Երեկ Գետավանով անցած, ընթացքում՝ նաև ծեծկռտուք հրահրած ադրբեջանցիները երեկոյան պետք է հետ վերադառնային, բայց գերադասել են մթով ճամփա դուրս չգալ՝ պատմել է Գետավանի համայնքապետը․ «Էսօր արդեն խելոք անցել են, չեն էլ նայել դեպի մեզ»։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին։ Ղարաբաղի ոստիկանության փոխանցմամբ, ադրբեջանական բեռնատարները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, անցնում էին Մատաղիս-Քարվաճառ ճանապարհով։ Շարասյան մեջ նաև մեկ մարդատար մեքենա կար՝ քաղաքացիական հագուստով չորսը ուղևորներով։
Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, մարդատար մեքենայի ուղևորները դուրս են եկել և սկսել «սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ»։
Գետավանի համայնքապետ Արարատ Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնել է՝ ադրբեջանցիները ասել են «մեր հողն ա, որտեղ ուզենք, կարանք քայլենք» և ապտակել են տեղացի տղաներից մեկին։ Ծեծկռտուք է սկսվել։ Հայ երիտասարդներին միացել են նրանց հարազատները, գետավանցիները, իսկ ադրբեջանցիներին՝ շարասյան բեռնատարների վարորդները։
Ղարաբաղի ոստիկանության նախնական տեղեկություններով, միջադեպը հրահրած «քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են»։
Ադրբեջանցիները շաբաթական երեք օր անցնում են Գետավանով՝ ջուր, շինանյութ, հումք են տանում դեպի Քելբաջար։ Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունը միջադեպի մասին հաղորդելիս հիշեցրել է՝ «ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ»։