին ներկայացնելով բիզնեսից չտարբերվող հաշվարկի սխեմա։ Ըստ դրա, հաշվարկվում էր ոչ թե մուտքագրված, այլ փաստացի ջրահեռացումը։ Ջրի 60-65 տոկոս կորուստը, որը պայմանավորված էր խողովակատարերի մաշվածությամբ, մնում էր համայնքի վրա՝ արժենալով ամսական 1.7 միլիոն դրամով ավելի, քան իրական սպառումն է։
«Փոխանակ լուծեն խնդիրը, ճիշտ հաշվարկեն սպառումը, նրանք գերադասեցին դիմել դատարան և պայմանագիր պարտադրել», – ասում է Կարեն Ադամյանը։
Դատարանների բոլոր ատյաններով անցնելով՝ համայնքը հասել է Վճռաբեկ, որն ի օգուտ «Վիոլեիայի» վճիռ է կայացրել։ 2023 թվականի մայիսին «Վեոլիայի» հայցով Սննակության դատարանը «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ին ճանաչել է սնանկ։
Սրանից հետո էլ համայնքը չի համաձայնվել պայմանագիր կնքել ֆրանսիական ընկերության հետ։ Սնանկ ճանաչվելուց հետո, սակայն, ՀՈԱԿ-ը զրկվել ֆինանսական միջոցներից՝ բյուջեն կալանքի տակ է, և չի կարողանում վթարային իրավիճակներում վերանորոգումներ կատարել։ 13 աշխատակիցները շուրջ 6 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում։
«Եթե մենք 7 տարի չաշխատեինք, պատկերացրեք՝ սանիտարական վիճակը ինչ կլիներ», – ասում է Ադամյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեն պատասխանել «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի դիմումներին։
«2019 թվականին «Վեոլիա ջուրը» իմ դեմ քրեական գործ փորձեց հարուցել՝ ինքնիրավչության մեղադրանքով։ Դատարանը մերժեց այդ աբսուրդը։ Հետո իրենք անցան պատժիչ այլ գործողությունների։ Ջրի ճնշումը այնքան են իջացրել, որ հինգերորդ հարկից բարձր չի հանում, մարդիկ պոմպեր են տեղադրում», – ասում է ՀՈԱԿ-ի տնօրենը։
Ըստ նրա, բնակիչները կատաղած են, բայց համայնքային ընկերությունը չի ուզում քաղաքականցնել իրավիճակը։
ՏԻՄ-ի և մոնոպոլիստ ընկերության միջև կոնֆլիկտը արդեն 7 տարի է տևում։ Քանի որ Վեոլիան չի կարողանում իր պայմանները պարտադրել համայնքային ՀՈԱԿ-ին, այն անցել է պատժիչ (և հարկադրիչ) քայլերի։ Կառավարությունը և դատարանը բովանդակային լուծում համայնքի բարձրացրած խնդիրներին չեն տալիս։ Երևանի քաղաքապետը հետաքրքրվում է բացառապես հետևանքներով, որոնք ազդում են իր համայնքի վրա, այլ ոչ թե ճգնաժամի պատճառներով, որոնք ազդում են հարևան համայնքի վրա։