Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակությունը անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին: Նոր քաղաքապետ ընտրվեց նրա տեղակալը։
Գործընթացը պաշտոնապես մեկնարկեց դեռ դեկտեմբերի 15-ին, երբ իշխող ուժը հանդես եկավ իմպիչմենտի նախաձեռնությամբ։ Հրապարակային այս հայտարարությանը նախորդեցին իշխանական օղակների հետ փոխկապակցված թերթերի («Հայկական ժամանակի» գլխավորությամբ) կասկածելի մեդիա-արշավը և հանրային տրանսպորտի վարորդների տարօրինակ «գործադուլը»։ Իմպիչմենտի պաշտոնական հիմնավորումները ներկայացվեցին օրեր անց միայն։ Հայտարարվեց, որ «Իմ քայլի» քաղաքապետի նոր թեկնածու է կարգում գործող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
«Իմ քայլի» հայտարարությունից օրեր անց մանդատը վայր դրեցին ավագանու իշխող դաշինքի անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը։ Երիցյանը և նրա գործընկերներից Լուսինե Մխոյանը ահազանգեցին նաև սպառնալիքների և շանտաժի մասին․․․
Ավագանու այսօրվա նիստին՝ նախքան Հրաչյա Սարսգյանին քաղաքապետ ընտրելը, ելույթ ունեցան գրեթե բոլորը։ Իշխող թիմի դիրքորոշումը շատ թե քիչ առարկայական ներկայացրեց «Իմ քայլը» անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանը։ «Իմ քայլը» անդամ Վահե Գևորգյանը (իմպիչմենտին չի միացել) խոսեց անվստահության գործընթացը կասկածի տակ դնող հանգամանքներից։ Ելույթ ունեցավ նաև Հայկ Մարությանը՝ մեղադրելով «Քաղաքացիական պայմանագրին» հեղափոխական արժեքներից շեղվելու համար․․․
Մարատ Թոխյան (միացել է Մարությանին իմպիչմենտ հայնտնելու գործընթացին)․ — Մեր ժողովրդի մեջ այսպիսի մի կարծիք կա՝ թյուր կարծիք, որ քաղաքապետն է միանձնյա ղեկավարում, կառավարում քաղաքը։ Օրենքն ասում է, որ ընտրությունների արդյունքում 50+ տոկոս ստացած քաղաքական ուժի առաջին համարն ավտոմատ դառնում է քաղաքապետ։ Նույն օրենքը նաև լիազորում է ավագանուն վերահսկել, գնահատել քաղաքապետի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում՝ հայտնել նրան անվստահություն։ Ավագանին քաղաքի բարձրագույն իշխանությունն է․ առանց ավագանի չի կարող լինել քաղաքապետ, և շատ կարևոր է, որ քաղաքապետի և ավագանու միջև հարաբերությունները լինեն գործնական․․․ Այսօր դա գոյություն չունի։
Ընտրություններից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցությունը ստացել էր 81 տոկոս քվե, կհիշեք բոլորդ, ընդհանուր այդ հեղափոխական էյֆորիայի տակ խնդիրներ մենք չէինք տեսնում, նոր ծանոթանում կամ ավելի լավ էինք ծանոթանում․․․ Տարաձայնությունները սկսվեցին արդեն 3-4 ամիս անց։
Ավագանու ընդհանուր 87 տոկոս կազմող խմբակցության պահանջով – և այդ պահանջը մի քանի անգամ եղել է – առաջարկվում էր ազատվել ակնհայտ կոռուպցիայի մեջ թաթախված որոշ մարդկանցից։ Երբ «Իմ քայլը» դաշինքը մտավ քաղաքապետարան, առաջին հարցը, որ ուզում էր լուծել, դա՛ էր։ Այդ հարցը լուծում չէր ստանում։ ․․․Քաղաքապետը ուղղակի ակնարկում էր մեզ, թե դա իր պազիցիան է, կադրերով միայն ինքը պետք է զբաղվի, մի քիչ գուցե բառերը լավ չեմ արտահայտում, բայց իմաստը դա էր՝ «ինձ մի խանգարեք»․․․ Դա խնդիր էր ստեղծում։
[Երկրորդ] դեպքը եղավ 2019 թվականի մայսիսին՝ բոլո՛րդ կհիշեք։ Շատ հրատապ կերպով պարոն քաղաքապետը բերեց մի նախագիծ՝ քաղաքապետարանի աշխատակազմի (ընդհանուր մոտ 2 հազար հոգու) աշխատավարձների բարձրացման մասին։ Խոսքը 10-20 տոկոսից մինչև 200 տոկոս բարձրացման մասին էր։ Այդ արատավոր պրակտիկան, երբ շատ քիչ ժամանակ է տրվում թե՛ հանձնաժողովներին, թե՛ ավագանիներին՝ ծանոթանալու, հասկանալու, բերելու իր առաջարկությունները, մինչև օրս էլ շարունակվում էր։ Դա մեծ խնդիր էր։ Որովհետև, իմ կարծիքով, խմբակցության հետ պետք է հարցը քննարկվեր, և խմբակցության մի քանի անդամներ, որոնք հիմնականում զբաղվում էին ֆինանսական հարցերով, պատրաստել էին իրենց այլընտրանքային ծրագիրը․․․ Պարոն քաղաքապետը չընդունեց մեր առարկությունները․․․
[Լարվածությունը շարունակական էր]։ ․․․Առնվազն 7-10 օր առաջ, եղավ մի իրադարձություն, որը, իմ կարծիքով, բոլոր կարմիր գծերը նշեց։ Պարոն քաղաքապետը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը «Իմ քայլը» խմբակցության հետ այլևս կապ չունի և ինքը՝ իր թիմի հետ, առանձին գնում է ընտրությունների։ Սա ինձ համար շատ զարմանալի էր լսել։ Որովհետև շատ անգամ, անգամ անձնական հանդիպումների ժամանակ, նա նշում էր, որ քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում և ցանկություն չունի զբաղվելու․․․
Այս պարագայում իշխող քաղաքական թիմը չի կարող այլևս սատարել կամ հանդուրժել մի գործչի, որը իրեն հայտարարում է հակառակորդ։
Վահե Գևորգյան (չի միացել է Մարությանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին)․ — Ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը։ Առաջինը՝ քանի որ ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից։ Երկրորդը՝ այն գործիքակազմն է՝ շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որը օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար։
Որպես նախաբան ասեմ, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունը արդեն իսկ կասկածի տակ է դրվում․ երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կամ վկայություններ կորզել։ Ինչի մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։
Նրանց միակ մտավախությունը քաղաքապետի աճող և «Քաղաքացիական պայմանագրի» նվազող վարկանիշն է։
Նրանց համար անձնային շահը, կարիերան, պաշտոնը վեր են դասվում հանրային շահից։ Նրանց պնդումները, որ քաղաքապետի հետ ավագանու և կառավարության կապը խզվել է․․․ Այս հակահեղափոխական պրոցեսից ու շանտաժային գործիքակազմից պարզ է դառնում, թե ինչու։ Նրանք մոռանում են ասել, որ իրե՛նց կապն է խզվել՝ թե՛ հեղափոխական արժեքների, թե՛ հեղափոխության հետ։
Չունենալով ոչ մի փաստ՝ ՔՊ-ին պատկանող ՀԺ լրատվական կայքը պարզագույն դեղին մամուլի ոճով կազմակերպում է ծիծաղ առաջացնող ցեխշպրտոցի․․․ Հանրային հեռուստաընկերությունը կա՛մ արհամարհել, կա՛մ սպասարկել է կուսակցական շահերը՝ սևացնելով քաղաքապետին։
Հարգելի ավագանու անդամներ, դուք՝ որպես հեղափոխական դաշինքի ներկայացուցիչներ, անգամ եթե տարբեր պատճառներով կողմ եք քաղաքապետի փոփոխությանը, միևնույնն է պետք է հասկանաք՝ այս գործիքակազմը, շանտաժն ու սպառնալիքը անթույլատրելի են․․․ Դուք մերժել եք 2018-ին այն արժեհամակարգը, որով առաջ է տարվում այս պրոցեսը․․․ Մերժե՛ք նաև հիմա։
Հայկ Մարության (ենթարկվել է իմպիչմենտի). — Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը Երևանի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել։ Կարծես թե, այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի․ օրինակ՝ բյուջեի խոշոր չափի հափշտակում։ Ներկայացվող հիմնական պատճառը, սակայն, լրիվ այլ է։ Ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, պետք է լքեմ այս պաշտոնը։
2018 թվականին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց։ Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին․․․ Ստեղծվեց հեղափոխական «Իմ Քայլը» դաշինքը․․․ Ավագանու կազմում «Իմ Քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 30 անդամ այլ կուսակցականներ էին ներկայացնում կամ անկուսակցականներ էին։
Ժողովուրդը իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, ժողովուրդը իր ձայնը տվեց «Իմ Քայլը» դաշինքին՝ հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։ Հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո․․․
Նախաձեռնող խումբը, որպես անվստահության հիմք, ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Իմ քայլը» դաշինքից, ես չեմ կարող լինել քաղաքապետ։ Սիրելի քաղաքացիներ, պաշտոնապես ասում եմ, ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է։
Իրենց փաստարկներում, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց համար․․․ Ով ՔՊ-ից չէ՝ դեմ է հեղափոխությունը և սատարում է հակահեղափոխական ուժերին․ սա՛ է ՔՊ-ականների թեզը։
Նախաձեռնության հեղինակները ասում են, որ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք՝ ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։
2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել և հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1,5 մլն դրամ են ստանում՝ հարկերը հանած, փոխնախարարները՝ 1մլն դրամ․․․ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Ես խոսում եմ հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած անձանց մասին։ Սա այն դեպքում, երբ երկրում աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։
Ես այդպիսի զանգեր չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։ Ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը․․․ Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից գումար է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը։
Ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019 թվականին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Mercedes-ը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե։ Այս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Nisan եմ քշում, ինքս եմ վարում։ Թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա։ Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Սա հերոսություն չէ՝ սա նորման է․․․
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ մեր գործընկերները չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից։
Անցած տարի՝ նոյեմբերի 9-ից հետո, սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա։ Դեկտեմբերի 7-ին նոր ներկայացրեցի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել և ասել՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու ոչ մի դեպքում։ Դուք խոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար լինի․․․
Նախաձեռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը բավարար չեն։ Այս 3 տարվա ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որի արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որի արդյունքում 10 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Վստահաբար ասում եմ՝ քիչ կգտնեք գերատեսչություններ, որ իրենց համակարգի ներսում եղած կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ ավելի շատ նյութեր ունենան ուղարկած իրավապահներին․․․
Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ։ Այո, կորցրել եմ։
Անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8 ու 6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար, որը կայացել էր և պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեինք գնման համար։ Դա 2021 թվականի փետրվարն էր։ Ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել, ավագանին պետք է ընդամենը ընդամենը և քվեարկեր․․․ [Ինչպես վերջին օրերին գրում էին ավագանու որոշ անդամներ՝ «Իմ քայլը» ուղղակի փորձել է սաբոտաժի ենթարկել սա, տապալել նիստը]․․․ Որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր և անկախ անդամների ներկայության շնորհիվ․․․ Այս մարդիկ փաստացի ուզում էին 1մլն-անոց քաղաքը թողնեին առանց ավտոբուսների, որ ասեն՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։
Ինչ ցածր մեթոդներով են այս մարդիկ իրականացնում իմպիչմենտի գործընթացը։ Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր են տարածում՝ իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել։ Բայց չեն նշում, որ օրինականացրել եմ կառավարության 912 N որոշման հիման վրա, որի դեմ մենք 3 տարի է պայքարում ենք։ Այս նույն որոշմամբ, օրինականացվում են իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները։ Այնուհետև սկսեցին գործի դնել շանտաժը։ Ավագանու մի շարք անդամներին ստիպել են ստորագրել իմ անվստահության որոշման տակ՝ հին ու բարի մեթոդներով։
Ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության և երևանցու քվեի հանդեպ։
44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայների հարաբերակցության փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի