Հայաստանը և «Վեոլիա ջուր» ֆրանսիական ընկերությունը բանակցում են ջրամատակարարման ոլորտում միմյանց պարտականությունները վերանայելու շուրջ։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Կոնֆլիկտի հիմնական առարկան է՝ ով է մեղավոր, որ փտած, մաշված ջրախողովակները չեն վերանորոգվում և նորերը չեն կառուցվում։ Բոլոր կողմերը համաձայն են, որ մաշվածությամբ է պայմանավորված խմելու ջրի ահռելի կորուստը՝ որոշ հաշվարկներով մինչև 65 տոկոս։
Պետությունը ֆրանսիական կորպորացիայի հետ պայմանագիր է կնքել 2016 թվին։ Սնանկացած պետական ջրմուղկոյուղիների ենթակառուցվածքները 15 տարի ժամկետով վարձակալման են հանձնվել «Վեոլիա ջրին»։ Այն պարտավորվել է կատարել տարեկան առնվազն 1.5 միլիարդ դրամի «պարտադիր կապիտալ աշխատանքներ» մաշված ենթակառուցվածքները վերանորոգելու համար, իսկ Հայաստանը պարտավորվել է փոխհատուցել այդ ծախսերը։
Միշտ չէ, որ ընկերությունն այդ ծավալի վերանորոգումներ է արել։ Միշտ չէ, որ Հայաստանը ֆինանսավորել է։ 2018 թվականին, օրինակ, «Վեոլիա ջուրը» հրաժարվել է կատարել ծրագրված վերանորոգումների մոտ 50 տոկոսը (ավելի քան 1 միլիարդ դրամ արժողությամբ)։ Պատճառաբանությունն այն էր, որ պետությունը չի բարձրացնում ջրի սակագինը, ընկերության եկամուտները չեն աճում, ներդրումներն էլ բավարար չեն։ Ի վերջո, կողմերը համաձայնագիր են ստորագրել, որ եթե Հայաստանը չգտնի այլընտրանքային ֆինանսական ռեսուրսներ, օրինակ՝ վարկեր, կնվազեցնի գույքի վարձակալության վճարը։
«Վեոլիա ջուրը» միշտ նշում է, որ կնքված է վարձակալության պայմանագիր, թեև փաստացի դա հանրային ծառայության պայմանագիր է։ Այդ տրամաբանությամբ ընկերությունը պատասխանատու է միայն իր վարձած գույքի համար․ պատրաստ է վերանորոգել վթարվող խողովակները, բայց նորերը չի սարքելու։ Այս պահին, օրինակ, վերանորոգում են Մարաշում վթարված ջրագիծը, որտեղ ջրակորուստը մեկ վայրկյանում 30 լիտր է կազմում։
Այն դեպքերում, երբ լինում են անհատական վեճեր ջրօգտագործողների հետ, Վեոլիան ևս փորձում է պատասխանատվությունը պետության վրա քցել։ Օրինակ՝ 2021 թվականին Հանքավանի ճամբարների ջրամատակարարման խաթարումից հետո ընկերությունը խնդրել է, որ Հայաստանը զբաղվի այդ հարցով և «իրեն զերծ պահի իրավական վարույթներից»։
Երևանում ջրահեռացման համակարգի վերջին կոլապսն էլ Վեոլիան իր թերացումը չի համարում։ Երևանի ջրահեռացման հեղեղատար համակարգի միայն 350 կիլմոկետրն է հանձնված ընկերությանը։ Դա բավարար չէ, քանի որ Երևանում կառուցապատողները և ասֆալտապատողները հողի մակերես գրեթե չեն թողել, և հեղեղների դեպքում ջուրը գնալու տեղ չունի։ «Ասֆալտի մակերեսը մեծացել է, իսկ հեղեղատարներ չեն ավելացվել։ Բայց մենք կապ չունենք դրա հետ։ Դա քաղաքապետարանի գործն ա», – Epress.am-ին ասում է «Վեոլիա ջրի» հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանը։
Ջուրն այլևս շատ չի լինի
Վերջին հինգ տարիներին ջրամատակարարումը վատթարացել է։ Երևանում չզգուշացված ջրանջատումներ են լինում, գյուղերի մեծ մասում դադարեցվել է շուրջօրյա մատակարարումը և սահմանվել է գրաֆիկ։ Օրինակ, Արարատի մարզում 3, 4, առավելագույնը 6 ժամով են ջուր տալիս։ Բնակիչները ստիպված են կատարել մոտ 150 հազար դրամի ծախս՝ գնել բաք, ջրամղիչ պոմպեր և խողովականեր, որ շուրջօրյա ջուր ունենան։ Սա փաստացի մեծացնում է ջրի վարձը, քանի որ ջրի պոմպերը ծախսում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա (4 հոգանոց ընտանիքի հոսանքի վճարը ամսական մոտ 5000 դրամով ավելանում է)։
Օրինակ, Արծնի գյուղի բնակիչներն անձրևաջրերը հավաքում են այսպիսի բաքերում, որ գոնե լողանալու ջուր ունենան։ Խմելու ջուր տալիս են երկու օրը մեկ։
Պաշտոնյաները և սպասարկող ընկերությունը ջրի մատակարարման ձախողման մեջ մաշված խողովակներից բացի մեղադրում են նաև ջրագողերին, խմելու ջուրը չխնայողներին, կլիմայական փոփոխությանը, աղբյուրների չորացմանը։