Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սալոնիկում, դաժան ցույցեր են սկսվել, այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են ռոմա (գնչու) դեռահասի վրա՝ բենզալցակայանից առանց վճարելու հեռանալու համար։
16-ամյա տղան հոսպիտալացվել է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանը, ով կրակել է նրան, ձերբակալվել և հեռացվել է ծառայությունից, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Շուրջ 1500 ցուցարարներ երկուշաբթի երեկոյան դուրս են եկել փողոց՝ մասնակցելու ձախական և անարխիստական խմբերի կազմակերպած երթին։ Որոշները խանութներ են ջարդել, ոստիկանության վրա Մոլոտովի կոկտեյլներ նետել, ինչին ի պատասխան՝ ուժայինները արցունքաբեր գազ ու խլացնող նռնակներ են օգտագործել ցուցարարների վրա։ Երթի ավարտից հետո բերման են ենթարկել 6 հոգու, հայտնում է AP news-ը։
Մինչև բողոքի ակցիան մոտ հարյուր ռոմա տղամարդիկ բարիկադներ էին տեղադրել՝ փակելով հիվանդանոց (որտեղ հոսպիտալացվել է տղան) տանող գլխավոր ճանապարհը, և հրկիզել աղբամանները: Ոստիկանությունն այստեղ նույնպես օգտագործել էր խլացնող նռնակներ ու արցունքաբեր գազ՝ հիվանդանոցի մոտ իրենց վրա շշեր նետող ցուցարարներին ցրելու համար։
Աթենքի կենտրոնում նույնպես բողոքի խաղաղ երթ է անցկացվել՝ կապված այս և նախորդ նմանատիպ միջադեպերի հետ։ Երթին մասնակցել է մի քանի հարյուր հոգի, ցուցարարները քայլում էին «Նրանք գնդակահարել են նրանց, քանի որ ռոմաներ են» պաստառով: Բողոքի ակցիայի ավարտից հետո կարճատև բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։
Հունաստանի ռոմա համայնքի անդամները և իրավապաշտպանները հաճախ են մեղադրում Հունաստանի իշխանություններին ռոմաների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ: Վերջին տարիներին մի քանի ռոմա տղամարդիկ գնդակահարվել կամ հրազենային վիրավորում են ստացել ոստիկանության հետ առերեսումների ժամանակ՝ իբր ձերբակալությունից խուսափել փորձելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել Սալոնիկում երկուշաբթի վաղ առավոտյան: Մոտոցիկլետային պարեկի աշխատակիցները հետապնդել են դեռահասի բեռնատարը այն բանից հետո, երբ բենզալցակայանի աշխատակիցը հաղորդել է, որ տղան չի վճարել 20 եվրոյի հաշիվը:
Ձերբակալված սպան այսօր պետք է ներկայանար դատախազություն՝ սպանության փորձ կատարելու մեղադրանքով:
Ըստ ոստիկանության՝ սպան երկու կրակոց է արձակել՝ փորձելով կանգնեցնել դեռահասին հետապնդող ոստիկանական մոտոցիկլետի հետ բախվելուց։ Հայտարարության մեջ ասվում է, որ պիկապ (pickup) բեռնատարի վարորդը «մի քանի անգամ վտանգավոր մանևրներ է արել», անցել կարմիր լույսի տակով, իսկ կրակոցներից հետո կորցրել է կառավարումը, բախվել պատին և ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Հունաստանի ամենահայտնի ձախական «Սիրիզա» կուսակցության խոսնակը մեղադրել է աջամետ կառավարությանը՝ ոստիկանական ավելորդ մեթոդները վերահսկել չկարողանալու մեջ։
«Հասարակությունը այլևս չի կարող հանդուրժել վախի այս մթնոլորտը՝ ստեղծված ոստիկանական ծայրահեղ դաժանության հետևանքով, որը չնչին պատճառներով վտանգել է 16-ամյա դեռահասի կյանքը», – ասել է խոսնակը։
Հարկ է նշել, որ միջադեպը տեղի է ունեցել Հունաստանի քաղաքներում ամենամյա բողոքի ցույցերի նախօրեին։ Ցույցերը նվիրված են 2008 թվականին Աթենքում ոստիկանների կողմից սպանված 15-ամյա Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսի հիշատակին, որի մահը հանգեցրեց Հունաստանի նորագույն պատմության ամենազանգվածային անկարգություններին։