2026 թ. հունիս 18, հինգշաբթի

Հայաստանը հաղթեց Սանիթեքին

Նախկինում Երևանի աղբահանությունը կազմակերպող «Սանիթեք» ընկերությունը միջազգային արբիտրաժում պարտվել է Հայաստանի Հանրապետությանը։ Լիբանանյան ընկերությունը Հայաստանից պահանջում էր 36 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում 2019 թվականին պայմանագիրը միակողմանի խզելու համար։ Տրիբունալը արձանագրել է, որ Սանիթեքը զրկվել է մենաշնորհից արդարացիորեն, քանի որ չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, թեև վճարվել է այդ ծառայությունների դիմաց։

2019-ի սեպտեմբերին քաղաքային նոր իշխանությունների և Սանիթեքի միջև վեճը սրվել էր, ընկերությունը միակողմանի հրաժարվել էր ծառայություններ մատուցելուց։ Աղբահանությունն ամբողջությամբ մնացել էր հեղափոխությունից հետո քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված համայնքային հիմնարկի ուսերին։

2019-ի դեկտեմբերին Քաղաքապետարանը միակողմանի խզեց Սանիթեքի հետ պայմանագիրը՝ մասնավորին աութսորս արված ոլորտը վերադարձնելով համայնքային կառավարման դաշտ։

Ընկերությունը դիմեց Ներդրումային վեճերի կարգավորման Արբիտրաժային դատարան՝ պնդելով, թե Հայաստանը խախտել է Լիբանանի կառավարությունների հետ կնքած կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրը։

Տրիբունալն մերժել է հայցը՝ արձանագրելով, որ աղբահանության ծառայությունները ոչ պատշաճ են մատուցվել, և դա վտանգ է ստեղծել հանրային առողջության համար, ուստի Հայաստանի կողմից պայմանագրերի լուծարումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր Սանիթեքին փոխարինելու և աղբահանությունն ինքնուրույն կազմակերպելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես քաղաքի բնակիչների հանդեպ պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների պնդումը, թե 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը քաղաքական դրդապատճառներով է հանդես եկել Սանիթեքի դեմ։

Արբիտրաժային դատարանում այս պահին մայլ հայցեր էլ կան ընդդեմ Հայաստանի։ 2024-ին Աբրիտրաժ է դիմել նաև Զանգեզուրի կոմբինատի փայատեր, կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերությունը, որը Հայաստանից մոտ 1,2 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում։ Հայցը վերաբերում է գործարքներին, որոնցով կառավարությունը դարձել է պղնձամոլիբդենային կոմբինատի 21,8 տոկոսի բաժնետեր։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու որոշումից հետո՝ 2025 թվականին, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել նաև ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Կառավարությունը նախորդ տարի օրենքի նախագիծ ընդունեց, որով հնարավորություն ստացավ փոխել ՀԷՑ-ի ղեկավար կազմը և նշանակել ժամանակավոր կառավարիչ։ Բացի այդ, կառավարությունը զրկեց ՀԷՑ-ին լիցենզիայից։ ՀԷՑ-ի սեփականատերերը պարտավորվել են օտարել ընկությունն։ Եթե սահմանված ժամկետներում չհաջողվի համաձայնեցնել գինը, ՀԷՑ-ը կճանաչվի հանրային գերակա շահ։

Հայաստանին արբիտրաժով էին սպառնում նաև Ամուլսարը շահագործել ցանկացող Lydian Armenian, Fly Arna հայկական ավիաուղիների բաժնետեր Air Arabia-ն։ ICSID-ում կամ որևէ այլ խոշոր միջազգային արբիտրաժային դատարանում դեռևս հրապարակայնորեն գրանցված գործեր չկան։