Home / Բնապահպանություն / Լիդիանին գնահատական տալն արժի 1․2 միլիոն դրամ․ բնապահպանին դատեցին

Լիդիանին գնահատական տալն արժի 1․2 միլիոն դրամ․ բնապահպանին դատեցին

Ես Վայոց Ձոր մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ եմ, բնապահպան-լրագրող, որը շուրջ 10 տարի լուսաբանել է Ամուլսարի խնդիրը, ունեմ տասնյակ նկարահանած տեսանյութեր խնդրի վերաբերյալ, վավերագրական հետաքննական ֆիլմ՝ «Ամուլսար-Ամուրսար» անվանումով: Որպես ազդակիր համայնքի բնակիչ՝ հանդիսանում եմ 7 տարի ընթացող Ամուլսարի գործով հայցվոր ՀՀ Վարչական դատարանում: Ինչպես նաև «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահն եմ։

Լիդիան Արմենիա ՓԲԸ դատական հայց էր ներկայացրել իմ դեմ և պահանջում էր 1 300 000 դրամ գումար իբրև թե գործարար և բարի համբավն արատավորելու համար:

Նախապատմություն

Ձեռքիս լուսանկարները 2017-2018 թվականին Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի գործունեության կոնկրետ ապացույցներ են: Այս մասին խոսել եմ 2019 թվականի օգոստոսի 24-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր․ 60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում: Գնդեվազի իմ տնից 1 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն պայթեցնում էր, որի հետևանքով այգիները պատվել էին փոշով: Իսկ մյուս լուսանկարում 2018 թվականի մայիսին Գնդեվազ գյուղի խմելու ջրի խողովակներից հոսող ջուրն է, որը վնասվել է ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Սա այն ջուրն է, որից պետք է օգտվեին բնակիչները, տային իրենց երեխաներին, անասուններին, օգտագործեին կենցաղային նպատակներով:

Լիդիան Արմենիա ՓԲԸ-ը սեփական մեղքն ընդունել էր ու գյուղի բնակչությանը պլաստմասե տարարներով ջուր էր մատակարարում: Սոցիոլոգիական հետազոտության մեջ, Ամուլսար ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագիծ Հայաստան, զեկույցում  գրված է, որ ջրի վնասված խողովակաշարերի վերանորոգման ընթացքում բնակիչներին երկու օր շշերով «մաքուր ջուր է մատակարարվել»:

Շինարարության ընթացքում արդեն իսկ նյութական և կենսական վնասը տեսնելով՝ հարյուրավոր բնակիչներ հասկացան, որ այլևս հնարավոր չէ թույլ տալ հանքարդյունաբերական գործունեություն Ջերմուկ համայնքի տարածքում և 2018 թվականի ամռանը փակեցին դեպի սար տանող հողային ճանապարհները։

Ծրագրի դեմ բողոքի 51-րդ օրը՝ հանրահավաքին նախորդել էր Համերաշխության ավտոերթ, որին մասնակցել են շուրջ 100 մեքենա Ջերմուկից, Կեչուտից, Գնդեվազից: Համերաշխության ակցիայի մասնակիցների խոսքերով միջոցառումը նպատակ է ունեցել Լիդիան Արմենիայի աշխատակիցների կողմից հրահրված կոնֆլիկտները չեզոքացնելուն և համերաշխության կոչեր հնչեցնելուն: Համերաշխության երթին հաջորդած հանրահավաքին 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի խոսքում 9:10 րոպեից հստակ մատնանշվում է, թե երթի նախօրեին ինչպես են Լիդիան Արմենիա ՓԲԸ աշխատակիցները կոնֆլիկտ հրահրել բնակչության միջև:

Հանրահավաքի ժամանակ ելույթս է եղել. «Ողջույն…ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները…

.․. ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»

Այս բառերն, ըստ Հայաստանի «արդար» դատական համակարգի վճռի, արժեն 1 224 000 դրամ, այսինքն, եթե եղելությանը դատողական գնահատական ես տալիս, ապա պետք է ընկերությանը վճարես 1 224 000 դրամ գումար:

Ողջունել եմ այն մարդկանց, ովքեր կանգնեցրին անօրինականությունը, որովհետև բնության և մարդկության նկատմամբ նման գործողությունն ինձ համար չունի այլ որակում, քան հանցագործություն: Եթե երկրիդ կառավարությունը և իրավապահ մարմինները եղելությանը չեն տալիս իրավական գնահատական, դա դեռ չի նշանակում, որ կատարվածը հանցագործություն չէ: Եթե դատական համակարգը լցված է արդարադատության շահերից չբխող ակտերով, դա դեռ չի նշանակում, որ սույն դատական ակտն իրավաչափ է:

Հանրահավաքում ելույթիս մյուս հատվածը վերաբերվում էր միջհամայնքային, ներհամայնքային և միջպետական վեճերին, որոնք հրահրվել են ընկերության կողմից: Դրանք արտացոլված են 2011 թվականի նոյեմբեր ամսին Ջերմուկ քաղաքում Լիդիան ընկերության, ջերմուկցիների ու գնդեվազցիների հետ հանդիպման ժամանակ, որտեղ ընկերության տնօրենը հրահանգում էր իր իսկ թիմակցին, որ «ըստեղ կռիվ-մռիվ չսարքի», այսինքն՝ ջերմուկցիների, գնդեվազցիների ու ընկերության աշխատակիցների միջև հանրային՝ տեսախցիկների ներքո կոնֆլիկտ չսարքի:

2018 թվականի մայիսի 23-ին Գորայք գյուղի բնակիչները, ովքեր ունեին Ամուլսարի շահագործմանը կողմ դիրքորոշում, ի պատասխան ջերմուկցիների բողոքների՝ փակեցին Ջերմուկ-Վայք մայրուղին, պահանջում էին բացել Ամուլսար տանող ճանապարհները:

2018 թվականի հուլիսին արդեն մամուլում և սոցիալական ցանցերում գրվում էր Հայաստանի կառավարությանը միջազգային արբիտրաժում դատի տալու՝ Լիդիանի մտադրության մասին։ Մամուլում շրջանառվում էին փոխհատուցման պահանջի տարբեր թվեր՝ 700 մլն-ից մինչև 2 մլրդ դոլար։ Ակնհայտ էր, որ հասունանում էր նաև իրավական վեճ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև: Քանի որ Լիդիանը բազմիցս ընդգծել է իր օտարերկրյա ծագումը, ես դիտարկել եմ Հայաստանին միջազգային արբիտրաժում դատի տալու հայտարարությունները, ինչպես նաև օտարերկրյա դեսպանությունների կողմից Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ակտիվ պաշտպանությունը որպես միջպետական վեճի հասունացում։

2018 թ. օգոստոսի 12-ին Ջերմուկի ըմպելասրահում կայացած հանրահավաքում նպատակ եմ ունեցել այս խնդիրների մասին բարձրաձայնել, կանխազգալով, որ մի օր այս վեճերը վերածվելու են իրական բախման, ինչը չուշացավ:

Արդեն 2018 թվականի օգոստոսի 27-ին, ընկերության աշխատակիցները, նրանց թվում տարբեր համայնքների քաղաքացիներ՝ եկան ու ստիպողաբար փորձեցին մտնել Ամուլսարի տարածք, ինչին հաջորդեց սարսափելի բախում Ամուլսարի պահապանների միջև:

2018 թվականի օգոստոսի 27-ի այս դրվագից հետո ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվեցին տասնյակ քրեական գործեր ընդդեմ բնակիչների, նրանցից ոմանց սպառնում է 3-5 տարի ազատազրկում: Այնպես որ միջհամայնքային կամ ներհամայնքային վեճը (ով գիտի, միգուցե նաև միջպետականը) մեղմ բնորոշում է այն իրավիճակի համար, որ ստեղծվել է ու շարունակվում է պահպանվել Վայոց Ձորի մարզում:

Անդրադառնանք դատարաններին

Վեդիի դատարանը ապացույցների բաշխման ժամանակ ընկերության վրա դրեց իր բարի և գործարար համբավը ապացուցելու պարտավորությունը, որից հետո պետք է քննարկվեր, թե արդյոք ես զրպարտել եմ և վնաս հասցրել գործարար համբավին: Մի քանի ամիս անց այս դատավորը տեղափոխվեց Երևան, գործն էլ հանձնվեց Վայոց Ձորի մարզի Վայքի առաջին ատյանի դատավոր Հ. Դարբինյանին:

Գործի քննության արդյունքում Վայքի դատարանը 15․12․2021թ․ վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցրել է հերքել վերը առանձնացված զրպարտություն համարվող տվյալները։ Դատարանը հանցագործ բառը որպես վիրավորանք գնահատելու մասով գտել էր, որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։ Ուստի բարոյական վնասի դրամական հատուցման մասով պահանջները մերժվել են։

Վերաքննիչ դատարանը 22․07․2022թ․ որոշմամբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել ստորադաս դատարանի վճիռը և փոփոխել այն, հայցը բավարարել է ամբողջությամբ․ պարտավորեցրել է ինձ հրապարակայնորեն հերքել հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 500 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 500 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց նյութական փոխհատուցման գումար:

Վերաքննիչ դատարանը նաև դատական ծախսերի հատուցման պարտականություն է դրել՝ ներառյալ 24․000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 200․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Իսկ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է: Գործը քննող ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավորներն են՝ Մ.Հարթենյան, Գ. Թորոսյան, Դ. Սերոբյան: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը 09․12․2022թ․ որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի նորմերի խախտումներ, որը խախտել են արդարադատության էությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է օրինական ուժ։ Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներն էլ մերժել են իմ բողոքը. Մամիկոն Դրմեյան, Արսեն Մկրտչյան, Սուրեն Անտոնյան, Արտակ Բարսեղյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան, Էդգար Սեդրակյան, Տիգրան Պետրոսյան

Նշենք նաև, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը համարել է. «Թեհմինե Ենոքյանն այդ դատողությունները հիմնավորել է նրանով, որ ընկերության անօրինական գործունեության վերաբերյալ առկա են բազմաթիվ տեղեկատվական նյութեր սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ www.google.com-ում, որի հետ հնարավոր չէ չհամաձայնվել։ Հայտնի է նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության առնչությամբ հարուցվել է քրեական գործ բնապահպանական խնդիրների հիմքով, որի քննությունը շարունակվում է»:

Ավելին, դատարանների կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվել, երբ Լիդիանի աշխատողներից Հովսեփ Ասոյանը զրպարտել էր ինձ, Անի Խաչատրյանին և Լևոն Գալստյանին, դատարանը մասամբ բավարարեց հայցվորների պահանջը՝ այսինքն` 150-200 հազար դրամով, այն էլ փաստաբանի ծախս միայն: Փաստորեն, ընկերության աշխատակցի կողմից մեր պատվին և արժանապատվությանը հասցված վնասն արժե 150-200 000 դրամ, իսկ ընկերության բարի և գործարար համբավն «արատավորելն» արժի 1 224 000 դրամ: Ի դեպ, 20 քաղաքացիական գործերի մեջ եղել են նաև երկու պատգամավորներ, օրինակ, Սերգեյ Բագրատյանի նկատմամբ դատարանը վճռել է վճարվելիք գումարը գնահատել էր 0 դրամ: Փաստորեն, Հայաստանում պատգամավորները ստանում են շուրջ 800 000 դրամ աշխատավարձ, վնասի հատուցման պահանջը եղել է 0 դրամ, իսկ իմ պարագայում 1 224 000 դրամ, երբ ընդհանրապես չեն էլ ճշտել իմ գույքային կարգավիճակը:

Ուրեմն ի՞նչ՝ աչք փակե՞նք ու համարե՞նք, որ Լիդիան Արմենիա ընկերությունը անարատ ընկերություն է, ոչ մի վեճ չի հրահրել համայնքներում, չկան քրեական գործեր ընդդեմ ջերմուկցիների, չկան բողոքի ակցիաներ, չեն եղել արբիտրաժային դատարանով Հայաստանին սպառնալու հայտարարություններ:

Փաստաբաններիս մի խումբը հիմա գրում է հայց ՄԻԵԴ, մյուս խումբը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան, իսկ մինչ այդ ես ստիպված եմ դատարանի վճռի համապատասխան հերքել և վճարել ընկերությանը համապատասխան գումարը, որը, համոզված եմ, վերադարձվելու է: Ես ստիպված եմ այս գործողություններն իրականացնել, որպեսզի ԴԱՀԿ-ի կողմից հաշիվներիս վրա չդրվի արգելանք կամ գույքի առգրավվում:

Հայաստանում արդարադատություն գտնել թերևս դժվար է, բայց ՄԻԵԴ-ում նման վեճերը կոնկրետ արժեք ունեն: Իսկ մինչ այդ ստիպված եմ վճարել դատավորների անարդար և կողմնակալ վճիռների համար:

Թեհմինե Ենոքյան