Երևան ավագանու անդամների վրա գործադրված ճնշումների առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին։
«Կարծում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «Իմ քայլը» խմբակցության մի շարք ավագանու անդամների վրա ճնշումներում առկա է քրեական օրենգրքի 311.2 հոդվածով (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը) նախատեսված հանցակազմ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
«Իմ քայլը» սպառնում է «որոշումներին դեմ գնացողներին»
Ավագանու այսօրվա տապալված նիստից հետո արդեն նախկին ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը հայտնել է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը շանտաժի է ենթարկել իրեն՝ ստիպելով վայր դնել մանդատը։
«Ինձ հստակ ասվեց՝ երեք տարիների այն աշխատանքը, որ դու կատարել ես, մեկ օրում ջուրը կգնա։ Խմբակցության ղեկավարը մեր վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է ընտրես՝ կամ քաղաքի համար արված քո աշխատանքը, կամ այս մանդատը», – լրագրողների հետ զրույցում նշել է Երիցյանը։
Խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը, ըստ Երիցյանի, փոխանցել է իրեն՝ եթե վայր չդնես մանդատը, կսառեցնեն քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» բյուջետային ֆինասավորումը:
Նախկին ավագանու խոսքով՝ իշխող խմբակցությանը պետք էր մեկը, ով կփոխարինի իրեն և դեմ կքվերակի Մարությանին։ Ինքը՝ ավագանու արդեն նախկին անդամը, ավելի վաղ իր աջակցությունն է հայտնել գործող քաղաքապետին և ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից։
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը չի հերքել, որ նման խոսակցություններ են եղել, բայցև հավաստիացրել է՝ ճնշումների չեն դիմել, «ուղղակի ասել են, որ թիմի որոշումներին դեմ գնալը չի բխում նաև երևանցիների շահերից»։
Երիցյանը նշել է նաև, որ խմբակցության նիստին կարծիք է հնչել, որ պետությունը կկրճատի Երևանի սուբվենցիաները, եթե Մարությանը մնա․
«Վերջին մեկ տարվա ընթացքում պետությունը կտրել է լուսավորության գումարը, ասֆալտապատման գումարը, այսինքն այդ բոլոր սուբվենցիաները կրճատվել են, որ այսօր ասվի, թե քաղաքապետը, գիտեք, լավ չի աշխատում․․․»։
Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ավելի ուշ հայտարարել է, թե Երիցյանը կոնտեքստից կտրել է խմբակցության քննարկմանը հնչած խոսքերը։
«Պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ծանր տնտեսական վիճակով պայմանավորված՝ պետբյուջեի որոշ հոդվածներով կրճատումներ են եղել, այդ թվում նաև ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների մասով։ Եվ եթե ՏԻՄ ղեկավարը լավ հարաբերություններ չունի կառավարության հետ, նա չի կարող արդյունավետ կերպով բանակցել, ներկայացնել խնդիրների խորությունը, որոնց հիմա կառավարությունը անհրաժեշտ կհամարի առաջնահերթ միջոցներ տրամադրել», – ասել է Գալջյանը։
Վերջինս ըստ էության չի հերքել նաև ավագանու անդամ Լուսինե Մխոյանի մեղադրանքները։
Մխոյանը հայտարարել է, որ իրեն փորձել են շանտաժի ենթարկել՝ հիշեցնելով հղիության և քովիդով պայմանավորված բացակայությունները, սպառնացել են, որ բացակայությունների հիմքով իրեն կհանեն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակությունը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։ Նախաձեռնությանը միացած ավագանիների թիվը անցնում է չորս տասնյակը, նրանց շարքում են նաև «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 5 անդամներից 4-ը։
Իշխող խմբակցությունը որոշումը հիմնավորել է նրանով, որ երևանցիները «Իմ քայլին» են ընտրել, ոչ թե անձամբ Հայկ Մարությանին, պատերազմից հետո քաղաքապետը լքել է ՔՊ-ն և խզել կապերը «Իմ քայլի» հետ, քաղաքական ճգնաժամ է ձևավորվել, «մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել՝ չի հաջողվել»․․․ Դաշինքի տարածած հայտարարության մեջ հիշատակվում է նաև, որ քաղաքապետը «բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները»:
Երևանի նոր քաղաքապետի պաշտոնում իշխող ուժը առաջադրել է գործող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Մարությանին անվտահություն կհայտնեն վաղը՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում։