հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / ԼԳԲՏ պատրվակով հետապնդումները Ռուսաստանում օրինականացվեցին, միտինգները արգելվեցին

ԼԳԲՏ պատրվակով հետապնդումները Ռուսաստանում օրինականացվեցին, միտինգները արգելվեցին

Նախօրեին Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն» արգելող նոր օրինագիծը։ Այն արդեն իսկ ուժի մեջ է մտել։ «ԼԳԲՏ-քարոզը» Ռուսաստանում արգելվել էր դեռևս 2013-ի հունիսին, բայց՝ միայն «անչափահասների շրջանում»։ Այժմ ռուսական իշխանությունները ընդլայնել են սահմանափակումների ցանկը․ նոր օրենքը վերաբերում է բոլորին և ամեն ինչին՝ ֆիլմերին, գրքերին, գովազդին, հեռուստատեսությանը, սոցիալական ցանցերին և այլն։

Թե ինչ է «ԼԳԲՏ-քարոզը»՝ ոչ ոք չգիտի

Ռուս օրենսդիրները արգելքի առարկան չեն սահմանել։ Գործնականում սա նշանակում է, որ դատարանները և գրաքննող պետական մարմինները՝ ի դեմս, նախևառաջ, Ռոսկոմնադզորի, սեփական հայեցողությամբ ցանկացած բան կարող են համարել «ոչ ավանդական» «քարոզ», հետևաբար՝ նաև տուգանել, արգելափակել և այլն։

Օրինագծի քննարկման ժամանակ վերոհիշատակված Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինն, օրինակ, հետևյալ սահմանումն էր առաջարկել․

«Որոշակի ազգեցության միջոցների կիրառումը, պոպուլյարիզացիան, տեղեկատվության տարածումը, որը նպատակ ունի դեստրուկտիվ երևույթների նկատմամբ որոշակի դրական, աղավաղված վերաբերմունք ձևավորել»։

Այս սահմանումը օրենքում արտացոլված չէ։ Բայց, հավանաբար, Ռոսկոմնադզորը հենց դրանով է առաջնորդվելու՝ օրինակ, կայքերը արգելափակելիս։ Ըստ էության, սա նշանակում է, որ պետական գրաքննիչները կարող են արգելել ցանկացած բան, որ գնահատում են «դեստրուկտիվ երևույթ» և դրա նկատմամբ «դրական», «աղավաղված» վերաբերմունք։

Պատժելու են, ի դեպ, ոչ միայն «ոչ ավանդական հարաբերություններ քարոզելու», այլև «սեռափոխության» և նույնասեռական հարաբերությունների, «ոչ ավանդական սեռական նախասիրությունների» նկատմամբ հետաքրքրություն առաջացնող տեղեկությունների տարածման համար։ Չնայած ոչ ոք չգիտի, թե ինչ է սա նշանակում, պատժամիջոցներն արդեն իսկ սահմանված են։

50 հազարից 10 միլիոն ռուբլի տուգանք

Անչափահասների շրջանում «ոչ ավանդական հարաբերությունների քարոզն» արգելող հոդվածը վերաձևակերպվել է․ այժմ արգելվում է «Ոչ ավանդական սեռական հարաբերությունների և/կամ նախասիրությունների, սեռափոխության քարոզը»՝  և անչափահասների, և մեծահասակների շրջանում։ Վարչական իրավախախտումների ռուսաստանյան օրենսգրքում նաև նոր հոդվածներ են հայտնվել․ դրանցից մեկը վերաբերում է «պեդոֆիլիայի քարոզին», մյուսը՝ «անչափահասների շրջանում տեղեկատվության տարածմանը, որը ոչ ավանդական սեռական հարաբերություններ և/կամ նախասիրություններ է ցուցադրում կամ կարող է սեռափոխվելու ցանկություն առաջացնել»։

Խստացվել են նաև պատժամիջոցները։

Ֆիզիկական անձինք դեպքում՝ 50-ից (~308 հազար դրամ) 800 հազար ռուբլի, իրավաբանական անձանց դեպքում՝ 800 հազարից մինչև 10 միլիոն ռուբլի (~62 միլիոն դրամ) տուգանք։ ԶԼՄ-ներն ու համացանցը օգտագործելը, անչափահասների հասանելիությունը չբացառելը ծանրացուցիչ հանգամանք են համարվելու։

Սա ռուսական վարչական օրենսգրքի համար ռեկորդային թիվ է․ մինչ այս ֆիզանձանց առավելագույն տուգանքը չէր գերազանցում 500 հազար ռուբլին։

Ո՞ւմ են պատժելու

Նոր օրենքը տարածվելու է կինոթատրոնների, առցանց կինո-հարթակների, լրատվական կայքերի և ագրեգատորների, գովազդի, սոցցանցերի, թատրոնի, նաև՝ բաց բանախոսությունների և հրապարակային մյուս գործողությունների վրա։

Ռուսական լրատվական կայքերի համար «ոչ ավանդական հարաբերությունների կամ նախասիրությունների քարոզն» այսուհետ նույն շարքում է, ինչ «պետական գաղտնիքի բացահայտումը», «ահաբեկչության և դաժանության քարոզը»։

Արգելքը տարածվում է նաև սոցցանցերի սեփականատերերի վրա․ նրանք պետք է բացառեն նման տեղեկությունների տարածումը։ Ավելին՝ այսուհետ նրանք պարտավոր են փնտրել և ջնջել արգելված կոնտենտը։ Եթե օտարերկրյա սոցցանցերին, որոնցից ամենախոշորներն արդեն իսկ արգելված են Ռուսաստանում, սա ըստ էության չի վերաբերի, ռուսական սոցցանցերը, օրինակ՝ Վկոնտակտեն, հայտնվելու են նոր արգելքների տակ։ Այսպիսով՝ արգելքը տարածվում է նաև օգտատերերի վրա։

Բացի այդ՝ Ռոսկոմնադզորին հրահանգվել է մշտադիտարկել համացանցը և արգելափակել նման տեղեկությունները։ Ընդ որում՝ կայքերն այսուհետ կարող են արգելափակվել առանց դատարանի որոշման։

Տուգանքներ են լինելու նաև «հրապարակային գործողությունների», այդ թվում՝ բանախոսությունների, համերգների, թատերական ներկայացումների, ակցիաների համար։

Ի՞նչ է լինելու կինոյի հետ

Նոր սահմանափակումների համաձայն, չափահասներին կարելի է «ցույց տալ», բայց չի կարելի «քարոզել»։ Քանի որ ցույց տալու և քարոզելու միջև սահմանը խիստ անորոշ է, որոշումը մնում է արգելողի հայեցողությանը։

Առցանց կինոհարթակները, որոնք օրական 100 հազարից ավել դիտումներ ունեն, եթե դրանք վճարովի են կամ գովազդ են ցուցադրում, պարտավոր են կանխել արգելված տեղեկությունների տարածման նպատակով «կայքի օգտագործումը»։

Կինոթատրոններում «նույնասեռական հարաբերությունների», «պեդոֆիլիայի» և «սեռափոխության» «քարոզ» պարունակով ֆիլմերի ցուցադրումը արգելվում է։

ԼԳԲՏ թեմաներով ֆիլմերն արդեն իսկ գրաքննվում են ռուսաստանյան կինոթատրոնների կողմից։ Օրենքի ընդունումից հետո գրաքննությունն ավելի տարածված կլինի․ ամենայն հավանականությամբ, ֆիլմերից որոշները չեն ցուցադրվի, որոշները՝ կմոնտաժվեն, «վտանգավոր» դրվագները պարզապես կհանվեն։

Հ․Գ․ Դեկտեմբերի 5-ին Պուտինի ստորագրած մեկ այլ օրենքով նոր սահմանափակումներ են մտցվել նաև բողոքի ցույցերի վայրերի համար: Արգելվում է ցույց անել իշխանության մարմինների շենքերի, դպրոցների, եկեղեցիների, կայարանների և կարևոր ենթակառուցվածքների մոտ, բացի այդ՝ արգելվում են բողոքի ցույցերը դպրոցների, բուհերի, հիվանդանոցների շենքերում: Օրենքում նշվում է նաև, որ տեղական իշխանությունները ինքնուրույն կարող են արգելված վայրերի ցանկին ավելացնել նորերը՝ իրենց հայեցողությամբ: