Վերջին օրերին Կասպից ծովի ափին հայտնաբերվել են առնվազն 2500 կասպիական փոկերի դիեր, հայտնում են Դաղստանի իշխանությունները։ Փոկերի զանգվածային մահվան պատճառը հայտնի չէ, տեղի բնապահպանության նախարարության ենթադրությամբ՝ այն կապված է բնական գործոնների (օրինակ՝ երկարատև փոթորիկների) հետ։
Կասպիական փոկերը հիմնականում սնվում են ձկներով: Նրանք չունեն բնական թշնամիներ և համարվում են Կասպից ծովում ապրող միակ կաթնասունները:
Դեկտեմբերի 3-ին բնապահպանները Կասպից ծովի ափին գտել էին 700 կենդանիների դիեր, սակայն դեկտեմբերի 4-ին այդ թիվը հասել էր 2500-ի՝ դառնալով վերջին 10 տարվա ընթացքում փոկերի անկման ամենազանգվածային դեպքը, հաղորդում է BBC-ն։
Փոկերի մահվան պատճառները կհաստատվեն միայն կենդանիների դիերից վերցված հյուսվածքների ախտաբանական լաբորատոր հետազոտություններից հետո, տեղեկացնում է Դաղստանի բնապահպանության նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Նախնական տվյալներով, կենդանիները մահացել են 2 շաբաթ առաջ, գրում է РИА Новости-ն՝ հղվելով Կասպիական բնապահպանության կենտրոնի տնօրենին։ Ընդ որում, փոկերի վրա բռնության կամ ձկնորսական ցանցերի հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ Интерфакс-ի, կենդանիների ներքին օրգանների հետազոտության արդյունքում ծանր մետաղներով կամ պեստիցիդներով թունավորման նշաններ նույնպես չեն հայտնաբերվել։
Ռուսական լրատվամիջոցներում կենդանիների մահվան մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Ըստ Коммерсант-ի՝ փոկերի մահվան պատճառը տարածաշրջանի երկարատև փոթորիկները կարող են լինել։ Фонтанка.Ру-ն ենթադրում է, որ փոկերը կարող էին մահանալ Կասպից ծովին բնորոշ բնական գազի արտաներտումների պատճառով:
Կասպիական փոկերի ընդհանուր թիվը աշխարհում կազմում է մոտ 270-300 հազար: Ըստ Կասպիական բնապահպանական կենտրոնի, դրանցից 70 հազարը ապրում են Կասպից ծովում: Այս տվյալները հաստատուն չեն․ Դաղստանում քանակական և գիտահետազոտական մոնիթորինգ չի իրականացվում: