Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի կատարվում, օրեր առաջ ահազանգեց Մարդու իրավունքների պաշտպանը։
«Կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ», – ասվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
Սյունիքի մարզի նշված բնակավայրերում այս խնդրի առկայությունը պաշտպանի կողմից արձանագրվել է դեռևս 2021 թվականի օգոստոսին։
«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը այն ժամանակ պարզաբանել էր, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։ Աշխատանքները սկսվել են Գորիս քաղաքից և կշարունակվեն Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում, որոնց ավարտից հետո ջրամատակարարումը կբարելավվի։
Այժմ ընկերությունը չի արձագանքում համայնքների ու պաշտպանի բարձրացրած խնդիրներին։
7 բնակավայրերից (Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերը) բաղկացած Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Միրզոյանը Epress.am-ի հետ զրույցում ասում է․
Երևի միակ ընկերությունն է [«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն], որ այս կարգի անպատասխանատվությամբ է վերաբերվում ամեն ինչին։ Գրություններ էլ ենք ուղարկում, զանգում էլ ենք, ասում է՝ ջուրը քիչ է, էդքանն ենք կարում տանք։
Համայնքների բնակիչները օրերով ջուր չեն ունենում, ընդհուպ՝ մինչև 3 օր։ Միրզոյանն ընդգծում է, որ հատկապես տարվա այս շրջանին, որ ամեն ինչ ջրի հետ է կապված՝ մարդկանց սանիտարահիգիենիկ վիճակը, գյուղատնտեսական աշխատանքները, կենցաղային տարբեր հարցերը, պետք է նման խնդիր չլիներ։
«Էնպես չի, որ աշնանը կամ գարնանը խնդիր չկա, բայց ամռանը էս խնդիրը միշտ լինում ա՝ ջրի պահանջարկի մեծացմամբ պայմանավորված։ Համայնքի ղեկավարը դարձել ա Վեոլիա ջրի աշխատող․ գնում խնդրում է իրենց աշխատողին, որ հերթապահ կանգնի մի վայրում, որ մյուս փողոցում ջուր տանեն»։
Համայնքը որևէ լիազորություն չունի այդ հարցում, պնդում է Տեղ համայնքի ղեկավարի տեղակալը։
«Ջրի տերը ինքն է [«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն], սպասարկման տերը ինքն է, հավաքագրված գումարների տերը ինքն է: Թե հիմա կապտաժի խնդիր է, ջրի սակավության խնդիր է, սա նենց բան է, որ պետք է պաշտոնապես արձագանքեն՝ ինչ պատճառներով է մարդկանց ջուրը քիչ»։
Մեկ այլ համայնքում՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, կա ոռոգման ջրի խնդիր։ Բնակիչները ոռոգման ջրի փոխարեն օգտագործում են խմելու ջուր և հետևաբար առաջանում է նաև խմելու ջրի խնդիր։
Երեկ մոտ 400-ից ավել գյուղացիները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի գլխավոր հատվածը։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին էլցանցերից ու ջրմուղից։
«Խնդիրը առաջացել է հոսանքի վթարներից։ Ջրմուղը ասում է «իմ պարտականությունը չի», էլեկտրոցանցը ասում է «իմ պարտականությունը չի»։ Հիմա կոնկրետ պիտի իմանանք՝ որ կազմակերպությունն է պատասխանատվությունը կրում, կոնկրետ էդ կազմակերպության հետ գործ ունենանք», – Epress.am-ի հետ զրույցում պատմում է Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը։
Համայնքի ղեկավարը նշեց, որ Արմավիրի մարզպետը այս առնչությամբ հրավիրել է տվյալ գերատեսչության ղեկավարությանը, ժողովրդի ներկայությամբ հանձնարարականներ տվել և մինչև երկուշաբթի ժամանակ տվել՝ զեկուցելու կատարված աշխատանքների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանն, իր հերթին, խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից։ Դեռևս որևէ արձագանք չկա ընկերությունից։