Home / Համայնքներ / Անջուր էրեբունցիները եկել էին Վեոլիա ջրի օֆիս

Անջուր էրեբունցիները եկել էին Վեոլիա ջրի օֆիս

Հուլիսի 10-ին մի խումբ էրեբունցիներ հավաքվել էին «Վեոլիա ջրի» գրասենյակի մոտ։ Նրանք բողոքում էին սովորական դարձած չնախատեսված ջրանջատումներից, ջրի որակից և Վեոլիայի զանգերի սպասարկման կենտրոնից։

Ըստ քաղաքացիների՝ առանց զգուշացման ջրանջատումները կրկնվում են գրեթե երկու-երեք օրը մեկ, իսկ երբ ջուր են ունենում, չեն կարողանում օգտագործել, քանի որ այն վատ հոտ և համ ունեցող ժանգաջուր է, անգամ եռացնելը չի օգնում։ Պնդում են՝ ջրի պատճառով երեխաների աղիքային թունավորման բազմաթիվ դեպքեր կան վարչական շրջանում, երեխաներից մեկի մոտ էլ աչքերն են բորբոքվել։

Վեոլիայի սպասարկման կենտրոն զանգելն, ըստ քաղաքացիների, անհնար է։ Մի ամբողջ օր կարող են զանգերի չպատասխանել։

Ամռան ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ էրեբունցիները բողոքի ակցիա են անում Վեոլիայի գրասենյակի մոտ, սակայն հարցին այդպես էլ լուծում չի տրվում։ Նախորդ անգամվա պես տնօրենությունը պնդում է, որ ժանգաջուրը վտանգավոր չէ առողջության համար, իսկ չնախատեսված ջրանջատման պատճառը վթարն է։