Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ն` Վահե Նիկոյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալը պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ»-ին և դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ՝ շուրջ 7․5 միլիոն դոլար գումար:
Ըստ Կոմիտեի, պարզվել է, որ Վ. Ն.-ն՝ 2012-ի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար:
Հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ»-ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով, ըստ ՀԿԿ-ի, էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին:
Ըստ հաղորդագրության, քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2018 և 2016 թվականներին «Սանիթեք»-ի և Երևանի քաղաքապետի տեղակալի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևանում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին:
Հիշյալ հանգամանքով պայմանավորված, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ:
«Երևանի քաղաքապետարանի ու «ՍԱՆԻԹԵՔ»-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը: Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է ընդհանուր 3.002.486.270 ՀՀ դրամ», – նշված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն կոմիտեղի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Վ. Ն.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշելը) 2-րդ մասով, որը բավարարվել է:
Հիշեցնենք՝ 2019 թվականին քաղաքապետարանը՝ պայմանագրով ստանձնած պարտականությունները չկատարելու համար, պատժամիջոցներ էր կիրառել մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեքի» նկատմամբ։ «Սանիթեքը» հրաժարվել էր աշխատել։ Ավելի ուշ քաղաքապետարանը խզել էր պայմանագրերը՝ «Սանիթեքին» փոխարինելով նոր՝ «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկով։