Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը: Քիչ անց ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին հայտարարել է, որ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Նախաձեռնությանը միացած ավագանիների թիվը անցնում է չորս տասնյակը։ Գործընթացին նաև ընդդիմադիրներն են միացել․ ստորագրողների շարքում են «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 5 անդամներից 4-ը․․․
Քիչ առաջ՝ ավելի քան մեկ օր լռությունից հետո, իշխող «Իմ քայլը» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է քաղաքապետին պաշտոնանկ անելու պատճառները։
«Հաշվի առնելով, որ՝
1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ:
2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում:
3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը:
4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները:
5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը:
6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:
«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:
Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում», – ասված է հայտարարությունում։
«Իմ քայլի» ղեկավար Արմեն Գալջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Մարությանի` մեկ տարի առաջ կուսակցությունից հեռանալուց հետո քաղաքական ճգնաժամ է ստեղծվել։ Այս գործընթացն, ըստ նրա, պայմանավորված է այդ ճգնաժամը լուծելու ցանկությամբ:
«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ․․․ Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել», – հայտարարել է Գալջյանը։
Հայկ Մարությանի մամուլի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքապետը հրաժարական տալու մտադրություն ու պատճառ չունի։ Մարությանը ֆեյսբուքի իր էջում երևանցիներին շնորհակալություն էր հայտնել «արձագանքի և ջերմ խոսքերի համար» և տեղեկացրել, որ «ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը»։